Իրանի դեսպանը հերքեց Արմեն Մովսիսյանին

Այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել էր հանդիպում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի և հայկական մամուլի ներկայացուցիչների միջև: Դեսպան Ռեյիսին լրագրողների հետ զրույցում առաջին հերթին խոսեց ուրբաթ օրը` հունիսի 14-ին, Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին` նշելով, որ լավ կլիներ, եթե Հայաստանում նույնպես տեղեկացված լինեին այդ իրադարձության մասին:

Այնուամենայնիվ, առաջին հարցը, որն ուղղվեց դեսպան Ռեյիսին, վերաբերում էր Հայաստանի ներքին խնդիրներից մեկին, որը կապված է նաև  հայ-իրանական հարաբերությունների հետ:

Դեսպանից հետաքրքրվեցին, թե արդյոք Իրանը կարո՞ղ է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին: «Ինչ վերաբերում է գազի խնդրին և այն հարցին, թե արդյոք իրանական գազը Հայաստանի համար կարող է այլընտրանքային լինել, դա արդեն հայաստանյան կողմը պետք է որոշի, դա Հայաստանի գործն է»,- ի պատասխան ասաց Իրանի դեսպանը:

Միաժամանակ նա հիշեցրեց` երբ Իրանը Հայաստանին գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է կնքել, հիմքը եղել է «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքը:

«Այդ պայմանագիրը չի լուծարվել և այժմ գործում է: Նաև պետք է նկատի ունենանք, որ Իրանն ինքը այդպես էլեկտրաէներգիայի կարիք չունի, որովհետև նա տարբեր երկրներ, այդ թվում` Իրաք և այլն, արտահանում է էլեկտրաէներգիա, սակայն ամեն դեպքում որպեսզի ինչ-որ ձևով նպաստենք նրան, որ ինչ-որ կերպ լուծվեն Հայաստանի խնդիրները և դժվարությունները, դեռևս հավատարիմ ենք այդ պայմանագրին»,- այսպես ասաց Իրանի դեսպան Ռեյիսին:

Որպես թեմայի շարունակություն` մենք հետաքրքրվեցինք, թե ամեն դեպքում ի՞նչ գնով է Իրանը վաճառում բնական գազն իր հարևաններին` հիշեցնելով, որ նախորդ ամիս ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե Իրանից գազ ներկրելը նպատակահարմար չէ, քանի որ Իրանը գազը հարևաններին վաճառում է ռուսական գազից ավելի թանկ` 1000խմ-ի դիմաց մոտ 330-340 ԱՄՆ դոլլարով:

Մոհամմադ Ռեյիսին նախ մեզնից հետաքրքրվեց, թե կոնկրետ Իրանի ո՞ր հարևանի մասին է, ինչին ի պատասխան մենք տեղեկացրինք, որ խոսք է գնացել մասնավորապես Թուրքիայի մասին:

«Թուրքիայի հետ մենք ունենք լայնածավալ համագործակցություն գազի ոլորտում: Թուրքիայի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմում է 30 մլրդ դոլար, բայց, միևնույն է, չեմ կարծում, որ գազը այդ գնով լինի: Դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ պայմանագիրը, որը մենք կնքել ենք նրանց հետ, շատ հստակ է, այսինքն` Թուրքիայի հետ կապված մենք միջազգային գները հաշվի ենք առնում»,- ասաց Իրանի դեսպանը:

Հիշեցնենք, որ գազի խնդիրն արդիական դարձավ մայիսին «Հայռուսգազարդ» ընկերության կողմից ՀՀ կառավարությանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող բնական գազի գնի բարձրացման մասին հայտի հրապարակումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս