
Սպանված Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայողի առողջական վիճակը լավանում է

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում, ինչպես տեղեկացրել էինք, տեղի էր ունեցել «լեզվակռիվ», որին հետևած կրակոցների արդյունքում մահացել էր 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը։ Նրա թաղման արարողությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, որովհետև ծնողները որոշել էին որդու դին ի նշան բողոքի տեղափոխել Երևան, սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել էին ուժային կառույցների ներկայացուցիչները:
Բացի Լյուքս Ստեփանյանից՝ զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վիրավորվել էր նաև Հրաչյա Սարգսյանը, ով երկար ժամանակ է գտնվում է ՊՆ Երևանի կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է նորմալ:
Մեզ չհաջողվեց խոսել Հ. Սարգսյանին բուժող բժշկի հետ, բայց ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը, հիվանդի վիճակն արդեն նորմալ է: Ըստ փոխգնդապետի, Հրաչյա Սարգսյանն արդեն խոսում է, շփվում է մարդկանց հետ, իրեն հարազատներն են այցելում, և հնարավոր է, որ շուտով, հավանաբար վաղը, տեղափոխվի հիվանդասենյակ: