«Ասենք՝ Իշխան Զաքարյանին պաշտոնից հանեցին, բերեցին Զաքար Իշխանյանին, ինչ-որ բա՞ն է փոխվելու»
«Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, Իշխան Զաքարյանը կդառնա քավության նոխազ, դա արդեն նախագահի անձնական ցանկությունն է. կուզի` կհանի, չի ուզի` չի հանի, բայց եթե հանի էլ, ոչինչ չի փոխվելու, չհանի էլ` էլի չի փոխվելու: Ասենք՝ Իշխան Զաքարյանին պաշտոնից հանեցին, բերեցին Զաքար Իշխանյանին, ինչ-որ բա՞ն է փոխվելու, եթե նոր ղեկավարի բերեն, չի նշանակելու, որ նոր ղեկավարն ավելի խիստ է քննելու բյուջեն. ինչ հրահանգվելու է Բաղրամյան 26-ից, նույնն իրականացվելու է, լինի Իշխան Զաքարյանը, թե մեկ ուրիշը»:
Galatv.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` խոսելով Վերահսկիչ պալատի աղմկոտ զեկույցի և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` պաշտոնից հնարավոր հեռացման մասին: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նախարարները հերքում են Վերահսկիչ պալատի զեկույցը` նշելով, որ իրենց գերատեսչություններում թալան չի եղել, տեխնոլորգը մեկնաբանել է.
«Բնական է, որ նախարարները պետք է հերքեն, եթե խոստովանեն, որ բյուջեն թալանվել է, պետք է նաև իրենք պատասխան տան. ես կզարմանամ, որ նախարարն ասի` այո՛, մեր նախարարությանը պետական բյուջեով հատկացվել է մեկ միլիարդ դրամ, որից երկու հարյուր միլիոն դրամը թալանվել է, բոլոր նախարաներն էլ ասելու են` մեր բյուջեն չի թալանվել, այո՛, շատ մանր թերացումեր կան` 500, 1000 դրամ, բայց բյուջեն չի թալանվել»:
Քաղաքագետը նաև իր այն համոզմունքն է հայտնել, որ նախագահի ելույթի նման ելույթով հանդես եկավ Կառավարությունը ատկատների մասին, այդ ելույթները միշտ էլ եղել են ու երկու օր հետո մոռացվել.
«Արդեն էական չէ, թե նախագահն ինչ ասաց, անցել են այդ ժամանակները, թե խոսքը կարևոր է: Գործն է կարևոր, իսկ արված գործ չկա»:
Ինչ վերաբերում է նրան, որ չնայած արդեն բազմիցս բարձրաձայնվել է մեծամասշտաբ խախտումների մասին, սակայն գլխավոր դատախազություն նյութեր չեն ուղարկվել, Բադալյանը պատասխանել է.
«Դատաիրավական համակարգի կառույցները իշխող ուժին սպասարկող կառույցներն են հանդիսանում, և եթե գործող նախագահը ցանկանա, որ այդ կառույցները բացահայտեն ինչ-որ բան և հրահանգ տա, ապա ինչ-որ բան կբացահայտեն, իսկ եթե գործող նախագահը չցանկանա, ապա ոչինչ էլ չեն բացահայտի»: