Կենտրոնանալու ժամանակը. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Ռուսաստանին մեղդրում են, որ նա մեկուսանում է և լռում այն փաստերի մասին, որոնք ներդաշնակ չեն իրավունքի և արդարության հետ: Ասում են` իբր Ռուսաստանը բարկանում է: Ռուսաստանը չի բարկանում, Ռուսաստանը կենտրոնանում է»: Այս տողերը Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսանդր Գորչակովի ուղերձից են, որը նա հղել է իր երկրի դեսպանատներին 1856 թվականի օգոստոսին` այն բանից հետո, երբ իր հայրենիքը ծանր պարտություն է կրել Ղրիմի պատերազմում:
Անձնական, հասարակական, քաղաքական կյանքում, միջպետական հարաբերություններում լինում են պահեր, երբ դու ուժգին հարված ես ստանում քթիդ, որից հետո բարկանալը, սրտնեղելը, կյանքից խռովելը, իհարկե, նորմալ մարդկային ռեակցիա է, բայց որքան կարճ տևի այդ պահը, այնքան լավ:
Կարելի է օրերով, տարիներով և նույնիսկ տասնամյակներով «դարդ անել»` դե, ինչ արած, բախտներս չի բերում, էս երկիրը երբեք երկիր չի դառնա, «յորղան-դոշակը» գրկած հազարավոր փախստականներ և այլն: Իհարկե, պահանջարկն է առաջարկ ստեղծում. կան հազարավոր մարդիկ, որոնց այդ դարդոտած մղումները դուր են գալիս, և սեփական անձի, խմբի, ազգի նկատմամաբ խղճահարությունը նրանց համար հաճույքի պերմանենտ աղբյուր է, բայց, կրկնեմ, շատ ցանկալի է, որ այդ ժամանակաշրջանը հնարավորինս կարճ տևի:
Ինչպես, օրինակ, եղավ մեր ֆուտբոլիստների դեպքում: Մալթայի թույլ հավաքականին տանը պարտվելուց հետո նրանք մի քանի օր «կենտրոնացան», վերլուծեցին վատ խաղի պատճառները և հյուրընկալվելիս ջախջախեցին շատ ավելի հզոր Դանիայի թիմին: Կարելի էր, չէ՞, հուսահատվել և ընդհանրապես խաղադաշտ դուրս չգալ կամ դուրս գալ ու վազել հղի կանանց նման: Դա կլիներ այն, ինչ երբեմն անում են մեր քաղաքական ուժերը և մեր քաղաքացիները, բայց հայ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են և մեկ (մի քանի) անգամ քթին հարված ստանալով` չեն սկսում նվնվալ:
Նույնը` քաղաքականության մեջ: Հիմա, համենայնդեպս` մինչև սեպտեմբեր «հարաբերական անդորրի» և, հետևաբար, կենտրոնանալու ժամանակն է: Անցած ընտրական ցիկլը ոչ միայն ընդդիմության, այլև (համաձայնքվենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ) հասարակության, ժողովրդի պարտությունն է: Այս 2-3 ամիսը քաղաքական ուժերը կարող են օգտագործել` կատարվածը իմաստավորելու, վերլուծելու, հետևություններ անելու համար: Ցավոք, առայժմ նման միտումներ չեն նկատվում` կուսակցությունները շարունակում են կրկնել իրենց դատարկ բանաձևերը»:
Շարունակությունը` «Առավոտի» այսօրվա համարում: