Բաժիններ՝

Խնդիրը վստահությունն է. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «45 հազար դրամով Հայաստանում չի կարող ապրել նույնիսկ ամենահամեստ, ամենաժուժկալ մարդը: Չի կարող ապրել միայնակ, առավել ևս՝ հոգ տանել իր երեխաների մասին: Դա բացառված է: Չգիտեմ, թե ինչ միջազգային ստանդարտներով է հաշվարկած այս շեմը, ասում են՝ իբր աշխարհում կան երկրներ, որտեղ մարդիկ ապրում են շաբաթը երկու դոլարով: Չգիտեմ, չեմ ուզում վիճել, գուցե այդ երկրներում գներն ավելի ցածր են, կամ մարդկանց ստամոքսներն են այլ կերպ կառուցված, բայց Հայաստանում, վստահ եմ, այդպիսի մարդ չկա:

Բայց, ինչպես վերջերս ասաց Արդարադատության նախարարը, ամենաէժան բանը պոպուլիզմն է: Եկեք հարցին նայենք այլ կողմից. 10 հազարով նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է որոշակի դրական արդյունքի բերել: Բանն այն է, որ բազմաթիվ մասնավոր հիմնարկներում մարդիկ ստանում են «սպիտակ» և «սև» աշխատավարձ: Հիմա ենթադրենք, որ վարձու աշխատողի իրական աշխատավարձը 100 հազար դրամ է. առաջ նա ստանում էր 35 հազար «սպիտակ» և 65 հազար «սև», հիմա գործատուն նրա աշխատավարձը չի բարձրացնի, բայց նա կստանա 45 հազար «սպիտակ» և 55 հազար «սև»: Տվյալ աշխատողը ոչինչ չի շահի: Բայց պետությունը կարող է շահել, որովհետև ստվերը, գոնե տեսականորեն, կկրճատվի, և 45 հազարից մուծած հարկն ավելի մեծ կլինի, քան 35 հազարից:

Այդ ամենի մասին թեական եմ ասում, որովհետև բացարձակապես վստահ չեմ, որ բյուջե գնացող գումարները նպաստում են իմ պետության բարգավաճմանն ու հզորացմանը, որ հավելյալ հարկը, որը ես՝ որպես գործատու, վճարելու եմ բյուջե, կօգնի մեր թոշակառուներին, մեր չունևորներին, մեր բանակին:

Վարչապետը վիրավորվում է, երբ մենք՝ քաղաքացիներս, նման կասկածներ ենք հայտնում, բայց ինչպես չհայտնե՞նք, եթե չկա Հայաստանում, ասենք, որևէ շինարարություն, որը պատվիրել է որևէ պետական մարմին, որտեղ այս կամ այն ձևով չի գործում «ատկատ» կոչվող երևույթը: Կա՞ մեր երկրում որևէ միամիտ, որը կարծում է, թե դա այդպես չէ: Խնդիրը, հետևաբար ոչ այնքան նվազագույն աշխատավարձն է, որքան վստահության դեֆիցիտը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս