Բաժիններ՝

Օֆշորագիտական սոցիոլոգիա կամ՝ «մուռ հանելու» տակտիկան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ոչ թե սոցիոլոգիական հերթական հարցման արդյունքները հրապարակելու, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանին և արքապիսկոպոս Նավասարդ Կճոյանին օֆշորային սկանդալից փրկելու համար։

Սոցիոլոգի համար հետաքրքրականն այն է, որ այդ հաշվի վրա գումարի չափը չի նշվում։ Դրա հիման վրա նա ենթադրում է, որ դա (Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անվամբ հաշիվներ բացելը) պարզապես սարքել են ՀՀ վարչապետի չարակամները:  «Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, եթե մեծ գումար դրված լիներ այդ հաշվին լուրջ մարդկանց կողմից, ես կհավատայի, բայց եթե ինչ-որ մեկը սադրանքի նպատակով, մուռ հանելու նպատակով ինչ-որ հաշիվներ է բացում մարդկանց անունով, 100 դոլար փոխանցում, դա կասկածելի է: Եվ հասկանալի է, որ գործող վարչապետը շատերի դուրը չի գալիս, և նրա չուզողների բանակ կա և՛ իշխանական ճամբարում, և՛ ընդդիմադիր ճամբարում»,- նշել է Ադիբեկյանը։

 

«Սա արված էր երկու բարոյական անձանց վարկաբեկելու համար: Եթե Դատախազությունը հայտարարի, թե որքան գումար կար այդ հաշվի վրա, ապա ես կասեմ, որ Ահարոն Ադիբեկյանը վատ սոցիոլոգ է»,- ասել է նա: Այն հարցում, որ Ահարոն Ադիբեկյանը փայլուն սոցիոլոգ է, ոչ ոք չի առարկում. Ի վերջո, նրա հարցումները գրեթե մեկին մեկ համապատասխանում են ԿԸՀ-ի հրապարակած թվերին։ Սակայն օֆշորային սկանդալի վերաբերյալ նրա ասելիքը պրոֆեսիոնալիզմից շատ հեռու է՝ անգամ միջազգային տնտեսական հարաբերություններից հեռու մարդկանց համար։

Կարդացեք նաև

 

Նախ՝ նշենք, որ հաշիվ բացողն «ինչ-որ» մեկը չէ. այն բացվել է գործարար Աշոտ Սուքիասյանի կողմից։ Հանրությանը հուզող միակ հարցն այն է՝ դա իրո՞ք եղել է վարչապետի գիտությամբ, թե՞ նա տեղյակ չի եղել։ Իսկ թե Աշոտ Սուքիասյանն ինչո՞ւ է չարը կամենում վարչապետին, դա թողնենք Ա. Ադիբեկյանին։

 

Երկրորդ, «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի հաշվի վրա ոչ թե 100 դոլար է փոխանցվել, այլ 350 հազար դոլար։ 100 դոլար ասելով՝ Ահարոն Ադիբեկյանն,  ամենայն հավանականությամբ, նկատի ունի Hetq-ի հրապարակած փաստաթուղթը, որտեղ Տիգրան Սարգսյանի անվան դիմաց նշված էր 333 եվրո։ Սակայն դա ոչ թե փոխանցված գումարի չափն է, այլ կանոնադրական կապիտալում նրա մասնաբաժինը։ Իսկ դա խորհրդանշական գումար է և ծառայում է ընդամենը բաժնետերերի միջև մասնաբաժինները ֆիքսելու նպատակով (ով քանի տոկոս ունի)։ Օրինակ՝ հայաստանյան ընկերություններից շատերի կանոնադրական կապիտալն ընդամենը 50-100 հազար դրամ է, թեև ակտիվները հասնում են մի քանի միլիոն դոլարի։

 

Եվ վերջապես՝ հաշիվ բացելու հետ կապված։ Հնարավո՞ր է առանց մարդու գիտության՝ օֆշորում հաշիվ բացել։ Հանուն արդարության նշենք, որ այս հարցի շուրջ միասնական կարծիք չկա. ոմանք ասում են՝ այո, ոմանք՝ հակառակը։ Սակայն գրեթե բոլորը միակարծիք են, որ, եթե հաշիվ բացելիս պայմանները խիստ չեն, ապա այդ հաշվից գումարներ փոխանցելիս ֆինանսական կազմակերպությունն ամենայն մանրակրկտությամբ ստուգում է բոլոր տվյալները (այդ թվում՝ բաժնետերերի)։ Իսկ ըստ Hetq-ի՝ օֆշորային այդ հաշվից «Ձորագյուղ» ա.կ.-ի հաշվին փոխանցվել է շուրջ 2.1 միլիոն դոլար։

 

Եվ վերջին հարցը՝ ինչո՞ւ է Ահարոն Ադիբեկյանն իր հիմնական զբաղմունքը թողած՝ զբաղվում տնտեսական և իրավական հարցերով և պաշտպանում վարչապետին ու արքեպիսկոպոսին։ Կոնկրետ Տիգրան Սարգսյանի մասով նա ասել է հետևյալը. «Հետևելով նրա գործունեությանը, եթե չլիներ Տիգրան Սարգսյանը, մեզ ոչ մի միջազգային կազմակերպություն մեծ վարկեր չէր: Նա մեծ հեղինակություն է միջազգային կառույցներում: Սա կոպիտ գռեհիկ սադրանք է՝ վարկաբեկելու Արարատյան թեմի առաջնորդին և վարչապետին»:

 

Այսինքն՝ Տիգրան Սարգսյանի գլխավոր արժանիքներից մեկը, ըստ Ադիբեկյանի, Հայաստանի համար վարկեր ներգրավելն է։ Միգուցե ոմանց համար ցանկալի է, որ Տիգրան Սարգսյանը որքան հնարավոր է՝ շատ վարկեր ներգրավի և այդ վարկերից իրենց էլ էժան ֆինանսական ռեսուրսներ հատկացնի։ Սակայն ընդհանուր առմամբ՝ Տիգրան Սարգսյանի ավելացրած պարտքային բեռը խիստ բացասաբար է գնահատվում հասարակության լայն շերտերի կողմից։ Որովհետև պարտքերի օգտագործման արդյունավետությունը խիստ կասկածելի է, իսկ պարտքի սպասարկումը ծանր բեռ է բյուջեի համար։ Այդ սպասարկմանն ուղղվող միջոցները, որոնք գոյանում են հարկատուների միջոցներից, կարող էին գնալ թոշակների և աշխատավարձերի ավելացմանը, սակայն դրանցով տոկոսավճարներ են մարվում։ Այնպես որ, տեսականորեն, Տիգրան Սարգսյանի անունով օֆշորում հաշիվ կարող էին բացել Հայաստանի Հանրապետության հարյուր-հազարավոր թոշակառուները՝ «մուռ հանելու» համար։ Եթե, իհարկե, 333 եվրո ավելորդ գումար ունենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս