Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանի որդին չի ընդունում մեղքը

Սյունիքի` լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարած մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանությունն ստանձնել են Փաստաբանների պալատի փաստաբաններ` Կարմեն Սահակյանը և Մարտին Զիլֆուղարյանը: Հնարավոր է նրանց միանա նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Կարմեն Սահակյանը կտրականապես հրաժարվեց գործի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել և միայն ասաց, որ Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը: Ինչ վերաբերում է Զարզանդ Նիկողոսյանին, ապա վերջինը փաստաբանի խոսքով, չի ընդունում հենց առաջադրված մեղադրանքը: «Տիգրանը չի ընդունում իր մեղքը, իսկ Զարզանդը` ոչ առաջադրված մեղադրանքում»,- փոխանցեց փաստաբանը` միևնույն ժամանակ չնշելով, թե հատկապես ինչպիսի մեղադրանք է ընդունելի Զարզանդ Նիկողոսյանի համար:

Ինչ վերաբերում է գործին ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի ներգրավելուն, ապա փաստաբան Կարմեն Սահակյանն ասաց, որ ինքը նախաքննական մարմնին դիմում է պատրաստվում ներկայացնել` Ռուբեն Սահակյանին որպես երրորդ փաստաբան գործին ներգրավվելու մասին:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում սակայն, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանն ասաց, որ առաջարկություն եղել է, բայց դեռ չի որոշել` կներգրավվի՞ գործին, թե՞ ոչ: Հարցին, թե հնարավո՞ր է այնուամենայնիվ ՓՊ նախագահը որոշի ստանձնել պաշտպանությունը, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Չգիտեմ, մեկ-երկու օր սպասեք, կասեմ»:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում տեղի ունեցածի կապակցությամբ կալանավորված Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խիստ մեղադրանքներ են առաջադրվել: Մասնավորապես, ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հատուկ կարևորագույն գործերով քննչական բաժնում ձևավորված քննչական խմբի ղեկավարի կողմից հունիսի 3-ին որոշվել է Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին և Տիգրան Սուրիկի Խաչատրյանին առաջադրել մեղադրանք` ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112 հոդ. 1-ին մասերի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Գորիս քաղաքի Դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց հունիսի մեկին տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Էմիլի Բուդաղյանը տեղում մահացել էր, իսկ նրա եղբայր ՊՆ գնդապետ, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր ՊՆ զինվորական հոսպիտալ: Դեպքի վայրում հրազենային վնասվածքներ էր ստացել նաև Սուրիկ Խաչատրյանի մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս