Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ. ՆԳՆ
Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակիցների մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Մի քաղաքացի իր բեռնատարով, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մուտք է գործել Հանրապետության հրապարակ։ Ոստիկանները ձերբակալել են վարորդին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության կենտրոնական բաժին»,–նշեցին ոստիկանությունից։
Նախնական տվյալներով` վարորդը եղել է ոչ սթափ, ասել է`եկել էր հրապարակ, որ մասնակցի հանրահավաքին։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակիցը Հանրապետության հրապարակից հայտնել էր, որ բեռնատար ավտոմեքենան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ մտել է Հանրապետության հրապարակ։ Հանրահավաքի մասնակիցները կարողացել էին հետ քաշվել, տուժողներ չեն եղել։