«Հայաստանից տարեկան մեկ միլիարդ դոլարի արտահոսք է լինում»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը  «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում մեր երկրում ծավալվող քննարկումներին՝ ո՞ւր գնալ՝ Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական միություն, ասել է, որ անհրաժեշտ է գիտական մակարդակի լրջագույն քննարկում անցկացնել այդ հարցով:

«Խորիմաստ մոտեցում է պետք: Ի՞նչ է նշանակում այսպես պարզունակ ձևով ասել՝ Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա: Մենք ունե՞նք Հայաստանի զարգացման հեռանկարի կոնցեպտը, որը ցույց կտա, թե Հայաստանը ո՞ւր և որ ամենագլխավորն է՝ ինչպե՞ս է գնալու: Իր ներքին ո՞ր պոտենցիալն է օգտագործելու, որպեսզի այդ ամբողջն իրականացնի: Մենք մանկապարտեզի երեխաներ չենք, որպեսզի որևէ մեկն ասի՝ սա չի կարելի անել, նա էնպես է պետք անել»,- ասել է Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր դիտարկում են մեզ, տեսնում են, թե մենք ինքներս ինչ ենք անում, և դրան համապատասխան էլ վերաբերմունք են ձևավորում մեր նկատմամբ:

«Սա շատ տրիվիալ, բայց շատ կարևոր հանգամանք է, որը բոլորս պետք է հասկանանք: Եթե, ասենք, ՌԴ-ն, ԱՄՆ-ը կամ մեկ այլ երկիր տեսնում է, որ Հայաստանից տարեկան մեկ միլիարդ դոլարի արտահոսք է լինում, չե՞ն ասում՝ որ էդ մեկ միլիարդն ունեք, ինչո՞ւ չեք օգտագործում: Իսկ այդ գումարը գնում է նաև ապրանքի տեսքով, որի համար հարկեր չեն վճարվել, մաքսատուրք չի գանձվել, դրսում վաճառվելուց հետո շահութահարկ չի վճարվել, ու շահույթը չի վերադարձել Հայաստան, ներդրում չի արվել,- ասել է ՀԴԿ ղեկավարը` շարունակելով,- Կոչ եք անում այլոց, որ Հայաստանում ներդրումներ անեն, բա նրանք էլ ասում են՝ ինչո՞ւ ձերոնք դա չեն անում: Սա շատ կարևոր հանգամանք է, որ մեր մասին տպավորություն ստեղծվի: Մարդիկ էլ մտածում են, որ ուրեմն՝ ներքին մոնոպոլ շուկան է խանգարում, տնտեսական մրցակցության բացակայությունը, մեծ ռիսկայնությունը, ինչն էլ բերում է անվստահության և արտագաղթի: Այս պայմաններում ի՞նչ վերաբերմունք է լինելու Հայաստանի նկատմամբ: Ամենատարրական բանն եմ ասում՝ եթե օտարերկրացին ներդրում է կատարում, արդյոք շանտաժի չի՞ ենթարկվում»:

Տեսանյութեր

Լրահոս