
Չնայած Թուրքիայում առկա լարվածությանը՝ Էրդողանը մեկնել է Հյուսիսային Աֆրիկա

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնել է հյուսիս-աֆրիկյան շրջագայության, որի շրջանակներում նա այցելելու է Մարոկկո, Ալժիր և Թունիս:
Աֆրիկա մեկնելուց առաջ Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում մեկնաբանել է երկրում ընթացող իրադարձությունները. «Դրանց հետևում կանգնած է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) և արմատական ոչ մեծ խմբերը:
Նրանք դա գնահատում են որպես իրենց ազատությունների պաշտպանություն, իսկ ի՞նչ կարելի է ասել մյուսների ազատության մասին: Որքա՞ն ավտոմեքենա է այրվել: Փառք Բարձրյալին, որ զոհեր չկան:
Վիրավորվել է 160 ոստիկան, 60 քաղաքացի ստացել է վնասվածքներ, մեր գրասենյակը քարկոծվել է: Նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ չեն կարողացել հասնել ԱԶԿ-ի պարտությանը, փորձում են իրենց նպատակին հասնել այդ ճանապարհով: Քիչ մնաց, ժողովուրդն արժանի պատասխան կտա հերթական ընտրություններում»: