Հովիկ Աբրահամյան. Ոչ մի սլաքներ չկային իմ դեմ
«Եղել է հաշվետվություն, ես իմ տպավորություններն ուղղել եմ ՎՊ նախագահին, հետո ունեցել եմ ամփոփիչ ելույթ խմբակցության անունից ու հստակ տվել եմ գնահատականներ»,- ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ՎՊ տարեկան հաշվետվության ժամանակ իր կողմից հնչեցրած կոշտ գնահատականներին:
«Մենք քննադատելու ենք յուրաքանչյուր թերացում՝ սա մեր սուրբ պարտականությունն է: Պարզապես քննադատությունները պետք է լինեն հիմնավոր: Դրա համար, եթե հիշում եք, ես իմ ելույթում ասացի, որ ՎՊ-ն պարտավոր է հիմնավոր ներկայացնել, եթե կան թերություններ, խախտումներ: Դրա համար առաջարկել եմ ձևաչափ, որ մինչև ԱԺ ներկայացնելը պատկան մարմինների հետ քննարկեն այդ հավետվությունը»,- հավելեց նա:
Հարցին, թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին որևէ պատիժ սպասվո՞ւմ է իր հայտարարությունների համար, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես որևէ նման բան չեմ լսել: Նման բան կուսակցությունը չի քննարկել»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվետվության քննարկման ժամանակ «թալան» բառն առաջինը Հովիկ Աբրահամյանն էր հնչեցրել, լրագրողները հետաքրքրվեցին, թե ԳՄ այսօրվա նիստում սլաքները իր դե՞մ էին ուղղված: Սակայն Հովիկ Աբրահամյանը հերքեց՝ ասելով. «Ոչ մի սլաքներ չկային իմ դեմ: Եղել է հաշվետվություն, ես հայտնել եմ իմ տպավորությունները, հետո եղել է քննարկում: Ես ասել եմ, որ այն, ինչ հաշվետվության մեջ կա, ոչ բոլորն է համապատասխանում իրականությանը: Դրա համար առաջարկել եմ աշխատանքի ձևաչափ՝ կրկնում եմ: Ես ասել եմ իմ տպավորությունը»:
168.am-ը հետաքրքրվեց, որ որևէ մեկի հասցեին մեղադրանքներ այսօր չեն հնչե՞լ ԳՄ նիստում, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ոչ: Որևէ մեկի հարց չի քննարկվել: Որևէ մեկի հասցեին դժգոհություն չեն հայտնել»:
Նրա խոսքով, խորհրդարանում եղան մարդիկ, այդ թվում ինքը, ովքեր գնահատականներ հնչեցրին հաշվետվության հասցեին, որոնք ապագայում, նրա համոզմամբ, անհիմն համարվեցին.
«Դրա համար նման դեպքերից զերծ մնալու համար հարկավոր է մինչև հաշվետվություն ներկայացնելը հիմանավորել՝ իրականությանը իրոք համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Նույնիսկ Հանրապետության նախագահը առաջարկեց, որ քննարկենք, ՎՊ օրենքում փոփոխություններ մտցնենք՝ հստակեցնենք գործառույթները»:
Ճշտող հարցին, թե ՎՊ գործառույթներն այսօր ավելի՞ն են, պետք է նվազեցնե՞լ դրանք, նա պատասխանեց, թե չգիտե՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը.
«Կյանքը ցույց կտա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել ՎՊ հաշետվության բովանդակությունից, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մինչ ԱԺ-ում հաշվետվության քննարկումը՝ այն ուղարկվում է Սերժ Սարգսյանին. «Դե եթե ուղարկել է, չեմ կարծում, որ նախագահի համար պետք է անակնկալ լիներ»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրանում է Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը, լրագրողները հետաքրքրվեցին, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ տրամադրվածություն ունի՝ երկրորդ անգամ Իշխան Զաքարյանը պաշտոնավարելո՞ւ է, թե՞ ոչ: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշեց, թե իր ցանկությունների մասին նախագահը դեռ չի հայտնել՝ դեռ ժամանակ կա: