Եզան լեզուն բուժում է ցիստիտը և գեղեցկացնում

Բուժիչ նամակներ

Եզան լեզուն, նույն ինքը` ջղախոտը, հայտնի է եղել հայ բուժարարներին։ Որքան էլ որ աշխարհը գրի հին հունական և հռոմեական բժիշկների նվաճումների մասին, մենք կարող ենք ավելացնել. Արտաշիսյանների Հայաստանում մշակվել են դեղաբույսեր` դրանցից բուժիչ պատրաստուկներ ստանալու նպատակով։

Ջղախոտի բուժիչ հատկությունների մասին գրել են Մ. Հերացին և Ա. Ամասիացին։
Հերացին որպես փափկեցնող միջոց` օգտագործել է սերմերը, քսուքի ձևով բույսի հյութը օգտագործել է կարմիր քամու բուժման համար։ Տարբեր բնույթի ջերմերի և աղիքային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործել է ջղախոտը ներքին ընդունման և հոգնայի ձևով։

Նման ճանապարհ է ընտրել միկրոֆիտոթերապիայի հիմնադիր, բժշկության դոկտոր Ս.Ա. Ռոյզմանը։ Պրոֆեսոր Ռոյզմանը մշակել է դեղաբուսային փնջերից պատրաստված բազմաթիվ թուրմեր, որոնցից շատերում մաս է կազմում ջղախոտ մեծը։
«168 Ժամի» 04.12.2012. համարում գրվել էր միզապարկի բորբոքում հիվանդության մասին, այս համարում կներկայացնենք, թե ինչպես է պատկերացնում քրոնիկ ցիստիտի բուժման ընթացքը Ռոյզմանը։

Կարդացեք նաև

  • Մանրացրեք, խառնեք հետևյալ բաղադիչները. 20 գ խնկեղեգի արմատ, 20 գ կեչու տերև, 10գ անմեռուկ ավազուտայինի ծաղիկ, 20 գ թանթրվենի սևի ծաղիկ, 30 գ կատվախոտ բժշկականի արմատ, 10 գ մատիտեղ թռչնի խոտ, 10 գ խնկածաղիկ սովորականի խոտ, 30 գ սրոհունդ խոցվածի խոտ, 30 գ վաղենակ բժշկականի ծաղիկ, 10 գ եղինջ երկտունի տերև, 10 գ լորենի մանրատերևի ծաղիկ, 10 գ խատուտիկ բժշկականի արմատ, 30 գ ջղախոտ մեծի տերև, 30 գ երիցուկ դեղատնայինի ծաղիկ, 50 գ արջախաղողի տերև, 10 գ հազարտերևուկ սովորականի խոտ, 10 գ մանուշակ եռագույնի խոտ, 10 գ ձիաձետ դաշտայինի խոտ, 10 գ կատվալեզու եռաբաժնի խոտ, 10 գ եղեսպակ բժշկականի տերև, 40 գ մասուր մայիսյանի պտուղ, 20 գ նիվենի սովորականի տերև։

Մեկ քառորդ թ/գ (0,5 գ) հումքը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում (նախնական թուրմ)։
Առաջին օրը վերցրեք այդ թուրմից 1 թ/գ և լուծեք 500 մլ զտված ջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 5-15 րոպե առաջ։ Խմեք ևս 100 մլ քնելուց առաջ` փոքր կումերով։
Երկրորդ օրը պատրաստեք նոր նախնական թուրմ (0,5 հումք, 500 մլ եռջուր), վերցրեք այդ թուրմից 1 ճ/գ, լուծեք 500 մլ զտված ջրում, խմեք վերոհիշյալ չափաբաժիններով։
Երրորդ և բոլոր հաջորդ օրերը վերցրեք նախնական թուրմից 2 ճ/գ, լուծեք 500 մլ զտված ջրում։

Նախնական թուրմը պատրաստեք միայն առավոտյան, մնացորդը թափեք կամ օգտագործեք լվացվելու և ողողումների համար։ Բուժման տևողությունն առնվազն մեկ տարի է։ Եթե բուժման ընթացքում նկատվեն ցավեր կամ փքվածություն որովայնում, սրտխառնոց, դառնահամություն, փորկապություն, հևոց, հոդացավ և այլն, ապա 3-5 օրով դադարեցրեք բուժումը և վերսկսեք 5 կաթիլ նախնական թուրմից` ավելացրեք օրը մեկական կաթիլ, մինչև հասցնեք վերոգրյալ չափաբաժիններին։ Հնարավոր է, որ օպտիմալ չափաբաժինն ավելի փոքր լինի։ Խորհրդակցեք բուժող բժշկի հետ։
Ռոյզմանի առաջարկած թուրմերի մեծ մասը կարելի է խմել շատ երկար ժամանակ։
Գիտնականն առաջարկում է նաև կատարել հոգնաներ` հետևյալ թուրմով.

  • Մանրացրեք, խառնեք 40-ական գրամ վաղենակի և երիցուկի ծաղիկներ, 30-ական գ սրոհունդի և հազարտերևուկի խոտեր, ջղախոտի և նիվենու տերևներ, 20 գ մանուշակի և 10 գ ծիծեռնախոտ մեծի խոտեր։

Կես թ/գ (1գ) հումքը լցրեք 70-100 մլ եռացող ջրի մեջ, անմիջապես անջատեք կրակը, կրկին քամեք երկտակ ծալած թանզիֆով։ Հոգնան (լուծույթի ջերմաստիճանը` 38-39 C) կատարեք երեկոյան քնելուց առաջ։ Շարունակեք 10-15 օր, անհրաժեշտության դեպքում կրկնեք 2-4 շաբաթ հետո։

Ջղախոտը` պապիլոմայի դեմ

Պապիլոմաներն առաջանում են մաշկի ինֆեկցիոն հիվանդության հետևանքով. Դրանք նման են սպիտակ, վարդագույն կամ շագանակագույն գորտնուկի, որն ունի բարակ հիմք։ Պապիլոմաները գոյանում են պարանոցի և կոպերի վրա, թևերի, իսկ կանանց մոտ` նաև կրծքագեղձերի տակ, և այլն։
Պապիլոմայի վիրուսը կարող է երկար ժամանակ գտնվել բջիջներում, սակայն ոչ մի կերպ չարտահայտվել։
Ջղախոտը պատկանում է այն բույսերի թվին, որոնք մաքրում են արյունը և պայքարում մաշկային ցաների առաջացման դեմ, նաև պարուրում ներքին լորձաթաղանթները։

  • 1 ճ/գ մանրացրած չոր տերևը թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200 մլ նախաճաշից առաջ և 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ Շարունակեք 14 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։ Կատարեք տարին 2 անգամ` մայիս-հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
  • Խառնեք 1-ական ճ/գ եռագույն մանուշակի և օշինդրի խոտեր, ջղախոտի սերմ, 2-ական ճ/գ երեքնուկ կարմիրի ծաղիկ, սրոհունդի խոտ, սամիթի սերմ, խնկեղեգի արմատ, 3 ճ/գ ջղախոտի տերև։ 2 ճ/գ մանրացրած չոր հումքը 10 ժամ թրմեք 1 լ եռջրում, տաք տեղում, փաթաթեք լաթով, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, 1-2 թ/գ մեղրի հետ։ Շարունակեք 3 ամիս։

Գեղարարություն
Լոսյոն. Մզեք ջղախոտի հյութը, խառնեք օղու հետ (2։1)։ Պահպանման ժամկետը հով, մութ տեղում` մինչև 1 տարի է։
Ձեռքերի խնամք. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ վաղենակի և երիցուկի ծաղիկներ, ջղախոտի և կատվալեզվի խոտեր։ Հումքը 7 ժամ թրմեք ջերմապահում` 200 մլ եռջրով, քամեք։ Հումքին խառնեք 50 գ կարագ, 1-ական թ/գ մեղր և խոտաբույսերի թուրմ։ Ստացված խյուսը քսեք ձեռքերին։ Մաշկը դառնում է առաձգական և փափուկ։

  • Մանրացրեք ջղախոտի տերև, 1 ճ/գ հումքը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, քամեք։ Ձեռքերը պահեք եփուկի մեջ, 20-25 րոպեից չորացրեք և մշակեք ճարպոտ քսուքով։

Մազերի խնամք. Մանրացրած ջղախոտի տերևը խառնեք ձիթապտղի գոլացրած յուղի հետ (1։1)։ Երեք շաբաթ թրմեք, պարբերաբար թափահարեք։ Խառնուրդը 30 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Լցրեք մուգ շշի մեջ, պահեք սառնարանում։ Յուղը ներմերսեք մազարմատներին, 15 րոպեից լվացեք օճառափրփուրով։
«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Տեսանյութեր

Լրահոս