
Առողջապահության նախարարությունը պնդում է, որ Ամալյա Նազարեթյանը բուժման կարիք ունի

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ վերջերս հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված Ամալյա Նազարեթյանի մասին։ Հիշեցնենք, որ Ա.Նազարեթյանի ծանոթների և հարևանների պնդմամբ՝ կինը հոգեկան հիվանդությամբ չի տառապում և նրան ցանկացել են պարզապես մեկուսացնել։ Այս առնչությամբ ԱՆ հաղորդագրության մեջ ասվում է.
«Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երևանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։
Հանձնաժողովն, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո»։