Հանձնե՞լ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին

«Ես կարծում եմ՝ այս պայմաններում՝ դիվանագիտական սուբյեկտ դառնալուց հետո, Արցախի հայկական հանրապետությունն ինքը կորոշի՝ դիմել Ռուսաստանին՝ հայտ ներկայացնելու 15 հազար քառ. կմ-ի վրա, այսինքն՝ Լեռնային և Դաշտային Արցախի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունով մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ՝ որպես ֆեդերատիվ, քաղաքական սուբյեկտ, հանրապետություն, ինչպես Չեչնիան, Ուդմուրտիան, Բաշկիրիան…»:

Կարծում եք, թե սա ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարությունից հետո Մոսկվայի հնչեցրած հերթական դիվանագիտական նոտա՞ն է: Ոչ, միանգամից պատասխանենք, որ սխալվեցիք: Խոսքերի հեղինակը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ավելին՝ քաղաքական գործիչ, Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար, բոլորին հայտնի Դավիթ Հակոբյանն է:

Վերջինս այսօր կայացած իր ողջ մամուլի ասուլիսը նվիրեց ղարաբաղյան հիմնահարցին և հայկական դիվանագիտության խնդիրներին՝ նշելով, որ չի խոսելու այլ հարցերի մասին, միայն ասաց, որ «այսօր վտանգված է ազգի և ժողովրդի կենսաբանական անվտանգությունը»:

Իհարկե, Դավիթ Հակոբյանը չափազանց բանիմաց և գրագետ քաղաքական գործիչ է, և որքան էլ նրա արտահայտությունները, հայտարարությունները շատերն ընդունեն որպես հումորային կամ էքսցենտրիկ, այնուամենայնիվ, կարծում ենք՝ իրականում նրա հետ գաղափարական բանավեճի կարող են բռնվել միայն փորձառու գործիչներն ու քաղաքագետները:

Կարող ենք դրական համարել այն, որ քաղաքական գործիչը, խոսելով պետությանը վերաբերող որևէ խնդրի, այս դեպքում՝ արտաքին քաղաքականության մասին, հարցը դիտարկում է գաղափարական հարթության վրա, և միգուցե գլխավոր մարքսիստն իրավացի է, որ Հայաստանի դիվանագիտությունն արցախյան հարցում լուրջ արդյունքների չի հասել: Այդ մասին կարող ենք դատել այսօր ունեցած արդյունքներով և արդեն իսկ գերտերությունների կողմից հարցի վերաբերյալ ահագնացող հայտարարություններով, եթե ոչ՝ սպառնալիքներով: Միգուցե շատերը համաձայնեն, որ ՀՀ արտգործնախարարը, ինչպես Դ. Հակոբյանն արտահայտվեց, «թռի-վռի մի ճպուռ», «Фигаро там, Фигаро тут», շրջագայում է ամբողջ աշխարհով մեկ, դրա վրա բյուջեից ծախսվում են ահռելի գումարներ, և նրա հանդիպումներից հետո մենք ունենում ենք միայն լոզունգային, ստանդարտ հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն նպաստում հիմնախնդրի լուծմանը, և Հայաստանին պետք են «նոր դիվանագիտական ուղեղներ» (ի դեպ, ԱԳՆ-ի անգործության մասին բարձրաձայնում են նաև մի քանի հայտնի դիվանագետներ):

Միանշանակ է, որ հիմնախնդրի լուծումը չի կարող տեղի ունենալ առանց ԼՂՀ ժողովրդի ներկայացուցչության մասնակցության, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է դառնա դիվանագիտական սուբյեկտ: Սակայն այն, ինչ Դ. Հակոբյանն ասաց ՌԴ-ին միանալու վերաբերյալ, առնվազն նվաստացուցիչ է թե՛ ԼՂՀ-ի և թե՛ Հայաստանի Հանրապետության համար, որը, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության գլխավոր երաշխավորն է:

Իհարկե, վերջին շրջանում՝ Երևանում կազմակերպվող կուրղինյանական երեկոների ֆոնի վրա, այսպիսի հայտարարությունները կարծես գնալով սովորական են դառնում, բայց, այդուհանդերձ, դրանք չափազանց վտանգավոր են: Սրանից բխում է տրամաբանական հարց՝ իսկ ինչո՞ւ ԼՂՀ-ն պետք է դիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ նրան միանալու համար: Այս հարցը մենք ուղղեցինք Դավիթ Հակոբյանին, ով ի պատասխան՝ ասաց. «Որպեսզի հարցը լուծվի՝ ըստ Գյուլիստանի պայմանագրի»:

Թե սրանով ի՞նչ նկատի ուներ Հայաստանում Մարքսի գաղափարների լավագույն գիտակը, մնում է միայն կռահել, պարզապես հիշեցնենք, որ Գյուլիստանի պայմանագիրը ստորագրվել է 1813 թ. հոկտեմբերին՝ Արցախի պատմական Խաչեն շրջանի Գյուլիստան գյուղում (այն մտնում էր ԼՂԻՄ-ի Շահումյան շրջանի մեջ), ցարական Ռուսաստանի և շահական Պարսկաստանի միջև, երբ դեռևս գոյություն չուներ Հայաստանի Հանրապետությունը, և Արևելյան Հայաստանը գտնվում էր՝ պարսկական, իսկ Արևմտյան Հայաստանը՝ օսմանյան դաժան լծերի տակ: Հայ պատմագիտությունը սրա գնահատականը վաղուց տվել է, և չենք ուզում մտնել նեղ մասնագիտական դաշտ: Միայն նշենք, որ հայ ժողովրդի համար տվյալ ծանրագույն ժամանակաշրջանում միակ փրկությունը սպասվում էր հյուսիսից՝ Ռուսաստանից, որը գնալով տարածում էր իր ազդեցությունը տարածաշրջանում: Թե ինչպես էր հետագայում ապրում հայ ժողովուրդը ցարական Ռուսաստանի կազմում, քանի՞ անգամ ազատագրվեցին Արևմտյան Հայաստանի շրջաններն Օսմանյան Թուրքիայից և քանի՞ անգամ հետ տրվեցին, սա նույնպես հայտնի է պատմությանը, միայն ընդգծենք, որը, ըստ վերոհիշյալ Գյուլիստանի պայմանագրի, որն, ի դեպ, Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ մինչ օրս չի կորցրել իր իրավական ուժը (?), ի թիվս մի շարք այլ շրջանների, Ղարաբաղն անցավ Ռուսաստանի՛ կազմի մեջ:

Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանին միանալը Դավիթ Հակոբյանը որակեց՝ որպես «անկախության առաջին աստիճան», որից հետո մենք պետք է սկսենք երկրորդ հայկական հանրապետության սաղմնավորման գործընթացը: Ի դեպ, այս տրամաբանությամբ՝ նույնը կարելի է ասել Հայաստանի Հանրապետության մասին, քանի որ ներկայումս ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում մի փոքր դժվար է գնահատել, թե անկախության որ աստիճանում է գտնվում Հայաստանը, միգուցե ՀՀ-ն նո՞ւյնպես պետք է դիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ Չեչնիային և Ուդմուրտիային հավասարվելու խնդրանքով (այդ դեպքում՝ հավանաբար գազն էլ ավելի էժան կստանանք):

Չմոռանանք նշել, որ այս ամենը Դավիթ Հակոբյանն ասում էր՝ իր գլխավոր ուղերձը տեղ հասցնելու համար: Դե, իհարկե, խոսքը վերաբերում է Եվրասիական կամ Մաքսային միությանը և Հայաստանի անդամակցությանն այդ կառույցին: Գլխավոր մարքսիստն ասաց, որ «Հայաստանը պետք է նախապատվությունը տա Եվրասիական նոր պուտինյան միությանը, և այս շրջանակներում էլ հնարավոր է՝ Արցախին էլ ընդունեն մաքսային չորրորդ սուբյեկտը»: Թե ո՞ր ուղղությամբ պետք է գնա Հայաստանը՝ Արևմո՞ւտք, թե՞ Հյուսիս, սա մամուլի ամենաքննարկվող թեմաներից է, և կարծում ենք՝ կարիք ունի մասնագիտական ուսումնասիրության, առաջին հերթին՝ տնտեսական և քաղաքական տեսանկյուններից: Միայն ուզում ենք անդրադառնալ Դավիթ Հակոբյանի ևս մի մտքի, թե Լեռնային Ղարաբաղն ազատագրվել է Ռուսաստանի օգնությամբ: Այսպիսի արտահայտություններ՝ պուտինյանի միության ստեղծման ֆոնի վրա, վերջերս բավական հաճախակի են դարձել: Նման մի միտք նախորդ շաբաթ հայտնեց նաև մոսկվաբնակ Սերգեյ Կուրղինյանը, ով «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Իգոր Մուրադյանի հետ բանավեճում հայտարարեց, թե հայերը Լաչինի շրջանն ազատագրել են ռուսական ուժերի օգնությամբ: Սա բավական զարմացրեց Ի. Մուրադյանին, ով ավելի ուշ հրապարակված իր հոդվածում հերքեց Կուրղինյանի այդ հայտարարությունը:

«Մոսկվացի քաղաքագետը բերեց իր գլխավոր փաստարկը՝ Ռուսաստանն օգնել է հայերին Ղարաբաղում, այդ թվում՝ «Լաչինը գրավելու ժամանակ»: Դժվար է հասկանալ, թե ի՞նչն էր նկատի առնվում՝ երևի ռուսական բանակի երկու պատժիչ արշավանքները Ղարաբաղի հայ բնակչության դեմ: Ինչպես հայտնի է, դրանց արդյունքում ոչնչացվեց 40 հայկական գյուղ, և սպանվեց 1000 մարդ»,- գրել էր Ի. Մուրադյանը:

Թե ի՞նչ մասնակցություն են ունեցել ռուսական ուժերը ԼՂՀ-ի որևէ շրջանի ազատագրման գործում, արդյո՞ք ունեցել են, կամ ի՞նչ մասնակցություն են ունեցել հակառակ ճակատում, մասնավորապես՝ 1991թ. «Կոլցո» գործողության և 1992թ. հունիս-հուլիս ամիսներին, մասնավորապես՝ Շահումյանի շրջանի անկման ժամանակ, սա ավելի մասնագիտական՝ պատմագիտական գնահատականի է ենթակա:

Միայն հիշեցնենք մի հայտնի ասացվածք, որի իմաստի ընկալումը, կարծում ենք, կարևոր է հատկապես փոքր ժողովուրդների համար`«ուժեղներն օգնում են նրանց, ովքեր իրենք իրենց են կարողանում օգնել»:

Տեսանյութեր

Լրահոս