Էլոյանի պաշտոնանկությունն արատավոր նախադեպ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր առաջ ԱԺ ամբիոնից անդրադարձավ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի պաշտոնանկության վերաբերյալ «իրարամերժ և անհասկանալի ձևակերպումներով» լուրերին: «Ուզում եմ փաստել, որ Վահե Էլոյանը աշխատանքից ազատման որևէ դիմում չի գրել, և շրջանառվող վարկածները չեն համապատասխանում իրականությանը: Ասեմ ավելին, որ ինձ համար կապ չունի, թե տվյալ պաշտոնյան որ նախարարության աշխատակից կամ որ կուսակցության ներկայացուցիչ է, բայց կարևոր է այնքանով, որ ոտնահարվել է քաղծառայողի իրավունքը, և ոտնձգություն է կատարվել քաղծառայության ինստիտուտի նկատմամբ»,- ասաց նա: Վահան Բաբայանի խոսքով` սա կարող է հանդիսանալ  արատավոր նախադեպ այնպիսի կարևորագույն ինստիտուտի խարխլման համար, ինչպիսին քաղծառայությունն է:

«Եթե կարելի է նախարարության աշխատակազմի ղեկավարին առանց սահմանված կարգի և իր գիտության ազատել աշխատանքից, ապա ի՞նչ իրավական պաշտպանվածության կամ աշխատանքային իրավունքների մասին կարող է խոսել շարքային քաղաքացին: Կարծում եմ` ինչպես ես, այնպես էլ՝ մեր հասարակությունը, կցանկանայինք իմանալ, թե ո՞վ է թյուրիմացության մեջ գցել ՀՀ կառավարությանը: Գուցե կլինեն նաև սղագրություններ ու տեսագրություններ կառավարության նիստից, քանի որ կարծում եմ` կառավարությունը Վահե Էլոյանի պաշտոնանկության հարցը չի քննարկել և որոշել է փակ ռեժիմով: Այս հարցում պետք է մտցվի հստակություն, և այդ քայլը կարելի է անել մեկ ճանապարհով. դա կառավարության նիստի տվյալ հատվածի տեսագրության հրապարակումն է»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս