
Քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով հարցաքննվում են վկաները

Բնակարաններ ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության՝ Գագիկ Պապոյանի դեմ գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Այսօր հարցաքննված վկաները հիմնականում իրացման գոտու բնակիչներն էին, ում խոստացել էին նորակառույց բազմաբնակարան շենքերից բնակարաններ՝ իրենց անշարժ գույքի փոխարեն, սակայն շենքերը չեն կառուցվել, և իրենք էլ մնացել են ձեռնունայն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր հարցաքննվեց նաև մեկ «ուշացած» տուժող՝ Շահեն Հովհաննիսյանը: Տուժողը ՌԴ-ից դատարան էր եկել արդեն տուժողների հարցաքննության փուլի ավարտից հետո՝ արդեն երրորդ դատական նիստն է, ինչ հարցաքննվում են գործով վկաները:
Հունիսի 6-ի դատական նիստում կհարցաքննվեն ևս 28 վկաներ՝ դատակոչի ցուցակի 92-120 համարների ներքո գտնվող վկաները՝ ընդհանուր առմամբ վկաների թիվը 143-ն է:
Ըստ մեղադրանքի՝ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը «խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գույքը:
Գործով մեղադրվում էր նաև Սիմոն Աղազարյանը, որի մասով գործը կասեցվել է՝ մինչև նրա առողջանալը: