Հայաստանում վաղ թե ուշ լինելու է հեղափոխություն ներքևից
Ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը
– ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում անդրադառնալով իր շուրջ ստեղծված օֆշորային պատմությանը՝ հերքեց Կիպրոսում ձեռնարկություն ունենալու մասին Hetq.am-ի հրապարակումն ու ասաց, որ բոլորի անունով էլ «ինչ-որ մեկը` առանց լիազորելու, կարող է օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել»: Համոզի՞չ էին Ձեզ համար վարչապետի բերած հերքումները:
– Հանրապետության վարչապետն ամեն մեկը չէ: Պետության Սահմանադրությամբ երրորդ անձն է ու ամենևին ինչ-որ մեկը չէ, ում անունով կարելի է օֆշորային գոտում շատ հեշտությամբ ձեռնարկություն բացել: Արարատյան թեմի առաջնորդը, Հայաստանի բիզնես աշխարհը ներկայացնողն «ինչ-որ մեկը» չեն: Երբ խոսք է գնում իրավահավասարության, օրենքի նկատմամբ բոլորի հավասարության մասին, հանկարծ հիշում ենք, որ ինչ-որ մեկը վարչապետ է, նախարար է, հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչ է, և մենք նրանց նկատմամբ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ունենանք: Դրա համար չի կարելի ընդունել, որ դրանք «ինչ-որ մեկն են», ում անունով կարելի է օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել: Կարծում եմ, որ վարչապետը, հայրապետը, գործարար աշխարհի ներկայացուցիչը պետք է անչափ շահագրգռված լինեն, որ այս տեղեկատվությունը, եթե իրականությանը չի համապատասխանում, հերքվի ու ապացուցվի բոլոր մակարդակներով` ստեղծելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, նախագահի հրամանագրով իրավապահ հատուկ հանձնախումբ, որոնք մանրակրկիտ կուսումնասիրեին:
– Ի՞նչ եք կարծում, բացահայտման տեսանկյունից ավելի շահեկան չէ՞ր լինի, որ վարչապետն այս գործի առնչությամբ ոչ թե Դատախազություն, այլ` Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) դիմեր:
– ԱԱԾ գործունեությունն այնպիսին է, որ անկախ նրանից` կդիմե՞ն իրենց, թե՞ չեն դիմի, սա պետության երրորդ դեմքի վարքին, Հայ Առաքելական եկեղեցուն, Հայաստանի գործարար աշխարհի համբավին վերաբերող նյութեր են, ուստի` ԱԱԾ-ն իրավասու է ինքնուրույն այս հարցը հետաքննել ու արդյունքների մասին զեկուցել հանրապետության նախագահին: Կարծում եմ` այս առումով ԱԱԾ-ն իր գործունեությունն այս հարցում կատարում է, գործն ուսումնասիրում է:
– Տեսակետներ կան, որ գործը փորձում են, այսպես ասած՝ քնեցնել: Հնարավոր կլինի՞ օֆշորային այս սկանդալը կոծկել:
– Իհարկե, հնարավոր չի լինի, որովհետև այս հարցը ժամանակավոր հետևանք չունի: Ինչ-որ ժամանակ այս գործը քննվելու է ու կարող է շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան, եթե հիմա քննեն այս գործը: Մենք պետք է ընդունենք մի բան. հիմա ենթադրենք` ես պետական բարձրաստիճան պաշտոն եմ զբաղեցնում, պաշտոնը հավերժ չէ, իշխանությունը հավերժական չէ, ժողովուրդն էլ, վաղ թե ուշ, եթե ոչ՝ ընտրությունների, ապա՝ ընդվզման տեսքով ոտքի է կանգնելու, այդ դեպքում այս հարցերը շատ ավելի սուր կկանգնեն: Իսկ հիմա այս գործը կարելի է շատ ավելի հանգիստ փակել, եթե իսկապես շահագրգիռ հանձնաժողով ստեղծվի, որտեղ ընդդիմության ներկայացուցիչները նաև ընդգրկված կլինեն: Իրենց գուցե թվում է, թե ժամանակի հետ մարդիկ կմոռանան սրա մասին, բայց ժամանակը ոչինչ չի մաքրագրում` հետագայում ամեն ինչ կարող է ավելի բարդ լինել:
– Ենթադրենք, որ վարչապետն իսկապես օֆշորային գոտում ձեռնարկություն չի գրանցել, և որևէ մեկը պետության երրորդ դեմքի անունով որոշել է ընկերություն գրանցել: Ավելի վտանգավոր չէ՞ պետական անվտանգության առումով այն, որ որևէ մեկը կարող է մեր երկրի վարչապետի անունով որևէ բան գրանցել:
– Իհարկե: Դա ավելի վտանգավոր է: Եթե խոսքը շարքային քաղաքացու մասին լիներգ բայց խոսքը պետության վարչապետի, Արարատյան ամենամեծ հոգևոր թեմի առաջնորդի, գործարար շատ լուրջ անձնավորության մասին է: Ասել, որ սա պատահական էգ ուրեմն պետք է գտնել հանցագործությունը կատարողներին ու պատժել: Իսկ եթե ՀՀ-ն պետության մասշտաբով այս փոքրիկ խնդիրը շատ արագ լուծել ի վիճակի չէ, ապացույցները դնել սեղանին ու մեղավորներին պատժել ի զորու չէ, նշանակում է` մենք վաղուց պետություն չենք` նախագահն էլ ֆիկտիվ է, վարչապետն էլ, ԱԺ-ն էլ: Անգամ կարելի է այդ ինստիտուտները փակել ու Հայաստանը հայտարարել որևէ երկրի գյուղ:
– Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ֆոնին, երբ խորհրդարանական ամբիոնից ավելի շատ մեղադրանքներ են հնչում վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին, քան գործադիր մարմնի, ու սրան գումարվում է վարչապետի անձի շուրջ պտտվող օֆշորային այս սկանդալը, տեսակետներ կան, թե Սերժ Սարգսյանն աշնանը պատրաստվում է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել ու պաշտոնից ազատել շատերին: Հնարավո՞ր է, որ դա լինի հենց վարչապետը: Եվ, առհասարակ, զարգացման այս սցենարը որքանո՞վ է իրատեսական:
– Հայաստանն այսօր սոցիալ-տնտեսական քաղաքական մի իրավիճակում է գտնվում, որից դուրս գալու երկու ճանապարհ կա` հեղափոխություն վերևից, ինչը ենթադրում է, որ ՀՀ նախագահը կարող է իսկապես գործողություններ կատարել, որոնք հասարակությանն իրական կթվան, և հեղափոխություն ներքևից, որը, կարծում եմ` վաղ թե ուշ, լինելու է: Պետության ղեկավարը պետք է բավական լուրջ քննարկման ենթարկի այս հարցերը: Ոչ թե մենախոսության տեսքով, այլ մարդկանց հետ, ովքեր բացի հռետորաբանությունից` ունեն ազգային մտածելակերպ, ու քայլեր կատարվեն հեղափոխական որոշումների համար: