
Զինվորներին արգելում են համազգեստի թևքերը ծալել. մամուլ

«ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թևքերը ծալել: Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Ինչպես հայտնի է, և ՀՀ, և ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, և ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում: Իսկ թևքերը ծալել չեն թույլատրում, քանի որ «զինվորը զինվորի նման պետք է լինի», սակայն զինծառայողները դժգոհում են, որ խեղդվում են երկարաթև համազգեստի մեջ, և ամառվա խեղդող շոգին ծառայելը դժվար է:
Եղել են նաև զինծառայողների ընդվզման դեպքեր, որոնք, սակայն, պատժվել են հրամանատարական կազմի կողմից: Թե որն է այս տարօրինակ հրամանի հիմնավորումը, պարզ չէ: Գուցե ձմեռային համազգեստով ամռանը ծառայելը մտնում է բանակային կյանքի դժվարությունների մե՞ջ: Այսպես կոչված՝ լրացուցիչ դժվարություններ են ստեղծում, որ մեր զինվորները կոփվեն: Բայց սա կարելի է նաև խոշտանգում դիտել. անիմաստ դժվարությունները, կյանքի համար անմարդկային պայմանները ոչնչով արդարացված չեն»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: