«Ո՞ւր ես գնում, Վրաստան». Կլաարը՝ վրաստանյան զարգացումների մասին

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը արձագանքել է Վրաստանում շարունակվող ատելության քարոզարշավին: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Կլաարը գրել է, որ մայիսի 9-ը՝ Եվրոպայի օրը, պետք է լինի համընդհանուր տոնակատարության օր, սակայն «ժողովրդի թշնամիների» և անանուն հեռախոսազանգերի ֆոնին հարց է ծագում, թե ուր է գնում Վրաստանը։

«Այսօր պետք է հանդիսավոր օր լինի, բայց սիրտս ցավում է։ Մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն ընդհանուր արժեքների և ուժեղ քաղաքացիական հասարակության աջակցության վրա, որտեղ տեղ չունեն «ժողովրդի թշնամիների» ցուցակները և անանուն հեռախոսազանգերը։ Quo vadis (ուր ես գնում — հեղ.), Վրաստան»,- X սոցիալական ցանցում գրել է Կլաարը:

Հիշեցնենք. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերային ժամերին Թբիլիսիում հասարակական կազմակերպությունների գրասենյակների, քաղաքացիական ակտիվիստների տների, քաղաքական կուսակցությունների դռների, լրագրողների բնակելի շենքերի պատերին վիրավորական և ատելություն քարոզող գրություններ և պաստառներ են հայտնվել։

«Գործակալների մասին օրենքի» դեմ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները վերջին օրերին ենթարկվում են անհայտ անձանց հարձակմանը: Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կարծում են, որ բռնությունների նախաձեռնողը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է։

Տեսանյութեր

Լրահոս