Հովիկ Աբրահամյանը ողջունել է համաեվրոպական խորհրդաժողովի հյուրերին
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը, որին ներկա են ՀՀ ՍԴ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Շպիլմանը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն, պատգամավորներ: Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ իրենք շատ ուրախ են Երևանում հյուրընկալել համաեվրոպական խորհրդաժողովը: «Նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն այն առումով, որ խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, այլև փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և պատրաստակամությունը՝ սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին»,- նշեց նա՝ ներկաներին տեղեկացնելով, որ երկու օրից Հայաստանը նշելու է Սահմանադրության օրը:
ԱԺ նախագահի խոսքով՝ այն, որ երևանյան խորհրդաժողովին հրավիրված են ու մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ ավելի քան 30 երկրների տարբեր բարձրաստիճան պատվիրակություններ` ի դեմս խորհրդարանների, սահմանադրական դատարանների և այլն, վկայում է խորհրդաժողովի ընտրած թեմայի արդիականության ու նեռարված խնդիրների հրատապության մասին:
Աբրահամյանն առանձնահատուկ նշեց, որ համաեվրոպական երևանյան խորհրդաժողովի թեման մեծապես կարևորվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու Վենետիկի հանձնաժողովի կողմից: Ըստ նրա՝ խորհրդաժողովն իրական հնարավորություն է՝ քննարկումների, գնահատականների ու առաջարկությունների միջոցով իրավունքի գերակայությունը ավելի հասանելի ու ընկալելի դարձնել ոչ միայն եվրոպական մայրցամաքի անմիջական դերակատարների, այլ նաև մեր տարածաշրջանի այն երկրների ու իշխանությունների համար, որոնք, լուրջ անելիքներ ունեն այդ բնագավառում: «Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի օբյեկտիվորեն գնահատել իրավիճակն իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների եւ իշխանությունների հայեցողության տեսանկյունից: Խորհրդաժողովի թեման այժմեական է Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող շատ պետությունների և ոչ միայն նրանց համար: Վստահ եմ, որ անմիջական ու բազմակողմ քննարկման այս ձեւաչափի ընթացքում հնարավոր կլինի ծավալել խոր ու հետաքրիր քննարկումներ»,- ընդգծեց նա: