Հարգելի՛ քաղաքացիներ, մենք ձեզ չենք հարգում

Մեր երկրի տոնացույցը չի դադարում ուրախացնել մեզ ոչ աշխատանքային օրերով: Այսօր էլ, ահա, բոլորս տանն ենք: Շատերի օրն է այսօր, թերևս, սկսվել նման երկխոսությամբ. «Ինչպե՞ս, երեխային մանկապարտեզ չե՞ք տանում»: «Այսօր ոչ աշխատանքային օր է»: «Ի՞նչ օր է»: Եվ ընտանիքի քաղաքականապես հասուն անդամները փայլում են. «Այսօր Սահմանադրության օրն է»: «Էէէէէէէէ~…»:

Իսկ եթերից արդեն հնչում է երկրի նախագահի ուղերձը` «հարգելի հայրենակիցներին»: Տեքստի բովանդակությունը վերաշարադրելու կարիք չկա. բոլորը գիտեն` որքան կարևոր է Սահմանադրությունը: Հատկապես, եթե այն աշխատում է:

Ուղերձի ընթացքում ընտանիքի որոշ անդամներ կարող են հնչեցնել ոչ ակտուալ մի հարց` ինչո՞ւ է Սահմանադրությունը շնորհավորում մի մարդ, ով նախագահական ընտրությունների օրը խախտեց այն: Սակայն նման եզրակացություններ կարելի է անել այն դեպքում, եթե Սահմանադրությունը կարդում ենք տառացիորեն, մակերեսային: Սա ձեզ համար «Օլիմպիական Հայաստան» գիրքը չէ (հեղինակ` Գագիկ Ծառուկյան), ուր ամեն ինչ այնքան միանշանակ է: Այո՛, Սահմանադրության մեջ գրված է՝ «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Կամ` «Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների կեսից ավելին»:

Իրականում` Սահմանադրությունը` ինչպես Աստվածաշունչը, տարբեր ինտերպրետացիաներ ունի: Եթե «ժողովուրդ» ոչինչ չասող բառը փոխարինենք «նախագահ»-ով, ամեն ինչ կընկնի իր տեղը` «Մեր երկրում իշխանությունը պատկանում է նախագահին»:

Հետո արդեն` նախագահի կողմից ընտրվում են մյուսները: Այդ մյուսներին նախագահը կարող է հրապարակային դիտողություն անել, զայրանալ, «դու»-ով դիմել: Մյուսների սահմանադրական պարտականությունն է` հասցնել գրառել նախագահի մտքերը և ամաչել…
Իսկ իրականում` մեր երկրում լեգիտիմության խնդիր կա: Եվ այդ խնդիրն ունի անգամ երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը:

Մեր երկրի նախագահներն ապավինում են Սահմանադրության տառին՝ այն առումով, որ նույնությամբ կրկնում են Սահմանադրության կենսագրությունը: Քվեարկելու իրավունք ունեցողների մեծամասնությունը Սահմանադրությանը, ապա նաև` Սահմանադրության բարեփոխված տարբերակին դեմ է քվեարկել, իսկ Սահմանադրությունն ընդունվել է:

Խնդիրն ամենևին Սահմանադրության բովանդակությունը չէ: Սահմանադրությունից թե՛ հայերս, թե՛ ամերիկացիներն ու եվրոպացիները, լավագույն դեպքում, բերանացի հիշում ենք մի քանի տող` իշխանությունը պատկանում է ժողովրդին, մարդն ունի ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունք: Մյուս կետերն արդեն հիշելու համար պիտի ձեռքդ առնես բարալիկ այդ բրոշյուրը:
Թվում է` այնքան էլ անհետաքրքիր գրքույկ չէ, շատ ճշմարտություններ կան: Սակայն ինչո՞ւ է ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի պատմությունն այդքան անառողջ:

ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` հանրաքվեի միջոցով: 2003թ. փորձ արվեց Սահմանադրությունը ներկայացնել նոր` բարեփոխված տարբերակով: Սակայն հանրաքվեն տապալվել է:

Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի` սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է քաղաքացիների ընդհանուր թվի մեկ երրորդի հավանությունը: Սակայն հանրաքվեն տապալվեց, քանի որ հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51, 9 տոկոսը. մասնակցած 1. 215.908 ընտրողից «կողմ» էր քվեարկել 559.687 ընտրող, «դեմ»` 552 257 ընտրող:
2005 թ. նոյեմբերի 27-ին հանրաքվեի ներկայացվեց, ասենք այսպես, բարեփոխված տարբերակը:

Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների` սահմանադրական բարեփոխումների հանրահավաքին մասնակցել է ընտրողների (2.317.462) 65,3 տոկոսը` 1.514.545 քաղաքացի, որոնցից  1.411.711-ն «այո» է ասել Սահմանադրական բարեփոխումներին: Այսինքն` հանրաքվեն տեղի է ունեցել:
Իրականությունը լրիվ այլ է: Եվ այս դեպքում էական է հասկանալ, թե ինչո՞ւ են ընտրողները բոյկոտել կամ «ոչ» ասել բարեփոխված Սահմանադրությանը:

Ընտրողները «ոչ» են ասել այն Սահմանադրությանը, որը գուցեև ամենալավն է աշխարհում, սակայն որը մեր երկրում չի աշխատում: Այսինքն` իրենց բոյկոտով կամ «ոչ»-ով ՀՀ քաղաքացիները պարզապես արձանագրել են, որ մեր երկրում Սահմանադրություն չկա:

Վտանգն այն է, որ մերժելով Սահմանադրության գոյությունը, ոմանք ավտոմատ սկսում են չհավատալ նաև Վեհամոր Ավետարանին…

Տեսանյութեր

Լրահոս