«Ստամբուլում աչքը կամ ականջը կորցրած շուրջ 4500 վիրավոր կա»
Թուրք լրագրող Ա. Գենչի բացառիկ հարցազրույցը «168 Ժամ» թերթին
– Ստամբուլում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկատվություն ստանում ենք միայն համացանցից, այն էլ` շատ սահմանափակ: Լուրեր են պտտվում, որ թուրքական իշխանությունները լրատվամիջոցներին արգելում են զարգացող դեպքերի մասին տեղեկություններ տարածել: Դա ճի՞շտ է:
– Ոչ, կառավարությունը չի արգելել, սակայն, քանի որ իշխանական ուժերը շարունակաբար վախեցրել և սանկցիաներ են կիրառել, ուստի լրատվական միջոցները վախենում են ու կամավոր չեն հրապարակում իրադարձությունների զարգացումները: Բացի այդ, տևական ժամանակ է` լրատվամիջոցների մեծ մասը դարձրել են իշխանամետ լրատվամիջոցներ: Այսինքն` կամ իշխանությունները սեփականատերերին են ստիպել արտահայտել իրենց կամքը, կամ վաճառքի տեսանկյունից արգելքներ են ստեղծել՝ ֆինանսական կորուստների գնով լրատվամիջոցին ճնշելու սկզբունքով: Ստամբուլում տեղի ունեցող աղաղակող ցույցերի մասին լռող լրատվամիջոցները վախենում են սուզվելուց: Օրինակ՝ «NTV»-ն ստեղծվել է` որպես լրատվական հեռուստաընկերություն, սակայն սեփականատերը «Գարանթի» բանկի սեփականատեր Ֆերիթ Շահենքն է: Իսկ օրինակ՝ «Գալաթա Պորտը», կարելի է ասել՝ աճուրդն անվճար է շահել: Առանց աչք փակելու կառավարությանն է աջակցում…
– Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ո՞րն էր հասարակական ընդվզման իրական պատճառը:
– Հավանաբար արդեն լսել եք, որ Կառավարությունն ուզում է Թաքսիմում հայտնի Գեզի այգու վայրը փոխել: Պլանավորում են «AVM» (առևտրի կենտրոն) և ռեզիդենցիա կոչվող հյուրանոցի տեսակ կառուցել: Եվ, հավանաբար, կրկին տեղյակ եք, որ նախքան այգի լինելը «Թաքսիմ Քըշլաս» կոչվող զինվորական կառույցն է եղել, իսկ դրանից առաջ տարածքում` Սուրբ Հակոբ գերեզմանատունն է եղելգ 1551-1939թթ. ընթացքում սուլթանի կողմից հատկացված այդ տարածքում գերեզմանատուն է ստեղծվել: Այժմ իրենց նախագիծը կյանքի կոչելու համար պետք է հատեն 600-ից ավելի ծառ: Դա անթույլատրելի է, հետևաբար` քաղաքացիական նախաձեռնություններից և քաղաքը սիրողներից կազմված «Թաքսիմ Գեզի Պլատֆորմ» կազմակերպությունն անցավ պաշտպանության: Շուրջ մեկուկես տարի ամեն օր ստորագրություններ էին հավաքվում, ցույցեր էին տեղի ունենում և հետևում էին օրենքի ճանապարհին: Սակայն այս շարժումն այնքան ընդլայնվեց, որ դրան միացավ ամբողջ քաղաքի բնակչությունն ու ընդդիմության մի լայն զանգված: Այժմ արդեն հասարակական պահանջը ոչ միայն ծառահատման դեմ է, այլև` իշխանությունների, քանի որ կառուցապատումն առիթ հանդիսացավ, որ հասարակությունը զարթնի և իշխանությունների դեմ դուրս գա: Իշխանությունների համար այս բողոքի ալիքի ամենավտանգավոր կորիզը ապաքաղաքական երիտասարդությունն է, որը մարտական է տրամադրված:
– Գրեթե մեկ շաբաթից ավելի է անցել այդ շարժման մեկնարկից: Այսօր ի՞նչ իրավիճակ է Ստամբուլում:
– Այսօր արդեն 13-րդ օրն է: Եվ հենց այս ժամերին էլ (ինչպես նաև նախորդող օրերին) մոտ մեկ միլիոնի հասնող բազմություն Թաքսիմում ցույց է անում: Այսօրվա իրավիճակը այսպես կարելի է բնութագրել՝ ժողովուրդը Կառավարությունից և վարվող ներքին, արտաքին քաղաքականությունից դժգոհ է, և առանց աչք փակելու` ուզում է դա ցույց տալ: Առանց կանխատեսելու, թե ինչ կլինի առաջիկայում՝ հասարակությունը խստագույնս պահանջ է դրել՝ երկու շաբաթ ժամանակ է տվել Կառավարությանը` ետ կանգնելու իր պարտադրած որոշումներից: Պետք է նշեմ, որ այստեղ ընդդիմությունը շատ մասնատված է: Արդեն չենք կարող ասել, թե` Թաքսիմում ընդդիմադիրներ կան, քանի որ Թուրքիայի մի քանի նահանգներից բացի, բոլոր նահանգներում ցույցեր են սկսվել և շարունակվում են, բոլորն էլ` ընդդիմադիր: Ցավալիորեն երեք մարդ է կյանքից զրկվել, որոնցից մեկը ոստիկան է: Երեք երիտասարդ էլ անհետ կորել է:
– Համացանցում տեսանյութեր, լուսանկարներ հայտնվեցին, որտեղ ուժային կառույցները դաժան բռնության էին ենթարկում ցուցարարներին, ընդհուպ մինչև անգամ՝ երեխաներին: Ի՞նչ պայմաններում են պայքարում ցուցարարները և ուժային կառույցների կողմից դիմադրության ի՞նչ միջոցների են արժանանում:
– Իրադարձություններին ուժային կառույցներից մասնակցում են միայն ոստիկանները: Գրեթե ոչ մի վայրում զինվորականներ չկան: Միայն Անկարայում վարչապետի նստավայրը պաշտպանելու նպատակով են զինվորականներն աջակցում: Այսինքն՝ խոսքը գնում է ոստիկանների խիստ, շատ խիստ միջամտության մասին: Ցուցարարները սկզբում չոր (այսինքն` առանց որևէ բան մտածելու, առանց նահանջելու) պաշտպանության էին անցել: Սա պարզապես քաղաքացիական անհնազանդության դրսևորում է, այսինքն` բռնություն չէր կանխատեսվում: Սակայն պաշտպանության հարցում երիտասարդները ստիպված եղան բարիկադներ ստեղծել: Նույնիսկ մեկ հատիկ Մոլոտովի կոկտեյլ չի նետվել (Մոլոտովի կոկտեյլն այն է, երբ շշի մեջ բենզին են լցնում, թել են մտցնում, այրում ու նետում): Նրանց վրա կծու պղպեղի գազ են բաց թողել, հետ են մղելգ Սա է ամենը…
– Ի՞նչ պայմաններում են անցնում միտինգները:
– Ցույցերը հիմնականում սոցիալական ցանցերի կողմից են կազմակերպվում և կառավարվում: Այսինքն` բոլորին հայտնի (նույնիսկ` Ոստիկանությանը հայտնի) պայմաններում: Հայտարարված վայրում և ժամին հանդիպում, սկսում են քայլել մեկ ուղղությամբ կամ հենց հանդիպման վայրում բողոքի ցույցեր են անում: Մարդիկ ուսապարկը վերցնում ու գնում են առաջ, սա է ամենըգ Հիմա արդեն գործողությունների զարգացման պարագայում, Ոստիկանության կողմից ձերբակալվելու դեպքում՝ մարդիկ շահագրգիռ կառույցների, կազմակերպությունների միջոցով գիտեն, թե ինչ պետք է անեն: Նույնկերպ առողջապահական կազմակերպություններից սովորել են, թե ինչպես պաշտպանվել թունավոր գազերից: Այսինքն` գործողությունների հաջորդականությունն այնպիսին չէ, ինչպես սկզբում էր: Հիմա արդեն գիտակցված գործընթաց է…
– Արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են կատարել քաղաքացիական հասարակության պահանջը:
– Կառավարությունը ժողովրդավար չէ: Ընտրություններում հավաքած ձայների տոկոսի բարձրացմանը զուգահեռ՝ կարծում են՝ կարող են անել այն ամենը, ինչ մտածում են: Ցավալի է, բայց դեռ այդպես են մտածում: Այնուամենայնիվ, կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր ունեն հասարակական կարծիքը հարգելու դիրքորոշում և իշխանություններին հորդորում են կամակորություն չանել: Նախարարներից ոմանք ներողություն են խնդրել ժողովրդից: Ստամբուլի նահանգապետն այսօր ասաց. «Ուզում եմ ձեզ հետ լինել»: Բաց տեքստով հայտարարեց, որ դժգոհ են բռնությունների գործադրումից: Իրավիճակը գնալով լավանում է:
– Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում. հնարավո՞ր է` հասարակական բողոքի ալիքն աստիճանաբար մարի, թե՞ այն կարող է վերածվել քաղաքացիական հասարակության և իշխանությունների բախման, մինչև անգամ՝ քաղաքացիական պատերազմի:
– Հասարակությունը սովորել է ցույցեր անել: Իմ կարծիքով` շատ բան է փոխվել, և երկու շաբաթ առաջ ցուցաբերվող դիմադրությունը չկա: Հազարավոր մարդիկ կան, որ ամեն վայրկյան պատրաստ են փողոց դուրս գալ: Հին և դասական ռեֆլեքսներն արդեն չկան: Անկուսակցական, բայց քաղաքականացված խմբեր էլ կան: Ընդգծեմ մեկ կարևոր հանգամանք՝ բողոքականների մեջ, բացի իշխող կուսակցությունից, գրեթե բոլոր կուսակցություններն այսօր ընդգրկվում են: Բոլորը չէ, որ բացահայտ ներկայանում են, բայց ակտիվիստներ են: Միտինգներին մասնակցում են հակակապիտալիստ մահմեդականները, անարխիստ երիտասարդները և առկա կուսակցություններից գրեթե բոլորը: Բոլորն իրար կողքի պայքարում են, իրար պաշտպանում են, կիսում են պայքարի ձևը:
– Լրատվամիջոցները որքանո՞վ են կարողանում տեղեկատվություն տարածել կատարվող դեպքերի մասին, և իշխանությունների կողմից ի՞նչ մեթոդներ են կիրառվում կատարվող դեպքերի մասին տեղեկատվական շրջափակում ստեղծելու համար:
– Լրատվամիջոցներն ի սկզբանե սխալ դիրքորոշում էին որդեգրել: Ի սկզբանե տեղեկատվություն չէին փոխանցում, կամ շատ աղքատիկ, ոչ ճշգրիտ, կողմնակալ տեղեկություն էին տալիս: Միայն սոցիալական ցանցերից էինք տեղեկություններ ստանում: Սակայն կա մեկ այլ ծայրահեղություն՝ սոցցանցերում էլ տեղեկատվությունն ուռճացվում էր, և հաճախ նույնիսկ սխալ տեղեկություններ էին տարածվում: Թեև Կառավարությունը կարողացավ կարճ ժամանակով սահմանափակումներ մտցնել տեղեկատվական միջոցների գործունեության մեջ, այդուհանդերձ, հետագայում՝ մինչև անգամ դատարանի որոշմամբ տեղեկատվության միջոցների առաջ դրված արգելքը վերացվեց: Այժմ իրադարձությունների զարգացման համար ցուցարարներն անգամ Բրազիլիայից սննդի տեսքով աջակցություն են ստանում: Կանադայում, Նիգերիայում ևս բողոքի ցույցեր են կազմակերպվում` ի պաշտպանություն թուրք ժողովրդի պահանջի: Մինչդեռ, ինչպես ասում են՝ ամբողջ աշխարհը լսեց, բայց «խուլ սուլթանը չլսեց»:
– Ստամբուլում կատարվող դեպքերին արձագանքո՞ւմ են միջազգային կառույցները:
– Նախ` ԱՄՆ-ը և Եվրամիությունը ուշադրությամբ հետևում են իրադարձություններին և բռնություն կիրառելու դեպքում Կառավարությանը նախազգուշացումներ են անում:
– Փաստորեն զոհեր կան:
– Կառավարությունը զոհ է համարում մահացած ոստիկանին: Մենք նույնպես նրա մահը համարում ենք ցավալի կորուստ: Ինչպես նշեցի` երեք երիտասարդ քաղաքացի ևս մահացել է: Աչքը կամ ականջը կորցրած շուրջ 4500 վիրավոր կա:
– Կնկարագրե՞ք, թե այսօր ինչ է կատարվել Ստամբուլում:
– Այսօր հատուկ ինչ-որ իրադարձություն չկա: Միայն պաշտպանության նպատակով երթեր ու ցույցեր են իրականացվում: Սակայն Թաքսիմում այժմ մեկ միլիոնանոց ցույցը շարունակվում է:
– Քաղաքական ուժերի արձագանքն ինչպիսի՞ն է: Ընդդիմադիր ուժերը պաշտպանո՞ւմ են հասարակական պահանջը և կարողանո՞ւմ են ազդել իշխանությունների գործողությունների վրա:
– Քաղաքականությունը փոփոխական է: Եթե ինչ-որ մի պահի աջակցություն ցուցաբերող քաղաքական կուսակցությունները (պառլամենտականները) այդ աջակցությունը շարունակաբար ցուցաբերեին նախկինում, ապա կդառնայինք ժողովրդավար հասարակություն: Կան մարդիկ, ովքեր ցուցարարների մեջ օպորտունիստական քաղաքականություն են իրականացնում կամ խոսում են Մեջլիսում: