«Կառավարման համակարգն ամբողջովին ախտահարված է, բոլորը բոլորի դեմ կոմպրոմատներ ունեն»

«Բյուջեի կատարողականը ցույց տվեց, որ մեր կառավարման համակարգում «բարի ավանդույթները» շարունակվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ դա վերաբերում է և´ հարկահավաքությանը, որն այդպես էլ չի ուզում ստվերին ձեռք տալ, և´ բյուջեի ոչ արդյունավետ ծախսմանը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` բյուջեն, որպես պետության զարգացման ռազմավարական փաստաթուղթ, ոչինչ չի տալիս:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ներկայացված 2012 թ. տարեկան հաշվետվությանը, ապա այն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, հերթական զեկույցն էր, քանի որ նման զեկույցներ նախկինում արդեն եղել են, սակայն այն իրարանցումը, որը բարձրացավ դրա շուրջ, «արդեն մի փոքր այլ օպերայից էր»:

«Հետաքրքիր է, որ ի լրումն Վերհասկիչ պալատի նախագահի ասածներին` ԱԺ նախագահն ասում է`«ժամանակն է, որ այդ մարդիկ ազատվեն պաշտոններից: Այսինքն` մինչև հիմա ժամանակը չի եղել, մինչև հիմա ամբողջովի թույլատրելի է եղել թալան իրականացնել, այդ թվում` այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետն էր և տարածքային կառավարման նախարարը և բյուջեի կարևորագույն ծախսման խողովակներից մեկի ղեկավարը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս նաև նկատեց, որ իշխանության ներկայացուցիչների նման քննադատություններում խոսքը գնում է ոչ թե չարաշահումներ իրականացրած պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այլ ընդամենը նրանց աշխատանքից ազատելու մասին:

«Եվ դրան ի պատասխան` վարչապետի կողմից իրեն նետված ձեռնոցն ընդունելն էր: Նա նախարարներին հորդորեց, որ պետք է պատասխանեն մեղադրանքներին, հակառակ պարագայում պետք է ընդունեն, որ իրենք իսկապես այդպիսին են, և բյուջեի 70 տոկոսը, այսպես ասեմ, «ռիսկի և թալանի տակ է», ինչպես ԱԺ նախագահն էր ասում,-շարունակեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Արմեն Մարտիրոսյանը նաև նկատեց, որ Հովիկ Աբրահամյանի այդ խոսքերին զուգահեռ որոշ լրատվամիջոցներում հայտնվեց հակադարձ պատասխանը, ըստ որի` Հովիկ Աբրահամյանի հայրենի Մխչյան գյուղին պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիքի մեծ մասը տրվել է Հովիկ Աբրահամյանի եղբորը և որդուն:
Այս ամենի վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանի եզրակացությունը հետևյալն է. «Կառավարման համակարգն ամբողջովին ախտահարված է, բոլորը բոլորի դեմ կոմպրոմատներ ունեն»:

Միաժամանակ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ երկրում ռեսուրսները նվազել են, և այդ պատճառով սկսվել է ներիշխանական պայքար` այդ ռեսուրսները տնօրինելու համար: Իսկ այդ ռեսուրսների բաշխման առաջին օղակը, ըստ նրա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը իշխանական կոալիցիայից դուրս թողելն էր:
«Հիմա այդ ռեսուրսներն այնքան են նվազել, որ հիմա արդեն ներհանրապետական պայքար է սկսվել»,-ասաց նա:

«Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ առաջացած աղմուկն ինձ մոտ նաև որոշակիորեն շոուի տպավորություն է թողնում»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ դեռևս 2010 թ. ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի կողմից հեղինակվել էր օրինագիծ, որի համաձայն եթե ՎՊ-ն իր ուսումնասիրությունների ընթացքում կազմում է արձանագրություններ և հաշվետվություններ խախտումների վերաբերյալ և կասկածում է, որ դրանք կարող են քրեական բնույթի լինել, պետք է անմիջապես գործերն ուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն: «Սակայն ՎՊ-ն եկել զեկուցում է, որ ուսումնասիրել են, այսքան չարաշահումներ են գտել և այլն, և ոչ մինչև հիմա ոչ մի նյութ չի ուղարկել դատախազություն»,- նկատեց բանախոսը:

Մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Արմեն Մարտիրոսյանը մամուլում շրջանառվող այն տեսակետի մասին, որ ՎՊ հաշվետվությունը ցույց տվեց իշխանության ներսում ինչ-որ թևերի միջև պայքարը, «Ժառանգության» փոխնախագահն այսպես պատասխանեց. «Այն, որ, կարծեք թե, որոշ թևերի պայքար է գնում, ակնհայտ է: Սակայն թե որն թևն ում թևն է, չեմ կարող ասել, բայց ցանկացած պարագայում կարծում եմ` դա երկրորդական է»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ամենևին կարևոր չէ, թե այդ պայքարի արդյունքում իշխանական որ «թևը» կհաղթի, քանի որ դրանցից որն էլ հաղթեց, նա ընդամենը վերահսկողություն է սահմանելու ռեսուրսների նկատմամբ, սակայն հասարակական տեսանկյունից դա որևէ օգուտ չի տա:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի ԱԺ նիստում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր քաղաքաշինության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում խախտումների և չարաշահումներին և բյուջեի ոչ արդյունավետ կառավարմանը: Լսելով Իշխան Զաքարյանի զեկույցը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ այսպես արձագանքեց. ««Զարմացած եմ, որ մենք քննարկում ենք մի հարց, որտեղ մենք գործ ունենք, կոպիտ ասած, թալանչիների հետ, յուրացումների հետ և որեւէ քայլ մենք չենք իրականացնում: Պարոն Զաքարյան, ես զարմացած եմ, այդ մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվի դատախազություն»:

Տեսանյութեր

Լրահոս