Լոռու նորանշանակ դատախազի միջնորդությամբ ծառայողական քննություն է իրականացվում մարզի քննիչների նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազի` այս տարվա մարտի 21-ի հրամաններով՝ մազրզերում դատախազների փոխատեղումներ եղան. Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը նշանակվեց Շիրակի մարզի դատախազ, իսկ Լոռու դատախազի պաշտոնում նշանակվեց Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։ Վերջինս պատասխանել է 168.am-ի հարցերին:
-Պարոն դատախազ, ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր պաշտոնավարման 2 ամիսների ընթացքում` կադրային, ծրագրային, կառուցվածքային:
-Ոչ մի կադրային փոփոխություն չի եղել դատախազների շրջանում, ոչ մի կառուցվածքային փոփոխություն չի եղել և չի պատրաստվում, որովհետև կենտրոնացված համակարգ է դատախազությունը, մի մարզում չի կարող լինել առանձին կառուցվածքային փոփոխություն: Իսկ կատարելիք աշխատանքները, բնականոն հունով դատախազությունն իր գործառույթներն է կատարել, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսդրությամբ:
-Մեր աղբյուրների փոխանցմամբ` մարզում ծառայողական քննություններ են կատարվում: Ճի՞շտ է տեղեկությունը:
-Միջնորդություն եմ ներկայացրել ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին` ծառայողական քննություն անցկացնել որոշ քննիչների նկատմամբ:
-Ներկայումս աշխատո՞ղ քննիչների:
-Կարող է գործող լինեն, կարող է նախկին: Ես կոնկրետ գործերով եմ գրել, ոչ թե անձնավորված, կոնկրետ քրեական գործերով քննություն կատարած քննիչների վերաբերյալ: Կարող է մի գործը 3 քննիչ քննած լինեն: Ես անհատների անուններ չեմ ուզում նշել, քննությունը կկատարվի, արդյունքների մասին կտեղեկանաք:
-Կասե՞ք` ի՞նչ գործեր են, և ի՞նչ հիմքերով եք ներկայացրել Ձեր միջնորդությունը:
-Ոչ, այս պահին ձեռնպահ կմնամ, քանի որ նպատակահարմար չէ: Ակնարկ էլ չեմ անի, ասելուց ես լիարժեք կասեմ: Այս պահին նպատակահարմար չեմ գտնում, քանի դեռ ընթացքի մեջ է ծառայողական քննությունը: Ծառայողական քննության միջնորդություն կատարվում է, եթե գտնում է դատախազը, որ աշխատանքում տեղ են գտել խախտումներ կամ թերություններ:
-Լուրեր են շրջանառվում, որ տարաձայնություններ ունեք մարզի իրավական կառույցների հետ` ոստիկանություն, դատարան:
-Չգիտեմ Ձեր տեղեկատվությունը որտեղից է գալիս, բայց ճիշտ չէ: Չի կարող տարաձայնություն լինել, կարող են աշխատանքային հարաբերություններ լինել, ընտանիքում էլ են լինում. նույն փաստի վերաբերյալ մի քանի տեսակետներ: Ի՞նչ է նշանակում տարաձայնություն:
-Իսկ Ձեր մուտքն ինչպե՞ս ընդունվեց Լոռիում:
-Շատ բերկրանքով. իմ տպավորությունն է դա:
-Հատկապես ծանր հանցագործությունների դեպքում Լոռիում բարձրաստիճան իրավապահ պաշտոնյաները մեկնում են դեպքի վայր: Վերջին` Թովմա Մաթևոսյանի սպանության դեպքի ժամանակ մարզի դատախազն այնտեղ չէր: Կմեկնաբանե՞ք:
-Գործող Քրեական դատավարության օրենսդրության համաձայն` դատախազը դեպքի վայրի զննության` քննչական գործողությանը չի մասնակացում: Դատախազը հսկողություն է իրականացնում նախաքննության նկատմամբ և չի մասնակցում քննչական գործողություններին: Այնպես որ, իմ գործողությունները եղել են բացարձակապես օրինական և հիմնված են եղել օրենքի վրա:
-Ինչպե՞ս եք գնահատում հանցավորության աստիճանը Լոռիում: Կա՞ որակական և քանակական տարբերություն օրինակ Արմավիրի մարզի համեմատությամբ:
-Սովորական, ինչպես հանրապետության մյուս մարզերում, շատ սովորական: Եվ ընդհանրապես ՀՀ-ում մարզերն իրարից չեն տարբերվում: Կա չնչին տարբերություն` առանձնահատկություններից կախված` ազգաբանակչության, բնակլիմայական պայմանների, աշխարհագրական դիրքի: Գեղարքունիքի մարզում միգուցե ձկնագողությունը մի քիչ շատ տարածված լինի, Լոռու մարզում էլ` ապօրինի անտառահատումը, իսկ Արմավիրի մարզում անտառահատում չի լինի, որովհետև անտառային շերտ չկա: Որևէ էական տարբերություն չեմ զգում:
Լուսանկարը՝ News.am-ի