Սուքիասյան եղբայրներն իրենց զրկել են մոտ կես միլիոն դոլարից
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ տարեկան ժողովը որոշել է բանկի գործունեության 2012թ. արդյունքներով շահութաբաժիններ չվճարել: Անցյալ տարվա ընթացքում ձևավորված 345,485 հազար ՀՀ դրամ (մոտ 850 հազար ԱՄՆ դոլար) շահույթը կուղղվի բանկի զարգացմանը՝ որպես չբաշխված շահույթ:
Ստացվում է, որ Սուքիասյան եղբայրները՝ Սարիբեկ, Խաչատուր և Ռոբերտ Սուքիասյանները, ովքեր միասին տիրապետում են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետոմսերի 52,4 տոկոսին, իրենք իրենց զրկել են մոտ 445 հազար դոլար շահութաբաժնից:
Ընդհանուր շահութաբաժնի 25 տոկոսից զրկվել է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը, որը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է:
Սակայն, միևնույն ժամանակ, շահութաբաժին չեն ստացել նաև բանկի մյուս բաժնետերերը՝ 1150 ֆիզիկական անձ և 268 պետական ու ոչ պետական ձեռնարկություն, որոնք բոլորը միասին պետք է ստանային մոտ 192 հազար դոլար շահութաբաժին: