Բաժիններ՝

«Օգնությո՞ւն… Էդ ի՞նչ գույն ա »

Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր Արմավիրի մարզ, քննարկել կարկտահարությունից գյուղացիներին պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը:

Խորհրդակցության արդյունքում որոշվել էր, որ սոցիալական սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական օգնություն, գյուղացիներին կտրամադրվի դիզվառելիք, սերմացու և պարարտանյութ, կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ և ջրի վարձավճար չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում այդ վճարների 50 տոկոսը կվճարի պետությունը, գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի, մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ: Որոշվել էր նաև, որ յուրաքանչյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում: Գյուղացիներին տրամադրված վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն` ըստ անհրաժեշտության և իրավիճակի, սառեցվելու է որոշակի ժամկետով: «168 Ժամը» երեկ եղավ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում, որտեղ բնակիչների մեծ մասը նշում էին, որ այդպես էլ չեն հասկացել՝ ի՞նչ է լինելու իրենց վերցրած վարկերի հետ:
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ Ժիրայր Ղարագյոզյանն ասաց, որ իր համար այդպես էլ հասկանալի չի դարձել կառավարության այն հայտարարությունը, թե յուրաքանչյուր գյուղացու ցուցաբերվելու է անհատական մոտեցում: Նրա խոսքով՝ ինքն այդպես էլ հստակ չի հասկացել՝ իր վարկի և տոկոսադրույքի մարումը սառեցվե՞լ է, թե՞ ոչ: Միայն ասաց՝ որքանով ինքը տեղյակ է, տոկոսադրույքը մնացել է անփոփոխ և չի սառեցվել. «Եթե իմ բերքը 100 տոկոսով տարել է, էլ ի՞նչ անհատական որոշում կայացնեք»: Նա նշեց, որ յուրաքանչյուր տարի ինքը վարկ է վերցրել և հաջողությամբ կարողացել է մարել գումարը։ «Այս տարի ես վճարելու գումար չունեմ. որ գան, տունս էլ գրավեն, տանեն, ես ոչինչ չեմ կարող անել»,- ասաց նա: Խոսելով կարկտահարության վնասների մասին՝ գյուղացին ասաց, որ ինքը մեծ քանակությամբ բերք պետք է ստանար, սակայն կարկտահարության հետևանքով զրկվել է դրանից. «Այս տարի ես կստանայի 25 տոննա խաղող, բայց հիմա ոչինչ չունեմ»: Գյուղացին կարծիք հայտնեց, որ եթե տարբեր գյուղերի բնակիչները չփակեին ճանապարհները, կառավարությունը նույնիսկ այժմյան որոշումներն էլ չէր կայացնի:
Գյուղի բնակչուհիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում պատմեց, որ նախօրեին գնացել է բանկ, որտեղ պարզել է, որ տոկոսադրույքի մարումը սառեցված չէ. «Ասացին՝ մեզ այդ որոշումը դեռ չի եկել: Ես էլ ստիպված մուծել եմ, որ չհավաքվի»: Նա պատմեց, որ որպես օգնություն` ստացել է 40 լիտր վառելանյութ. «Եթե ես բաղից ստանում եմ 2-3 տոննա բերք, էս 40 լիտր սալյարկան ի՞նչ կանի մեզ»: Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Կնյազ Մհերյանը, մեզ ասաց, որ 2 մլն դրամ արժողությամբ վարկ ունի. «Եթե իրենք չսառեցնեն այդ վարկերը, ես ստիպված չեմ կարող մարել: 5 հատ էլ անչափահաս դպրոցական երեխա ունեմ: Ես չգիտեմ՝ ինչ ծախեմ, որ փակվեմ: Եթե չսառեցնեն, ես հաստատ խնդիր կունենամ»: Նա ևս նշեց, որ առայժմ տեղյակ չէ՝ տոկոսադրույքի և վարկի մարումը սառեցվելո՞ւ է, թե՞ ոչ: Անդրադառնալով գյուղացիներին տրամադրված վառելիքին՝ գյուղացին ասաց. «Մարդիկ 5 միլիոնի բերք են կորցրել, 2 կանեստր սալյարկա են տվել, դրանից ի՞նչ»:
Գյուղի բնակչուհի Ջեմմա Բադալյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տեղյակ չէ կառավարության որոշման մասին և չգիտի՝ ինչ է լինելու իրենց վարկերի ճակատագիրը: Նրա խոսքով՝ թեև իր ընտանիքն անապահով է, բայց մինչ այժմ որևէ օգնություն չի ստացել. «Անապահով ընտանիք ենք: Չեմ կարող վարկերը մուծել: Նույնիսկ մամաս որ մահացել էր, հարևաններս են թաղումն արել: Այդպիսի վիճակ է»:
Կառավարությունը որոշում էր կայացրել նաև այն մասին, որ սոցիալական սուր խնդիրներ ունեցողներին կտրամադրվի դրամական միանվագ օգնություն: Գյուղի բնակիչներից Վաչագան Տոնոյանը բողոքեց, որ գումարները ստացել են համեմատաբար ապահովված ընտանիքները, իսկ այն մարդիկ, ովքեր իրոք անապահով են, գումար չեն ստացել: Նա նաև ավելացրեց, որ իր վարկատու բանկը վարկի տոկոսագումարները չի սառեցրել. «Էսօր որ բանկին մոտենում ես, ասում է՝ մեզ գրավոր ոչ մի բան չկա, հրաման չկա, ոչ մի բան չենք կարում սառեցնենք, ոչ մի բան չկա»:
Գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, պատմեց, որ երեկ իրեն այցելել են բանկից և գումարը պահանջել, սակայն ինքն ասել է, որ չի կարող մուծել գումարը: Բանկի աշխատակիցներն էլ ասել են, թե կուսումնասիրեն և պատասխան կտան: «Ասացին՝ գնանք նիստի, որոշենք, հլը չգիտենք՝ ինչ պիտի լինի: Հլը հաստատ չգիտենք՝ ինչ են որոշել»,- պատմեց նա: «Փող չկա. կրկնակի փող եմ ծախսել, սերմ եմ առել, շիթիլ եմ առելգ»- ավելացրեց նա: Մեր հարցին՝ արդյոք գյուղացին որևէ օգնություն ստացե՞լ է Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասներից հետո, պատասխանեց. «Օգնությո՞ւն: Էդ ի՞նչ գույն ա»:
Նշենք նաև, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչներից մի քանիսը մեզ պատմեցին, որ այն բանկը, որն իրենց վարկեր է տրամադրել, հունիսի 14-ին իրենց ժողովի է հրավիրել. դրանից հետո միայն պարզ կլինի՝ ինչ կլինի իրենց վերցրած վարկերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս