Զինդատախազության աշխատանքային խմբում ՀՔԱՎ-ին կներկայացնի Մատաղիսի գործով արդարացվածը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դրական է վերաբերվում ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությանը ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, իրենք կուսումնասիրեն աշխատանքային խմբի գործունեության հետ կապված մի շարք մանրամասներ, մասնավորապես, ինչպիսին է լինելու աշխատանքային խմբի ձևաչափը և ինչ գործեր է ուսումնասիրելու, դրանից հետո միայն որոշում կկայացվի աշխատանքային խմբի աշխատանքներին ՄԻՊ աշխատակազմը կմասնակցի՞, թե՞ ոչ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն էլ նշել է, որ ինքն ավելի կգերադասեր, որպեսզի զինդատախազությունը կոնկրետ գործերի շրջանակում ըստ էության արձագանքեր փաստաբանների բարձրացրած հարցադրումներին:
Իսկ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը նշել է, որ իր գլխավորած կազմակերպությունը ողջունում է Հայաստանում արդարադատության նկատմամբ վստահության աճին ուղղված քայլերը, եթե դրանք բովանդակային լինեն, այլ ոչ թե ձևական: Նա ընդգծեց, որ իրենք որոշակի վերապահումներ ու մտահոգություններ ունեն, սակայն աշխատանքային խմբի մասին եզրակացություններ կանեն դրա աշխատանքներին մասնակցելուց հետո: Ուստի ՀԿ-ն աշխատանքային խմբի կազմում կառաջադրի իր ներկայացուցչին, և այդ ներկայացուցիչը «Մատաղիսի» գործով արդարացված Արայիկ Զալյանն է:
Օրերս զինդատախազությունը հանդես էր եկել աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, այն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:
Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: