Սկանդալ Ազգային Ժողովում
Այսօր, ըստ «Փաստինֆոյի»՝ իր աշխատանքն ավարտեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորիշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով անցկացված համաեվրոպական խորհրդաժողովը:
Խորհրդաժողովին մասնակից 32 երկրների և միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներն առանց առարկության ընդունեցին հուշագիր, որում, մասնավորապես, նշված է, որ խորհրդաժողովը բարձր է գնահատում այս կարևոր և արդյունավետ միջոցառման կազմակերպման հարցում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունը:
Խորհրդաժողովը նաև կոչ է անում Վենետիկի հանձնաժողովին՝ հաշվի առնել քննարկված խնդիրները և առաջ քաշված լուծումները՝ «Իրավունքի գերակայության հարցացանկի» ուղղությամբ տարվող աշխատանքում:
Հարկ է նշել, որ երկօրյա մասնագիտական քննարկումների ավարտին տեղի ունեցավ մի տհաճ միջադեպ: Խորհրդաժողովի վերջին ելույթը Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուինն էր: Զեկույցի թեման էր «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում»:
Սակայն, ըստ կայքի՝ տիկինը, ով ներկայացավ որպես Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպան, իր զեկույցի գերակշիռ մասը նվիրել էր ղարաբաղյան հակամարտությանը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ երկու տասնամյակների ընթացքում իրականացվող «ագրեսիա»:
Մոլդովայի ներկայացուցիչը բավականին մեծ ոգևորությամբ ներկայացնում էր սովորաբար բոլոր միջազգային ամբիոններից պաշտոնական Բաքվի և ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչների կողմից խեղաթյուրված «տվյալները»՝ «մեկ միլիոն փախստականների, օկուպացված տարածքների վերաբնակեցման փորձերի, ահռելի մարդկային կորուստների, Խոջալուի ցեղասպանության» և այլնի մասին: Տիկնոջ զեկույցում որևէ ակնարկ անգամ չկար այս հակամարտության մյուս կողմի իրավունքների խախտման մասին:
Աուրելիա Գրիգորիուն իր զեկույցում հպանցիկ անդրադարձ ուներ ռուս-վրացական, ինչպես նաև Մոլդովային անմիջականորեն առնչվող մերձդնեստրյան հակամարտություններին: Ժամանակի սղության պատճառով նա չհասցրեց նույնիսկ ներկայացնել իր երկրում կալանավայրերի անմխիթար վիճակը, ինչի մասին փորձ արեց խոսել իր ելույթի վերջում:
Նրա ելույթը դահլիճը լսեց առանց որևէ միջամտության, որոշ պատվիրակներ նրան ծափահարեցին, սակայն ելույթին, իհարկե, արձագանք եղավ:
Առաջինը դժգոհեց Վրաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալը՝ պահանջելով զեկուցողից ներկայացնել այն աղբյուրները, որից նա օգտվել է ռուս-վրացական հակամարտության մասին ոչ լիարժեք և խեղաթյուրված տվյալներ հրապարակելիս:
Ռուսաստանի արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն էլ իր հերթին հարցրեց զեկուցողին, թե որքանով է կոռեկտ քննարկել «սառեցված հակամարտությունների» այդ թվում նաև ռուս-վրացական, տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված բարդագույն հարցեր գիտական խորհրդաժողովում այն դեպքում, երբ համապատասխան գործեր ներկայումս գտնվում են ՄԻԵԴ-ում, իսկ դահլիճում ներկա են նաև այդ դատարանի դատավորներ:
Արցախի արդարադատության նախարարն էլ, դիմելով «Աուրելիա խանումին», ևս ընդգծեց, որ ներկայացվածը խեղաթյուրված տվյալներ են և հրավիրեց մասնակիցներին Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և համոզվելու, թե որքանով են պաշտպանված մարդու իրավունքները: «Կարծում եմ, կոռեկտ չէ այս բարձր ամբիոնը օգտագործել մարդկանց թյուրիմացության մեջ գցելու համար, հատկապես, որ խորհրդաժողովի թեման որևէ առնչություն չունի քաղաքական հարցերի հետ»,-նշեց նա:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ևս անընդունելի համարեց այն, որ նման բարձր մակարդակի միջոցառման ամբիոնն ու հեղինակությունը օգտագործվում է միանշանակ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալների պրոպագանդման համար: Նա նշեց նաև, որ չգիտի թե ում պատվերն է կատարվում, բայց, իհարկե, հասկանում է, որ կատարողները պետք է անպայման ձայնագրեն ելույթը՝ այն պատվիրատուին ներկայացնելու և, երևի, շնորհակալության արժանանալու համար: Ի դեպ՝ Ա. Գրիգորիուն ձայնագրում էր իր ելույթը:
Լիտվայի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, թե ՄԻՊ հանրության անունից ցանկանում է ափսոսանք հայտնել, որ խորհրդաժողովի թեմային չառընչվող զեկույց ներկայացվեց: Նա ընդգծեց, որ ակնկալում էր լսել ավելի շուտ Մոլդովային վերաբերող հակամարտության խնդիրների մասին: Ըստ նրա, խորհրդաժողովը այն վայրը չէ, որտեղ պետք է քննարկվեն քաղաքական հարցեր և հատկապես այն խնդիրները, որոնց վերաբերյալ արտահայտվում է դրանց չառնչվող երկրի ՄԻՊ-ը:
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ խորհրդաժողովի ամփոփումից առաջ չի կարող չանդրադառնալ հնչած վերջին զեկույցին. «Ոչ թե խոսքս ելույթ ունեցողին է ուղղված, այլ այն անձանց, ովքեր այդ ելույթը ծափահարեցին և բավականին ոգևորությամբ»: ՍԴ նախագահը նկատեց, որ որպես Հայաստանում ծնված և մշտապես ապրող անձ, իրողություններին քաջատեղյակ է:
«Որևէ թիվ, որևէ հարցադրում ինձ չզարմացրեց, մենք դրանք շատ ենք լսել բազմաթիվ ամբիոններից, նույնիսկ հստակ գիտենք, թե աղբյուրները որտեղից են, ովքեր և ինչու են տարածում, ով ինչպես է պատվիրում: Հարցը բոլորովին այլ բան է. եթե դուք ուշադրություն դարձրեցիք ելույթի կառուցվածքին, այնտեղ չէին հնչում միայն ինչ-որ փաստեր, որոնք ինքնին կասկածահարույց են, այլ՝ եզրահանգումներ, գնահատականներ, ընդհուպ՝ կարծեք թե, սանկցիաներ կամ վճիռներ, այնպիսի փաթոսով և այնպիսի ներկայացմամբ, որ քաջածանոթների մոտ որևէ ռեակցիա չի առաջացնում, բայց այն մարդիկ, ովքեր թերևս առաջին անգամ են լսում, այն էլ այդպիսի բարձր ամբիոնից, կարող է տպավորություն թողնել,- ընդգծեց Գ.Հարությունյանը՝ հավելելով,- Ես որևէ կարևորություն չեմ տալիս և ցավում եմ, որ այսպիսի լսարանում հնարավոր է նախապես նախապատրաստված այսպիսի փորձ արվի՝ շեղվելով թեմայից, շեղվելով քննարկումներից, բերելով այնպիսի գնահատականներ և այնպիսի հարցադրումներ, որոնք անհարիր են և այսպիսի լսարանին, և այն անձանց, որոնք պատասխանատվություն են կրում անձամբ մարդկանց իրավունքների պաշտպանության համար»: