Փաստաբանին հայտարարված նկատողությունը չվերանայվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Գ. Խանդանյանի նախագահությամբ, հունիսի 13-ի վճռով մերժել է փաստաբան Վահագն Բաբայանի հայցն ընդդեմ ՀՀ փաստաբանների խորհրդի` անհիմն լինելու հիմքով։ Հայցվորը խնդրել էր մասնակի անվավեր ճանաչել ` փաստաբան Վահագն Բաբայանին փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4-րդ գլխի 4.1 կետի պահանջի խախտման համար մեղավոր ճանաչելու և փաստաբանին նկատողության ձևով տույժ նշանակելու մասով ՀՀ ՓՊ Խորհրդի 23.11.2012թ. որոշումը։
Հայցվորը գտնում է, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և ապա կարգահական տույժ կիրառելու համար հիմք հանդիսացած «Դատական սանկցիա կիրառելու մասին» Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2012թ. որոշումը եղել է անօրինական, հետևաբար չէր կարող հիմք ծառայել իրեն կարգապահական տույժի ենթարկելու համար։
Ըստ հայցվորի, լինելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը, 28.06.2012թ. ժամը 15-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիր դատարանից ստացել է 19.06.12թ., մինչդեռ իր մեկ ուրիշ պաշտպանյալի գործով 28.06.2012թ. ժամը 15-ին քննչական գործողություններին մասնակցելու համար քննիչից ծանուցագիր ստացել է 14.06.2012թ.։ Հետևաբար, քննիչին ներկայանալու համար դատական նիստերի դահլիճից չհեռանալու մասին դատարանի կարգադրությունը չի կարող համարվել օրինական, նման կարգադրությանն իր չենթարկվելը և նիստերի դահլիճից հեռանալը չի կարող համարվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և դատական սանկցիա կիրառելու հիմք: Հայցվորը նշել է, որ ինքը դատական նիստին կարող էր ընդհանրապես չներկայանալ և ընդամենը բավարարվել նիստի հետաձգման գրություն ներկայացնելով, սակայն ներկայացել է դատական նիստին, որպեսզի նշանակվելիք հաջորդ դատական նիստը համաձայնեցնի Դատարանի ժամանակացույցի հետ՝ անհարկի ձգձգումներից խուսափելու համար։
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի մասով հարուցված կարգապահական վարույթը կարճվել էր, քանի որ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» նույն 4-րդ գլխի 4.1 կետի համաձայն` փաստաբանը դատարանի հանդեպ ճշգրիտ հարգանք և համակրանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ` հաշվի չառնելով իր անձնական շահերը կամ ցանկացած հետևանքները, որոնք կպատահեն իր կամ ցանկացած այլ անձի հետ։ Խորհուրդն արձանագրել էր, որ դատական նիստը չլքելու մասին դատարանի կարգադրությանը չենթարկվելով` փաստաբան Կ. Գրիգորյանը դիմել է ծայրահեղ քայլի, որպեսզի իրականացնի քաղաքացիական գործի շրջանակներում իր վստահորդի իրավունքների պաշտպանությունը, քանզի նրա բացակայությամբ գործի քննությունը կարող էր շարունակվել և տվյալ պահին օբյեկտիվորեն բացակայում էր կայանալիք նիստը հետաձգելու որևէ հնարավորություն։
Հայցադիմումի պատասխանով Խորհուրդը` ի դեմս փաստաբան Ժ. Խաչատրյանի, գտել է, որ հայցն ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման: Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ հիմք ընդունելով Կարգապահական գործով ձեռք բերված տվյալները, Պալատի խորհուրդն իր 23.10.2012թ. որոշմամբ հաստատված է համարել այն հանգամանքը, որ պաշտպան Կ. Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը` նկատի ունենալով, որ նույն ժամին պետք է մասնակցի մեկ այլ դատական նիստի, որի տեղի և ժամանակի մասին ծանուցագիր ստացել է ավելի վաղ։ Երբ դատարանը մերժել է Կ. Գրիգորյանի միջնորդությունը, Կ. Գրիգորյանը լքել է դատական նիստերի դահլիճն առանց դատարանի թույլտվության։ Մինչդեռ պաշտպան Վ. Բաբայանը դատական նիստը հետաձգելու մասին որևէ միջնորդություն ներկայացրած չի եղել, հետևել է Կ. Գրիգորյանին և նույնպես լքել է դատական նիստերի դահլիճն առանց դատարանի թույլտվության։
Խորհրդի գնահատմամբ, փաստաբան Վ. Բաբայանը դատարանի օրինական կարգադրություններին չենթարկվելու որևէ հիմնավոր պատճառ չի ունեցել, քննչական գործողություններին մասնակցելու մասին քննիչի ծանուցագիրը նման հիմնավոր պատճառ չէր կարող համարվել, քանի որ քննիչին չներկայանալու դեպքում նախատեսված քննչական գործողությունը չէր կարող կատարվել, հետևաբար և չէր կարող խախտվել նրա պաշտպանյալի իրավունքը։
Հայցվորի վարքագիծը Խորհուրդը գնահատել է, որպես Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4-րդ գլխի 4.1 կետի պահանջների խախտում և նրան հայտարարել է նկատողություն: Կանոնագրքի հիշյալ դրույթի համաձայն` փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել դատավորին և դատավարության մյուս մասնակիցներին։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն արձանագրել է, որ հայցվորի այն փաստարկները, որ «եթե դատավոր Դ. Բալայանի կարգադրությունը լիներ օրինական, ապա ինքը միանշանակ կենթարկվեր դրան, (…) Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի դրսևորել, այլ հակառակը` նախագահողն է անհարգալից վերաբերմունք դրսևորել` խախտելով հավասարության, մրցակցության սկզբունքը» անհիմն և առարկայազուրկ են, քանի որ նիստը նախագահողի գործողությունների անօրինականության և անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ Հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի կամ վերաբերելի ապացույց, այլ կերպ ասած, բավարար փաստացի հիմքեր սույն գործում առկա չեն։
Դատարանն արձանագրել է նաև, որ եթե փաստաբան Կրոմվել Գրիգորյանի դեպքում արդարացված էր առանց նիստը նախագահողի թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելը, քանի որ նրա բացակայությամբ նույն օրը տեղի ունեցող քաղաքացիական գործի քննությունը, որտեղ Կ. Գրիգորյանը հադիսացել է հայցվոր Ռազմիկ Կոստանդյանի շահերի ներկայացուցիչը, կարող էր շարունակվել և տվյալ պահին օբյեկտիվորեն բացակայում էր կայանալիք նիստը հետաձգելու որևէ հնարավորություն, ապա նույնը չի կարող վերաբերվել փաստաբան Վ. Բաբայանին, քանի որ հիշյալ դատական նիստին փաստաբան Վահագն Բաբայանի կողմից դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն չի ներկայացվել, երկրորդ` Վահագն Բաբայանի 28.06.2012թ. ժամը 15։30-ին ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Վ.Ս.Իսախանյանի կողմից, իրականացվող քննչական գործողություններին մասնակցելու վերաբերյալ ծանուցված լինելը չէր կարող պատճառ հանդիսանալ դատական նիստը առանց որևէ միջնորդության լքելու համար, և երրորդ` ի տարբերություն փաստաբան Կ.Գրիգորյանի` փաստաբան Վ. Բաբայանի չներկայանալը նշված քննչական գործողություներին բացառում էր դրանց իրականացումը, որպիսի հանգամանքը Պալատի խորհրդին տրված բացատրությունում ընդունել է նաև փաստաբան Վ. Բաբայանը։
Դատարանն ի վերջո արձանագրել է, որ Պալատի խորհրդի 23.11.2012 թվականի կայացրած որոշումն, ըստ որի` փաստաբան Վահագն Բաբայանը Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4-րդ գլխի 4.1 կետի պահանջը խախտելու համար մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ նկատողության ձևով տույժ է նշանակվել, անվավեր ճանաչելու որևէ հիմքեր առկա չեն և այն կայացվել է գործող օրենսդրությանը համապատասխան: