Բաժիններ՝

Կիպրոսում սեփականատերերի վերագրանցումներ են եղել առանց համաձայնության. ֆինանսական սկանդալ երկրի ներսում

Ըստ «Փաստինֆոյի»՝ մի շարք կիպրոսյան գրանցում ունեցող ընկերությունների սեփականությունը կասկածելի հանգամանքներում փոխանցվել է երրորդ անձանց, ինչը խարդախության և հնարավոր փողերի լվացման ռիսկ է  է պարունակում, փոխանցում է կիպրոսյան առաջատար կայքերից մեկը` CyprusMail-ը (http://cyprus-mail.com/2013/07/03/companies-changing-hands-without-owner…):

Երեկ` հուլիսի 3-ին, Կիպրոսի խորհրդարանի`  Ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների հանձնաժողովը քննարկել է  բողոքներ, որոնք ներկայացվել էին ընկերությունների սեփականատերերի կողմից` այն բանից հետո, երբ  առանց վերջիններիս համաձայնության իրենց ընկերությունները վերագրանցվել են ուրիշների անուններով` փաստաթղթեր կեղծելու միջոցով:

Ինչպես հայտնում է CyprusMail-ը`  «գլխավոր դատախազության գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է  օրենսդիրներին, որ նմանoրինակ 10 բողոքներ գործարարների կողմից ներկայացվել են ոստիկանություն, որոնցից վեցը այնուհետև փոխանցվել են դատախազություն` քրեական հետաքննության սկսելու հանձնարարությամբ»:

Սակայն գլխավոր դատախազության գրասենյակում հետագայում պարզել են, որ առկա ապացույցների հիման վրա քրեական գործեր հարուցվել չեն կարող: Պաշտոնյայի խոսքերով, դեպքերի մեծ մասը առավելապես առնչվում են  ընկերությունները ներկայացնող իրավաբանական կազմակերպությունների վեճերին:
Բայց հարցը բարձրացրած պատգամավորներին Կիպրոսի դատախազության պատասխանը չի բավարարել:

Կարդացեք նաև

Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր  Դեմետրիս Սայլորիսը (Demetris Syllouris) նկարագրել է սեփականության փոփոխության
տեղեկությունները որպես «ընկերությունների գողություն կամ առևանգում»:

«Ներկայիս գործող համակարգը վտանգավոր հեշտությամբ թույլ է տալիս սեփականություն փոխանցել մեկ անձից մյուսին. ավելի հեշտ է բազմամիլիոնանոց ընկերության սեփականության իրավունք փոխանցել, քան գրանցել ալյումին արտադրող ընկերություն որդուդ հետ», – նշել է նա:

CyprusMail-ը, մեջբերելով բանախոսի խոսքերը, նշում է.

«Ընկերությունների սեփականության այս ամբողջ գործից փողերի լվացման հոտ է գալիս: Դա պարզապես համակարգային թերություններ  չէ, այլ շատ կարևոր մի հարց, որ կարող է վնասել մեր ֆինանսական ծառայությունների կենտրոն լինելու համբավը», – ասել է նա:
Ի թիվս այլ բաների, փողերի լվացման միջոցների և ահաբեկչության ֆինանսավորման գնահատման փորձագետների կոմիտեի զեկույցում նշված են «արդյունավետության հետ կապված հարցեր, որոնք վերաբերում են Կիպրոսի ընկերությունների ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց նույնականացման և ստուգման ընթացակարգերին, հաշվի առնելով  ռեգիստրի տվյալների բազայի թերի լինելու փաստը»:

Ընկերությունների ռեգիստրի վարչության ղեկավար Սփիրոս Կոկինոսը (Spyros Kokkinos) նշել  է, որ համակարգը մնացել է գրեթե անփոփոխ վերջին 50 տարիների ընթացքում:

Թեև ռեեստրի համակարգը 2012թ.-ին էլեկտրոնային է դարձել, Կոկինոսը ասել է, որ այն պետք է զուգորդված լինի կեղծ ստորագրությունների դեմ համապատասխան ստուգումներով, ինչպես նաև անհատական մուտքի կոդերի օգտագործմամբ:
Իրավաբանների միության ներկայացուցիչ Մելինա Պարգոուն նշել է, որ ընկերությունների փաստաթղթերը հաճախ ստորագրվում են արտասահմանում նոտարների կողմից և ապա բերվում Կիպրոս` փոփոխությունները հաստատվելու համար:

«Ակնհայտ է, որ ավտոմատացված համակարգը կնվազեցնի կեղծիքների քանակը, այնուամենայնիվ,  ամբողջությամբ դրանցից չի ձերբազատի», – ասաց նա:

Աղբյուր` http://cyprus-mail.com/2013/07/03/companies-changing-hands-without-owner…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս