Բաժիններ՝

Մոնսերատ Կաբալիեն՝ Հայաստանում

Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը:

Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին,

մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:

Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի  գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաև Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:

Կարդացեք նաև

Մոնսերատ Կաբալիե, սոպրանո (Montserrat Caballé)

Monserrat-1

Մոնսերատ Կաբալիեն միջազգային ճանաչման արժանացավ 1965-ին:

Կարճ ժամանակահատվածում ստանձնելով Դոնիցետիի «Լուկրեցիա Բորջա» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգը, դեռևս անհայտ երգչուհին, Կարնեգի Հոլլի իր ելույթի ժամանակ առաջին իսկ արիայով ապշեցրեց Նյու Յորքի հանդիսատեսին, որը 20 րոպե շարունակ ծափահարում էր երգչուհուն: «New York Herald Tribune» թերթը հաջորդ օրը գրեց. «Երբ Կաբալիեն սկսեց իր առաջին արիան, օդում ինչ-որ զգալի բան փոխվեց: Թվաց, թե բոլորը դադարել են շնչել»: Այս ելույթից հետո Կաբալիեն երգեց աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում, դրանց թվում են՝  Միլանի La Scala-ն, Նյու Յորքի Metropolitan-ը, Վիեննայի Staatsoper-ը, Լոնդոնի Royal Opera House Covent Garden-ը, Paris Opera-ն, Բարսելոնայի Gran Teatro del Liceo-ն, Մոսկվայի Մեծ թատրոնը, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, Բուենոս Այրեսի Teatro Colցn-ը, San Francisco Opera-ն, Hamburg Opera-ն, Munich Opera-ն: Հանդես է եկել  հեղինակավոր փառատոներում, հայտնի համերգասրահներում. Salzburg Festival, Aix en Provence, Orange, Glyndebourne, Pesaro, Verona, London Royal Festival Hall, Նյու Յորքի Carnegie Hall և Avery Fisher Hall, Բարսելոնայի Palau de la MՕsica Catalana, Մադրիդի Teatro Real, Տոկիոյի NHK Hall, Փարիզի Salle Pleyel, Salle Gaveau և Thëâtre Champs Elysées, Ամստերդամի Concertgebouw, Վիեննայի Konzerthaus, և այլն: Կաբալիեն համագործակցել է հեղինակավոր նվագախմբերի հետ` աշխարհահռչակ դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանի, Լեոնարդ Բերնսթայնի, Զուբին Մետայի, Կլաուդիո Աբբադոյի, Ջեյմս Լևայնի, Սեյջի Օզավայի, Սըր Ջորջ Շոլթիի, Սըր Քոլին Դևիսի, Ռիկարդո Մուտիի, Կարլո Մարիա Ջուլինիի և այլոց ղեկավարությամբ:

Ընդարձակ է Կաբալիեի երգացանկը՝ ավելի քան 90 դերերգ: Նրա ձայնագրություններն ընդգրկում են ավելի քան 80 անվանում (որոնց կեսը կազմում են ամբողջական օպերաներ): Նա կատարել է ամենահայտնի դերերգերը` Լուիզա Միլլերից մինչև Սալոմե, Պամինայից մինչև Իզոլդա: Նա գերազանցապես հայտնի է՝ որպես bel canto խաղացանկի չգերազանցված կատարող (Դոնիցետի և այլք): Մոնսերատ Կաբալիեի կատարման մեջ միավորվում են խորը հուզականությունը և դրամատիզմը: Նա իրավամբ համարվեց Մարիա Կալլասի արժանի հետևորդը` Նորմայի դերակատարման մեջ: Հետևողական աշխատանք է տանում մոռացված մեծարժեք ստեղծագործությունների վերհանման և փայլուն կատարման ասպարեզում (դրանով նա հանդիսանում է Մարիա Կալասի և Ջոան Սադերլենդի արժանի հետևորդը): Այն ժամանակ, երբ բազմաթիվ սոպրանոներ, հասնելով իրենց կարիերայի գագաթնակետին, աստիճանաբար կրճատում են իրենց խաղացանկը, Կաբալիեն, ընդհակառակը, նախաձեռնել է նորանոր ստեղծագործությունների կատարում (Գլուկի, Սալիերիի, Պաչինիի, Սպոնտինիի, Մասնեի, Քերուբինիի, Ռոսինիի, Դոնիցետիի և այլոց քիչ հայտնի և մոռացված գործեր):

Լայն արձագանք ստացավ Կաբալիեի համագործակցությունը Ֆրեդի Մերկուրիի, ինչպես և՝ Վանգելիսի հետ:

Վերջերս նա կատարել է Կատերինա դ’Արագոնի դերը Սեն-Սանսի «Հենրի VIII» օպերայում, Մասնեի «Մարիա Մագդալենա» և այլ օպերաների առաջատար դերերգեր (Վիեննայի Staatsoper-ում):

Մոնսերատ Կաբալիեն միջազգային բազմաթիվ մրցանակների և պատվավոր կոչումների կրող է (Order of Doրa Isabel la Catցlica,  Commandeur des Arts et des Lettres և այլ կոչումներ):

Ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Պատվավոր դեսպան (1974) և  Խաղաղության դեսպան (1991): Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994), արժանացել է Եվրոպայի  մի շարք համալսարանների Պատվավոր դոկտորի կոչումների:

Կաննի Palais des Festivals փառատոնում կայացել է «Caballe beyond music» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Նա Պատվո Լեգեոն շքանշանի ասպետ է և ունի Վիեննայի Staatsoper-ի շնորհած Kammersängerin տիտղոսը:

Մոնսերատ Կաբալիեի մեծությունն իրավամբ կապում են նրա գեղեցկագույն ձայնի ամենաբազմազան երանգների  և անթերի վիրտուոզային տեխնիկայի հետ:

Նա աշխարհով մեկ գրավում է հանդիսատեսին իր անձի հմայքով, հույզի հորդող ջերմությամբ և անզուգական տաղանդի ուժով:

Տասնամյակների բեմական փորձ ունեցող աշխահահռչակ երգչուհին շարունակում է մնալ օպերային արվեստի իրական DIVA:

Monserrat-MartiՄոնսերատ Մարտի (Montserrat Martí), սոպրանո

Մոնսերատ Մարտիի բեմելը տեղի է ունեցել Համբուրգի Staatsoper-ում («Դոն Ժուան») և Բարսելոնայի Liceu Opera House-ում («Տուրանդոտ»): Դեռևս այդ ժամանակ, մամուլը երգչուհուն գնահատել էր՝ որպես «նոր ծագող աստղ»:

Նախկինում լինելով Մայա Պլիսեցկայայի սանը, Մոնսերատ Մարտին որոշեց իրեն նվիրել վոկալ արվեստին՝ ստեղծագործական իր գործունեությունը սկսելով բարեգործական ելույթներից: Հիշատակելի են Hampton Court Palace Festival-ի և Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեծ դահլիճում (Զուբին Մետայի ղեկավարությամբ) նրա ելույթները:

La Scala-ի նրա բեմելը կապված էր Բերնսթայնի «Վեստսայդյան պատմության»` այդ թատրոնում առաջին բեմադրության հետ (Մարիայի դերերգով): «Դա Մարտիի հաղթահանդեսն էր»,- գրել էր  «La Vanguardia»  թերթը:

2001թ. ապրիլին Մոնսերատ Մարտին մասնակցել է Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճի 100-ամյակին նվիրված գալա համերգին` ընկերակցելով Վալերի Գերգիևին, Յուրի Բաշմետին, Շլոմո Մինցին, Ալեքսանդր Կնյազևին և այլ հայտնի արվեստագետների:

Մոնսերատ Մարտին ելույթներ է ունեցել Բարսելոնայի, Վալենսիայի, Փալմ Բիչի, Մադրիդի, Վիեննայի, Քյոլնի, Կատալոնիայի, Սալոնիկի, Բեռլինի, Համբուրգի, Լոնդոնի, Մյունհենի, Փարիզի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Միլանի և այլ քաղաքների օպերային թատրոններում և հայտնի համերգասրահներում: Նրա առավել հաջողված դերերգերից են՝ Ցերլինա, Դեսպինա, Օկտավիե, Միրել, Դոնա Էլվիրա, Միքայելա, Ջուլիետ և այլն:  Բազմիցս մասնակցել է օրատորիալ գործերի կատարմանը (Մոցարտի «Ռեքվիեմ» և այլ գործեր):

Մոնսերատ Մարտին ձայնագրություններ է կատարել Sony-BMG և Warners ընկերություններում:

Agostina SmimmeroԱգոստինա Սմիմերո (Agostina Smimmero), մեցցո սոպրանո

Ծնվել է Նեապոլում: Մոնսերատ Կաբալիեի անվան միջազգային մրցույթի հաղթող է: Լիսաբոնի Teatro San Carlo օպերային թատրոնում հանդես է եկել «Տրուբադուր» և «Ռիգոլետո» օպերաների բեմադրություններում, իսկ Սարագոսայում՝ «Տրուբադուրի» բեմադրությամբ: Համերգային ելույթներ է ունեցել Նեապոլում, Բարսելոնայում, Բալթիմորում և Միլանում:

2013 թվականին երգչուհին հանդես կգա Ֆլորենցիայի օպերային թատրոնում, իսկ 2013-14թթ. համերգաշրջանում կկայանա նրա օպերային բեմելը Փարիզում:

667c66af-e75e-46e3-bc3f-d62d2b713eecՌամոն Տեբար (Ramón Tebar), դիրիժոր

Ծնվել է Վալենսիայում (Իսպանիա): Վերջերս նշանակվել է Ֆլորիդայի Grand Opera-ի երաժշտական ղեկավար` դառնալով իսպանացի ամենաերիտասարդ դիրիժորը, ով ղեկավարելու էր հայտնի ամերիկյան օպերային թատրոնը: Նա նաև Սանտո Դոմինգոյի երաժշտական փառատոնի երկրորդ դիրիժորն է և Palm Beach Symphony-ի երաժշտական ղեկավարը: 2005թ. աշխատակցել է Palm Beach Opera-ի և  Cincinnati Opera-ի հետ:

Մոտակա համերգաշրջանում նախատեսվում է Ռամոն Տեբարի մասնակցությունը Ռենատա Սկոտտոյի` «Բոհեմ», «Տրավիատա», «Լուսնոտը» օպերաների բեմադրություններին Ֆլորիդայի Grand Opera-ում, այնուհետև՝ «Կարմենի» բեմադրությանը՝ Օpera Colorado-ում, և «Մադամ Բաթերֆլայի» բեմադրությանը` Cincinnati Opera-ում:

Համերգաշրջանի ընթացքում Ռ. Տեբարը շարունակելու է ղեկավարել Palm Beach Symphony-ի համերգները, ինչպես նաև Սանտո Դոմինգոյի Orquesta Sinfonica Nacional-ի (մենակատարներ Ջոշուա Բելլ, Մարիա Գուլեգինա, Դանիիլ Տրիֆոնով) և San Antonio Symphony-ի համերգները:

Նախորդ համերգաշրջանների նշանակալի  համերգներից էին`  «Մադամ Բաթերֆլայ», «Իտալացին Ալժիրում», «Բոհեմ», «Տուրանդոտ» օպերաների բեմադրությունները՝ Florida Grand Opera-ում, «Լուչիա դի Լամերմուր», «Գեղջկական ասպետություն», «Պուրիտաններ», «Ռիգոլետո», «Պայացներ», «Տոսկա» և մի շարք այլ բեմադրություններ հեղինակավոր օպերային թատրոններում:

Ռամոն Տեբարը ղեկավարել է նաև Պլասիդո Դոմինգոյի (Orquesta Sinfonica Nacional-ի հետ)  և Մոնսերատ Կաբալիեի (Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ) գալա համերգները:

Ղեկավարել է Extremadura Symphony, Cordoba Symphony, Castilla y Leon Symphony, Navarra Symphony, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ, Holland Symphonia,  Orchestra Internazionale d’Italia, Orchestra Sinfonica di Bari, Orchestra Teatro Regio of Turin, Miami Symphony Orchestra, Naples Symphony Orchestra, Palm Beach Symphony, Cincinnati Symphony, Atlanta Symphony և այլ անվանի նվագախմբեր:

Համագործակցել է աշխարհահռչակ երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Մոնսերատ Կաբալիեի, Թերեզա Բերգանցայի, Իլեանա Կոտրուբասի, Մարիելա Դևիայի, Ռենատա Սկոտտոյի, Դանիելա Դեսսիի և այլոց հետ:

Ռամոն Տեբարն օպերային ասպարեզ է մտել 15 տարեկանում, սկզբից՝ որպես դաշնակահար, ապա՝ որպես դիրիժորի օգնական: Նա եղել է Իսպանիայի Ազգային երիտասարդական նվագախմբի երկրորդ դիրիժորը:

Մրցանակների թվում. Bärenreiter մրցանակ, Musical Youth of Spain մրցույթի Հատուկ մրցանակ,  «Villa de Claira» մրցույթի Medaille d´Honneur, «Luigi Mancinelli»- ի անվան  3-րդ  միջազգային դիրիժորական մրցույթի դափնեկիր:

Դիրիժորին շնորհվել է նաև 2010թ.  Հենրի Ս. Քլարքի անվան «Տարվա դիրիժոր» մրցանակը Florida Grand Opera-ի կողմից:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀՊՖՆ)

Filharamonik-nvagaxumb

Սկզբնավորվել է 1925 թվականին՝ որպես Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ: Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա. Ադամյանը, Ա. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիևը, Վ. Պապյանը, Մ. Ավետիսյանը և Լ. Ճգնավորյանը: 2000 թվականի հոկտեմբերից ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախումբը դարձել է արևմտաեվրոպական, ռուսական և հայ երաժշտության սիմֆոնիկ գործերի տարածող: Այս կոլեկտիվի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն և այլ արտիստներ, ինչպես և Հայաստանի առաջատար մենակատարներ և սկսնակ խոստումնալից երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆերերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ: Հեղինակային համերգներով հանդես են եկել Ա. Խաչատրյանը, Ք. Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ: Սկսած 1989 թվականից նվագախումբը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում: Թողարկվել է նվագախմբի կատարումով ավելի քան 40 ձայներիզ:

2000/01թթ. համերգաշրջանում ՀՊՖՆ-ն  Է. Թոփչյանի ղեկավարությամբ հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայում և Բեռլինում: 2003թ. հունվարին ՀՊՖՆ-ը Մոսկվայում մասնակցել է «Արամ Խաչատրյանի երաժշտության միջազգային տարվա» բացմանը: 2006-2007թթ. համերգաշրջանում կայացան ՀՊՖՆ-ի հյուրախաղերը Չեխիայում և Ֆրանսիայում, իսկ 2009-ին` Ճապոնիայում:

BENQ DIGITAL CAMERAԴավիթ Բաբայանց, բարիտոն

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Կոնստանտին Սիմոնյանի դասարան): Կատարելագործվել  է  Իտալիայի «Accademia Tebaldi-Del Monaco» և «Accademia Rossiniana» հաստատություններում: Դասեր է առել Ռաինա Կաբաիվանսկայայից (Բուլղարիա): 2005 թվականից Երևանի օպերայի թատրոնի մեներգիչ է:

Բաբայանցը հանդես է եկել բարիտոնի գլխավոր դերերգերով. Սևերո «Պողիկտոս» (Դոնիցետի), Կոմս դի Լունա «Տրուբադուր» (Վերդի),  Ռիգոլետո «Ռիգոլետո»  (Վերդի), Պաոլո «Սիմոն Բոկանեգրա» (Վերդի), Նաբուկո «Նաբուկո» (Վերդի), Ժերմոն «Տրավիատա» (Վերդի), Ամոնասրո «Աիդա» (Վերդի), Սիլվիո «Պայացներ» (Լեոնկավալո), Ալֆիո «Գեղջկական ասպետություն» (Մասկանի), Շարփլես «Մադամ Բաթերֆլայ», և այլ դերեր:

2011թ. Դավիթ Բաբայանցը մասնակցել է  «Voci Verdiane» միջազգային փառատոնին (Իտալիա)` արժանանալով լավագույն բարիտոնի կոչման:

2011թ. Բաբայանցը դարձել է Վերոնայի Օպերայի և պոեզիայի միջազգային փառատոնի հաղթողը:

2012-ին  «Arena di Verona» հիմնադրամի  հրավերով «Teatro Filarmonico»-ում հանդես է եկել  Ամոնասրոյի դերերգով:

Դավիթ Բաբայանցը մասնակցել է  «Rossini Opera Festival» (Պեզարո),  «International Conservatoire Week» (Սանկտ Պետերբուրգ),  «Kabaivanska Gala» (Սոֆիա) և այլ հեղինակավոր միջազգային փառատոների:

Նախագծի հովանավորներն են.

Գլխավոր հովանավոր՝ մոսկովյան «Կրիստալլ» առևտրի տուն

Հովանավորներ՝

«ԳեոՊրոՄայնինգ» (GPM) ընկերություն

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ

«Կիլիկիա» գարեջրի գործարան

«Armenia Marriott» հյուրանոց

Ինֆորմացիոն հովանավորներ՝

«Արմենիա» հեռուստաընկերություն

«168 Ժամ» թերթ (168.am)

«Առաջին լրատվական» (1in.am)

«Հրապարակ» օրաթերթ

«Մարդիկ», «Երկիր», «Այսօր» առցանց լրատվամիջոցներ (mardik.am, yerkir.am, aysor.am)

Arminfo լրատվական գործակալություն (arminfo.am)

Հատուկ նվերանակնկալ  Մոնսերատ Կաբալիեին և Մոնսերատ Մարտիին՝

«VAHAN KHACHATRYAN» Բարձր նորաձևության տան դիզայներ-մոդելավորող Վահան Խաչատրյանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս