«Վարչապետն ինչ-որ մարդ չէ, շարքային չէ, որ հարձակվենք, սկսենք պահանջներ ներկայացնել»
Հարցազրույց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի հետ
– ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը երեկ հայտարարել էր, որ, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է, քաղաքական մեծամասնություն գոյություն ունի, ակնհայտ է, որ հենց այդ մեծամասնության ներսում էլ հակասություններ, տարակարծություններ կան: Նաև նշել էր. «Հին ՀՀԿ-աններից մեկը վերջերս մի միջոցառման է եղել ու զարմացել է, թե հանրապետականների մեջ էս ի՞նչ մի նոր շերտ է մտել՝ սև շոր հագածներ, կոշիկներով, նշանները՝ դոշներին, ինչ-որ խմբավորված… Այսինքն՝ իրենց մեջ էլ աննորմալ վիճակ է»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ՀՀԿ-ի ներսում իսկապե՞ս տարակարծություններ կան:
– Իհարկե` չկան: Պարզապես տարբեր հարցերի առնչությամբ կուսակցության ներսում բազմակարծություն կա, ինչը ողջունելի է: Հակասություններ, հակադրություններ մեզանում, իսկապես, չկան: Որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ կան: Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանի պատմած դեպքին, ասեմ, որ յուրաքանչյուր գործող կուսակցություն էլ ունի իր երիտասարդական թևը:
Կուսակցությունը զարգանալ չի կարող առանց երիտասարդներով համալրման: Չի կարող, չէ՞, կուսակցությունը միայն ծերերից բաղկացած լինել, որ նրանք մահանան ու գործը շարունակող չլինի: ՀՀԿ երիտթևը մեծ դերակատարում ունի մի շարք հարցերում: Եթե երիտասարդին ոչ թե ստիպում, այլ՝ առաջարկում են կրծքանշան կրել, ապա այդ երիտասարդը չի վախենում ցույց տալ, որ համալրում է տվյալ կուսակցության շարքերը:
– Այն, որ ՀՀԿ-ն ևս ներքին խնդիրներ ունի, մեծամասամբ պայմանավորվեց նաև խորհրդարանական վերջին նիստերին ՀՀԿ-ի դրսևորած ինքնաքննադատական կեցվածքով, երբ մասնավորապես Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մեջ ընդգրկված չարաշահումները, յուրացումները շարժեցին ՀՀԿ-ականների զարմանքը:
– Շատ գերազանց է, լավ է, ընդունելի, որ ՀՀԿ-ն իր գործունեության մեջ տեղ գտած թերությունների մասին խոսում է հրապարակային, նպաստում է այդ թերությունների վերացմանը: Մեր միջև, կրկնում եմ, որևէ հակասություն չկա: Լինել իշխանություն, չի նշանակում` լինել ինքնաքննադատությունից զուրկ, որ անի ու բոլորի կարծիքը հաշվի չառնի: Որպեսզի կրես ժողովրդավար անունը, Սահմանադրության մեջ կա գրած, պետք է լինի բազմակարծություն:
– Այդ ինքնաքննադատությունը արդյունք կտա՞: Պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն:
– Ինչպես տեսնում եք՝ ենթարկվում են: Վազգեն Խաչիկյանը հանրապետական էր, ճի՞շտ է: Եվ նա, իր խնդրի հետ միասին, այսօր կանգնած է դատարանում: Պատասխանատվության բազմաթիվ դեպքեր կան. հանրապետականները նույնպես կրում են պատասխանատվություն իրենց կատարած ոչ օրինական արարքների համար ու հետագայում էլ կկրեն: Մենք էլ ենք շահագրգռված, որ բացահայտվեն չարաշահումները ու նույնիսկ, ավելացնելով նախորդ հարցին, զայրանում եմ, որ բազմակարծությունը չի ընդունվում կուսակցության ներսում:
Նախագահն էլ հայտարարել է մի քանի անգամ, որ կուսակցությունն այս կամ այն հարցերի առնչությամբ վերջնականորեն պետք է միակարծիք լինի, բայց այդ ընթացքում կարող է բազմակարծություն լինել՝ ես էլ արտահայտել եմ բազմաթիվ անգամներ իմ տարբերվող կարծիքը:
– Ըստ Աղվան Վարդանյանի՝ ՀՀԿ-ականները սպասում են «նախագահի խոսքին, թե ինչպե՞ս նա կկողմնորոշվի, ի՞նչ կասի անձի կամ պաշտոնյայի վերաբերյալ», որպեսզի իրենք էլ ըստ այդմ արտահայտեն իրենց դիրքորոշումը: Համամի՞տ եք նրա այս գնահատականների հետ:
– Սա էլ բնական է: Կուսակցության ղեկավարն է ուղղություն տալիս: Սրա մեջ հարգանք կա՝ կուսակցության ղեկավարի նկատմամբ: Բայց սա չի նշանակում, որ մարդը չպետք է ունենա իր կարծիքն ինչ-որ խնդիրների, հարցերի վերաբերյալ: Պարզապես ամփոփման ժամանակ մեկ կարծիք պետք է ներկայացվի: Սերժ Սարգսյանն իր կարծիքն արտահայտել է, որ բոլոր չարաշահողներն օրենքից դուրս չպետք է մնան, նա ասել է, որ՝ ով խախտել է օրենքը, պետք է պատասխանատվություն կրի. անցել է զոռբաների ժամանակը:
Որպեսզի երկիրը զարգանա, չպետք է հարցերին քարացած մոտեցում լինի, անգամ, եթե քո շարքերում է չարաշահողը, կուսակից ընկերդ է, եթե կաշառակեր է, մարդու իրավունքներն է ոտնահարում, պետք է պատժվի: Այստեղ սխալ մոտեցում կա՞: Պարզապես, հանրապետության նախագահը երբ արձագանքում է, մնացածն ավելի համարձակ են լինում՝ իրենց կարծիքը հայտնելու, խորացնելու, պահանջներ ներկայացնելու հարցում:
– Պարոն Պետրոսյան, տեսակետներ կան, որ վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալը փորձում են կոծկել, որպեսզի այս «միջազգային մակարդակին հավասար սկանդալն» ավելի մեծ հնչեղություն չստանա:
– Որովհետև կառավարության ղեկավարի մասին է խոսքը: Այս հարցում առաջին հերթին` պետք է լսել կուսակցության ղեկավարի՝ նախագահի խոսքը, որովհետև վարչապետն ինչ-որ մարդ չէ, շարքային չէ, որ հարձակվենք, սկսենք պահանջներ ներկայացնել: Նա դիմել է Դատախազություն, սպասենք՝ կտեսնենք:
Հավատացեք, որ եթե հաստատվի, որ կառավարության ղեկավարն այդ գործով, նման բաներով զբաղվել է, նախագահն անպայման կբարձրացնի պատասխանատվության հարցը: Հանրապետական կուսակցությունը քաղաքական գնահատական այս հարցում, կարծում եմ, չի տալիս, որովհետև սպասում է իրավական գնահատականին: Սրանք ծանր հանցանքներ են. եթե վարչապետը գումար ունի, դրանք ձեռնարկության մեջ է ներդրել օֆշորային գոտում, ուրեմն որտեղի՞ց իրեն այդ գումարները, ուրեմն՝ նա զարտուղի ճանապարհներով է այդ գումարները վաստակել, որոնք հիմա օֆշորում է թաքցնում:
Օրինակ, Երևանի քաղաքապետն իր հայտարարագրի մեջ բացահայտ գրեց, որ այսքան գումար ունի, բայց, եթե մարդը փողեր ունի, բայց չի գրում, բացատրություն չի տալիս, թե որտեղից ունի, սա հափշտակության ձև է համարվում: Եթե այս ամենը հաստատվի՝ վարչապետի նկատմամբ միջոցներ, ըստ իս, կձեռնարկվեն:
– ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ մեղադրանքներ ՀՀԿ-ականների կողմից էլ են հնչում: Օրինակ, ՎՊ հաշվետվության քննարկումների ժամանակ նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշ քննադատություններ հնչեցրեց: Սա ինչի՞ արդյունք է:
– Հանրապետության նախագահը ձեռնամուխ է եղել իշխանության մյուս թևերի հետ միասին հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու, կաշառքը, կոռուպցիան վերացնելու, դրանց դեմ պայքարելու գործում: Սա պայքարի արդյունք է ու, կարծում եմ` լավ նախաձեռնություն է: Քրեական իրավունքով, շատ հաճախ, նախկինում ներկայացվում էին տվյալներ՝ թաքցված, կիսաթաքցված հանցագործությունների մասին, բայց հիմա եկել ենք այն վիճակին, որ ոչ մի դեպք չի թաքցվում, հրապարակայնացվում է:
– Ստացվում է, որ միայն վարչապե՞տն է ամենակոռումպացված պաշտոնյան, այլ կոռումպացված պաշտոնյաներ չկա՞ն, որ մեղադրանքները միայն իրեն են ուղղված:
– Կան, կանգ անպայման կան: Բայց վարչապետի առումով դա դեռ հաստատված չէ, կրկնում եմ, որ եթե ինֆորմացիան հավաստի լինի՝ կպատժվի: Ամեն օր մի մարդ է ձերբակալվում, միլիոնավոր դեպքեր կան: Մեր պետությունը կամաց-կամաց պայքարում է արատավոր երևույթների դեմ, սա լավ չէ՞: Վատ է, էլի, որ պաշտոնատար անձինք հիմնականում Հանրապետական կուսակցության անդամներ են, չչարաշահողներն էլ ՀՀԿ-ից են, բայց հիմա մարդ, որ պաշտոն չունի, բան չունի, ի՞նչ պետք է չարաշահի, իսկ որ չարաշահում է՝ պատժվում է:
– Աղվան Վարդանյանը ցանկություն է հայտնել նաև, որ աշնան սկզբին հանրապետության նախագահն ուղերձով դիմի ժողովրդին, քանի որ, նրա հավաստմամբ, ներքին հարցերը, արտաքին մարտահրավերներն այնքան են հասունացել, որ նման ելույթի անհրաժեշտություն կա: Դուք նման ելույթի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
– Սերժ Սարգսյանի գործն է երբ հանդես գալ և երբ չգալ ուղերձով: Բայց շատ լավ կլինի, որ հրապարակային քաղաքանության շրջանակներում հանդես գա ու ասի, որ պայքարում ենք էս-էս-էս երևույթների դեմ, հասել ենք էս-էս-էս արդյունքներին: Սա պայքարին մեծ ուժ կտա:
«168 ԺԱՄ»
Լուսանկարը՝ panarmenian.net-ի