Օբամայի քարոզարշավի հայ լուսանկարչի ոճով ցուցահանդես՝ Հայաստանում
Հայ լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը, ով Օբամայի քարոզարշավի լուսանկարիչն է, մոտ մեկ ամիս առաջ գտնվում էր Հայաստանում: Նա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում 15 օր դասընթացներ է անցկացրել «Թումոյի» սաների համար՝ սովորեցնելով նրանց իր լուսանկարելու ոճը: Իսկ նրա ոճը տարբեր է:
168.am-ի հետ զրույցում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ժիրայր Պէօճէքեանն ասաց, որ հայտնի լուսանկարիչը ոչ թե միայն լուսանկարներ է նկարում, այլև նրա լուսանկարներն իրենց մեջ պատգամ ունեն: «Այսինքն՝ նրա լուսանկարները խոսող են, օրինակ՝ Հայաստանի աղքատության մասին 3 էջ գրելու փոխարեն՝ նա ընդամենը մի լուսանկարով կարողանում է այդ ամբողջ պատկերն արտահայտել»,- ասաց նա՝ նշելով, որ Ս. Թուֆանկջյանի լուսանկարչության դասընթացներին մասնակցել են 43 պատանիներ, որոնց աշխատանքների ցուցահանդեսի բացումը եղավ այսօր՝ հունիսի 29-ին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում:
Նշենք, որ «Թումոյում» գործող այս ցուցահանդեսի մուտքն ազատ է:
Տեղեկացնենք, Սկաուտ Թուֆանկջյանը համբավ է ձեռք բերել՝ փաստագրելով Բարաք Օբամայի քարոզարշավը: Նա երկար տարիներ աշխատել է Մերձավոր Արևելքում։ Նրա «Yes We Can» գիրքը դասվեց բեսթսելերների շարքին «New York Times» և «LA Times» պարբերականների կողմից։ Իր լուսանկարներից մեկը, որտեղ Բարաք Օբաման գրկում է իր կնոջը, դարձավ Թվիթերի պատմության մեջ՝ ամենատարածված և Ֆեյսբուքի ամենահավանած նկարը: