Խնդրելու են Ասիական բանկին՝ Հյուսիս-հարավի բացահայտումների պատճառով տուգանքներ չկիրառել
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը։ Նա նշել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը շատ լուրջ խնդիրներ է բացահայտել։ «Հիմա անհրաժեշտություն կա հրատապ շտկումներ մտցնել, և ինձ ֆինանսների նախարարը զեկուցել է, որ ունենք նաև ֆինանսական պարտավորություններ, որոնք առաջանում են բացահայտված այդ խնդիրների առնչությամբ։ Հանձնարարական է տրվում էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններին` անհապաղ բանակցություն սկսել Ասիական զարգացման բանկի հետ, փոփոխություններ կատարել պայմանագրերում, որ մենք ունենք այդ բանկի հետ, որպեսզի բացահայտված թերությունների պատճառով տույժ-տուգանքներ չկիրառվեն, քանի որ ըստ այն զեկուցագրի, որ դուք ինձ ներկայացրել եք, ձգձգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ բազմաթիվ մեթոդաբանական փոփոխություններ են իրականացվել նախնական պայմանագրում։ Մասնավորապես, տեխնիկական հսկողի, ծրագրի օպերատորի հայեցակարգը, որը մի քանի անգամ փոխվել է Ասիական բանկի նախաձեռնությամբ, և այսօր բացահայտված խնդիրներն առնչվում են հենց ծրագրի կառավարմանը, որն իրականացվում է գերմանական, ֆրանսիական և իսպանական ընկերությունների կողմից։ Եվ այն դժգոհությանը, որ դուք ունեք այդ կառույցների նկատմամբ, անհապաղ պետք է տեղյակ դարձնեք Ասիական բանկին և անհապաղ սկսեք բանակցություն, որպեսզի մենք տույժ-տուգանք չվճարենք»։ Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարին է հանձնարարել սկսել բանակցային գործընթացը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում անձամբ միջամտել խնդրին։