Ղրղզստանի խորհրդարանը քվեարկել է երկրից ամերիկյան «Մանաս» ավիաբազայի դուրս բերման օգտին
K-News-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի խորհրդարանն այսօր քվեարկել է երկրի տարածքում ԱՄՆ-ի ավիաբազայի տեղակայման մասին համաձայնագրի չեղյալ հայտարարման օգտին: Համապատասխան օրինագիծն ընդունվել է անմիջապես՝ երեք ընթերցմամբ:
Դրա օգտին քվեարկել է 91 պատգամավոր, 5 պատգամավոր էլ դեմ է քվեարկել: Օրինագծին համապատասխան, ամերիկյան ավիաբազայի, որը պաշտոնապես կոչվում է Տարանցիկ փոխադրումների կենտրոն, մասին պայմանագիրը չեղյալ կհայտարարվի 2014 թվականի հուլիսի 11-ից:
Պատգամավորների որոշումն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, ինչ նրանց հաստատած օրինագիծն իր ստորագրությամբ կհաստատի երկրի նախագահը: Ղրղզստանում ամերիկյան «Մանաս» ավիաբազան բացվել էր 2001 թվականին:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել էր Տաջիկստանում ու Ղրղզստանում ռուսական ռազմաբազաների մասին համաձայնագրերը:
Տաջիկստանի հետ համաձայնագիրը ստորագրվել էր 2012 թվականի հոկտեմբերի 5-ին, Դուշանբեում: Դրանով Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ընդհանուր տևողությունը երկարաձգվել է մինչև 49 տարի: Ռուսական ռազմաբազան Տաջիկստանում գտնվում է արդեն 20 տարի (1993 թվականից) և համաձայնագրով այնտեղ է մնալու մինչև 2042 թվականը:
Ղրղզստանի հետ համաձայնագիրը և դրան կից արձանագրությունը ստորագրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 20-ին, Բիշքեկում՝ 20 տարով: Համաձայնագրով ռուսական ռազմաբազան Ղրղզստանում կմնա մինչև 2032 թվականը: