Բաժիններ՝

Մերձդնեստրի Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին, Ուկրաինային և ՄԱԿ-ին` իր անկախության ճանաչման հարցը քննելու խնդրանքով

Մերձդնեստրյան Մոլդավյան Հանրապետության հասարակական կազմակերպությունների խորհուրդը դիմել է Ռուսաստանին, Ուկրաինային և ՄԱԿ-ին` Մերձդնեստրյան հանրապետության ճանաչման հարցը քննելու խնդրանքով: Այս մասին հայտնում է ռուսական Ռեգնում լրատվական գործակալությունը` հղում անելով «Новости Приднестровья» լրատվականին: Վերջինս տեղեկացրել է, որ այդ որոշումն ընդունվել է Տիրասպոլում հ/կ-ների` «Հանուն Մերձդնեստրի ճանաչման»  խորագրով անկացված հանրապետական համաժողովին:

«Հանուն Մերձդնեստրի ճանաչման»  անվանումով ՄԱԿ-ի ղեկավարությանն ուղղված ուղերձում նշվում է, որ միջազգային հիմնարար փաստաթղթերի համաձայն` մերձդնեստրցիներն իրավունք ունեն դիմելու միջազգային հանրությանը` իրենց պետականության ճանաչման հարցը քննարկելու խնդրանքով: Ընդ որում, նշված փաստաթղթում համաժողովի մասնակիցները նկատել են, որ Միավորված ազգերի կազմակերպությունը նոր կազմավորվող պետությունները ճանաչելու կամ չճանաչելու ժամանակ կիրառում է «երկակի ստանդարտների» քաղաքականությունը:

«Կարծում ենք, որ ինքնահռչակված պետությունների ճանաչման և առանձին ժողովուրդների կամարտահայտության արհամարհման հարցում «երկակի ստանդարտների» քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և հանդիսանում է «սառը պատերազմի» հետևանքը»,- նշված է մերձդնեստրցիների հռչակագրում:

Թե ինչ ավարտ կունենա Մերձդնեստրի անկախության պայքարը, առայժմ դժվար է կանխատեսել, սակայն նշենք, որ առաջին հայացքից հայ իրականության հետ որևէ կապ չունեցող այս տեղեկությունը Հայաստանի համար ուշագրավ է այն առումով, որ մերձդնեստրյան հակամարտությունը նախկին Խորհրդային Միության տարածքում 1980-ական թթ. վերջին գրեթե ղարաբաղյան շարժման հետ զուգահեռ բռնկված ավելի քան 10 հիմնախնդիրներից մեկն է: 1989 թ. Մոլդովայի հանրապետության  և Դնեստր գետի երկայնքով տեղակայված մի քանի շրջանների բնակչության միջև ծագած հակամարտությունը 1992 թ. վերածվեց զինված բախման, որը կանխվեց նույն թվականին գեներալ Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ ռուսական զորքերի մուտքով: Այժմ Մերձդնեստրի անվտանգությունն ապահովում են ռուսական, մոլդովական, մերձդնեստրյան և ռուսական խաղարարար ուժերը, ինչպես նաև ուկրաինացի դիտորդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս