Ալվինա Գյուլումյան. ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության 873 չքննված դիմում կա
Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան գնացած գործերը համեմատաբար շատ չեն: Եթե ելնում ենք մեր երկրի ազգաբնակչության թվից՝ ապա միջին քանակի, եթե ելնում ենք ընդհանրապես դիմումների թվից՝ ապա դրանք քիչ են, այսինքն՝ Հայաստանը դասվում է սակավ դիմումներ ունեցող երկրի թվին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ հավելելով. «Համենայնդեպս՝ ինձ համար յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր իրավունքի խախտում ցավոտ է»:
Ըստ նրա՝ նախկինում բավականին շատ էին վարչական իրավախախտումների հետ կապված գործերը, որոնք վերաբերում են 2004թ.-ի ցույցերին: Այդ կապակցությամբ Հակաստանի օրենսդրությունը փոփոխություն է կրել և մարդիկ այլևս վարչական կալանքի չեն ենթարկվում:
Այժմ ավելի շատ են դիմում արդար դատաքննության իրավունքի, կալանքի հետ կապված հարցերով: Վերջինները վերաբերվում են մինչդատական վարույթին, այսինքն՝ նախնական կալանքին: Հիմնականում գանգատները վերաբերում են նրան, որ որոշումները, որոնցով անձինք կալանքի են վերցվում, բավարար չափով պատճառաբանված չեն, բերվում են, այսպես ասած, ստանդարտ պատճառաբանություններ, հաշվի չեն առնվում գործի առանձնահատկությունները, չի քննարկվում այլ խափանման միջոցի կիրառման հարցը:
Գանգատներ կան նաև, որոնք վերաբերում են սեփականության օտարման խմդիրներին:
Ինչպես տեղեկացրեց Ա.Գյուլումյանը, ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեռևս 873 չքննված դիմում կա, որից մոտ 500-ը ներկայացված են Ադրբեջանի քաղաքացիների կողմից՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Մնացածը՝ մոտ 350-ը և ավելին, ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներ են: