XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
Մոլորակի առաջատար կլիմայագետների գնահատմամբ՝ մինչև այս հարյուրամյակի վերջը Երկրագնդին օդի ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանի համեմատ կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով՝ առաջացնելով աղետալի հետևանքներ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը նշում է, որ փորձագետների շուրջ 80 տոկոսի գնահատմամբ՝ ջերմաստիճանը կաճի առնվազն 2.5 աստիճանով ըստ Ցելսիուսի: Հարցվածների մոտ 50 տոկոսն ենթադրում է, որ ջերմաստիճանը կբարձրանա առնվազն 3 աստիճանով: Միայն 6 տոկոսն է գտնում, որ տաքացումը չի գերազանցի միջազգային մակարդակով սահմանված 1.5 աստիճանի շեմը:
Գիտնականները հուսահատված են այն մտքից, որ չնայած հասունացող կլիմայական աղետի մասին հուշող գիտական ապացույցներին՝ երկրների իշխանություններն այն կանխելու որևէ գործողություն չեն ձեռնարկում:
The Guardian-ի տվյալներով՝ վերջին չորս տարիներին աշխարհում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է է 1.2 աստիճանով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականը դարձել է դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին՝ 2016 թվականից հետո։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարիներից առնվազն մեկը ռեկորդային շոգ է լինելու, իսկ օդի միջին ջերմաստիճանը բարձրանալու է 1.5 աստիճանով։
Փարիզի՝ 2015 թվականի համաձայնագրով նախատեսվում է մինչև 2050 թվականը Երկրագնդում օդի ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակել 1.5 աստիճանով: