Բաժիններ՝

«Տիկին Հրանուշը պտի ամչնա, որ սիրիահայերուն էսքան խաբեց»

Սիրիայից արտագաղթած սփյուռքահայ Սրապյանների ընտանիքին ԳԱԼԱ-ն անդրադարձել էր դեռ ամիսներ առաջ: Սրապյանները այն սակավաթիվ սիրիահայերից են, որ որոշել էին հաստատվել ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, քանի որ հեռավոր բարեկամներ ունեն Գյումրիում: Իշխանությունների ուշադրությունից և հոգածությունից դուրս մնացած ընտանիքը հայտնվել էր ավտոտնակում: Մեր հրապարակումից հետո անմիջապես արձագանքեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, ՄԻՊ գրասենյակից, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանից, խոստացան ապահովել ժամանակավոր կացարանով կամ բնակարանով, ինչպես նաև՝ վճարել բնակվարձն ու ապահովել օգնությամբ՝ արդարանալով, որ Գյումրիում հայտնված ընտանիքների մասին ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղյակ չէր:

Ամիսներ անց ընտանիքի հայրը՝ Գրիգոր Սրապյանը, ԳԱԼԱ-ին բողոքում է, որ բոլոր կառույցներից իրենց խաբել են, և իրենք խնդրում են օժանդակել ընտանիքին, որ կարողանան արտագաղթել Հայաստանից մի որևէ ապահով երկիր, որտեղ կկարողանան աշխատանք գտնել:

«ՀՀ սփյուռքերու նախարարությունից ասեցին, որ իրանք կացարանի փող կուտան, 2 ամիս տվեցին, ատկե ետքը մի երկու անգամ սնունդ տվին, ու վերջ… նախարարը մեզ ուղարկեց Երևան՝ Բանգլադեշ, հոն Տեր Գրիգորը կա, ասին՝ չեկ կուտա՝ ամեն մի անդամին 10 հազար դրամի չեկ: Ես Գյումրիեն ելա գնացի Երևան, երեք հոգու տեղ մեզի երկու չեկ տվավ, քանի որ տղայիս պասպորտի տեղը նկարն էի տարել, ասաց՝ էլի զանգե մեզի: Հիմա կձայնենք, էլ հեռախոսը Տեր Գրիգորը չի վերցուցե…»:

Գրիգոր Սրապյանի վստահեցմամբ սփյուռքի նախարարությունը խոստացել է երկու օրում այդ հարցը լուծել, և անկատար է մնացել նաև այդ խոստումը: Նրա խոսքերով՝ մայրաքաղաքում գտնվող սիրիահայ ընտանիքները օգտվում են ամենամսյա այդ կտրոններից, իսկ իրենք Գյումրուց չեն օգտվում, բացի այդ, նրանց ոչ ոք աշխատանքով չի ընդառաջում, ոչ մի տեղ աշխատանք գտնել ոչ մի կերպ չի հաջողվում: Քանի որ ՀՀ սփյուռքի նախարարությունն էլ հրաժարվել է վճարել իրենց բնակվարձը, ստիպված են եղել տեղափոխվել մի նոր բնակարան, ուր վարձը համեմատաբար քիչ է՝ 30 հազար դրամ: Գրիգոր Սրապյանը պատմեց, որ այդ նոր բնակարանում անգամ մահճակալ ու աթոռ չի եղել, և իրենց ճանաչող գյումրեցիներն են նրա ընտանիքին օգնել:

«Հոս Մանուշյան եմ վարձել մեկ սենյակ, ես վարձել եմ, ես եմ տալիս: Քովներս ինչ կար, ինչ որ կպահեի, ամենը հատավ, ողջ լինեն հարևանները, գյումրեցիք օգնեցին, աս պարոն Սամվելը կառավատ տվավ ինձ, պարոն Վաչիկն ասում է՝ արի տանեմ քեզ նոր բլուզ առնեմ, ինքը խանութ ունի, ինձ ապրանք կուտա, որ հետո փող ունենամ տամ: Ես շատ ուրախ եմ, որ ամենը օգնեցին, չեմ ուրանա, դրացիները մեզ մուրաբա տվեցին ամբողջ ձմեռ շշերով փակած, որ դուք բանկա կասեք: Իսկ տիկին Հրանուշը պտի ամչնա, որ մեզի պես մարդկանց կխաբե, մենք հայ ենք, ասիկ մեր հայրենիքն էլ է: Մենք ընչի՞ եկանք ստեղ, մենք բարեկամ ունեինք Ամերիկա, Վրաստան, բայց իրանց քով չգնացինք, ասինք մեր երկիրն երթանք, որ անդեղից էլ չքշեն, բայց իզուր: Թե չեն կարնա մեզի պահին, աշխատանք տան, տեղ, թող մեզի ուրիշ երկրի տան, մինչև մեր ճամփաները բացվի, մենք մեր տուն երթանք՝ Հալեպ»:

Պարոն Սրապյանն ասաց նաև, որ ինքը հիվանդացել է և առողջապահական ծառայություններից էլ օգտվել չի կարող: Մի կերպ ծանոթ բժիշկներ են գտել, նշանակումներ են արել, բայց դեղեր գնել չի կարող:

«Խոսեցի սփյուռքի նախարարի հետ, ասի՝ պիտի գնամ քաղաքապետարան, ասաց՝ պետք չէ, եթե Երևան ես, արի մեր մոտ, ասի՝ չէ, ես Գյումրի եմ կենում, ես էսօր խոսացի իրա հետ, ասի՝ ուզածդ ժամին գամ Երևան: Զաքարյանի հետ կխոսեի, ասաց՝ ախպեր ջան, կուդամ նախարարին, ասա բողոքդ, լավ բողոքվա, ասի՝ ամոթ է, ճամփեք էրթանք…

Մոռցա ասեի, որ մեջքիս երեք կոճակ գրիժա կա, 10 հազարի դեղ գրած են, չենք կարա գնել, եկուր մեր տունը և տես, դեղագիրը կա, չենք կրնար առնենք»:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս