Բուքիքիո. Մարդու իրավունքները հարգելը պահանջում է հավասարակշռության պահպանում իշխանությունների կողմից
«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Վերջինս նշեց, թե Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանն առաջին անգամ ստանձնեց Նախարարների կոմիտեի նախագահությունը, և այս կարևոր առաքելությունը երկիրն առաջին հերթին դիտարկում է՝ իբրև հավելյալ հնարավորություն՝ ներդրումը բերելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ԵԽ անդամ երկրների ջանքերին:
«Այս նախագահությունը նաև մարտահրավեր է ԵԽ անդամ ցանկացած երկրի համար, քանի որ եվրոպական մայրցամաքն այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների հետ, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սա նաև մեծ պատասխանատվություն է, քանի որ հաջողությունը կախված է ոչ միայն անդամ երկրների ներդրած ջանքերից, այլև ջանքերի պատշաճ առաջնորդությունից:
ԱԳ նախարարը շեշտեց, թե ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները հիմնված են կազմակերպության երեք հիմնարար արժեքների վրա՝ առանձնացնելով ռասիզմի և այլատյացության, ատելության դեմ պայքարը, միջմշակութային ու միջկրոնական երկխոսությունը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, և այլն:
Ի դեպ, Համաեվրոպական խորհրդաժողովն անցկացվում է ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, ինչը կարևորեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը՝ ընդգծելով, որ նախագահության ընթացքում Հայաստանն արդեն իսկ առաջին ձեռքբերումն ունեցել է, երբ Ստրասբուրգում ստորագրել է 15-րդ արձանագրությունը:
Ըստ նրա՝ Հայաստանի համար երկրորդ ձեռքբերում կարող է համարվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը, որը մեծ պոտենցիալ է ազգային դատարանների զարգացման համար: Իսկ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր զեկույցում նշեց, թե իրենք ուրախ են, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում, այն էլ՝ ՀՀ նախագահության ընթացքում: Նա կոչ արեց որոշումները կայացնել սոցիալական իրականությունը հաշվի առնելով՝ չստիպելով դատարաններին կուրորեն հետևել օրենքներին, քանի որ օրենքները, նրա խոսքով, չեն կարող դիտարկել կիրառման բոլոր ոլորտները: Բուքիքիոյի խոսքով՝ ժամանակակից պետությունը պետք է ճկուն լինի, որպեսզի կարողանա արձագանքել բոլոր խնդիրներին: Նրա հավաստմամբ, մարդու իրավունքները հարգելը պահանջում է հավասարակշռության պահպանում իշխանությունների կողմից: