Բաժիններ՝

Վահե Շահվերդյանը չէր կարող չիմանալ, որ պետպատվերով ներկայացումների ցանկում դիպլոմային բեմադրություններ են եղել

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ 2007-2012թթ. «մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում բեմադրություններին հատկացված գումարների վերաբերյալ Մշակույթի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 5 տարվա ընթացքում թատրոնն 9 ներկայացում է բեմադրել՝ «Իմ ծաղկած դեղձենի», «Մետաստազ», «Սիմոն թագավոր», «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Հեքիաթին հյուր», «Արքա Լիր», «Առլեզ», «Բյուրեղապակյա մաշիկը», «Աբգար դպիր»: Նշված ժամանակահատվածում պետբյուջեից թատրոնին ընդհանուր հատկացվել է 14 մլն 288.000 դրամ:

Այս ցանկում է հայտնվել նաև 2010-ի օգոստոսի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հյուրախաղը, որին, ըստ տեղեկատվության, հատկացվել է 572.000 դրամ: Նաև՝ նշված բեմադրություններից 2-ը՝ «Մետաստազ» և «Սիմոն թագավոր», ուսանողների դիպլոմային աշխատանքներն են եղել, որոնք թատրոնի ներկայացումների հետ հայտնվել են պետության կողմից ֆինանսավորված բեմադրությունների ցանկում՝ համապատասխանաբար 140.000 և 120.000 դրամ հատկացումներով:

Նախարարությանն ուղղված հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ պետության աջակցությամբ իրականացված բեմադրություններից 2-ն ինստիտուտի ներկայացումներ են եղել, ինչպե՞ս են դրանք տեղ գտել պետպատվերի ցանկում, պարզաբանում է տրվել, որ վերջին տարիներին թատերարվեստում պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը երիտասարդ ստեղծագործողներին աջակցելու ծրագիրն է, որի հիման վրա թատրոնը համագործակցում է նաև մասնագիտական բուհերի հետ՝ ավարտական կուրսերի շնորհալի և խոստումնալից երիտասարդ ռեժիսորներին հնարավորություն ընձեռելով պրոֆեսիոնալ բեմում դրսևորելու իրենց մասնագիտական ունակությունները: Այդ նպատակն է հետապնդել նաև երիտասարդ ռեժիսորներ Նունե Խեչումյանին (Հովհաննես Թեքգյոզյանի «Մետաստազ»՝ 140.000 դրամ) և Արմեն Սարգսյանին (Սամվել Խալաթյանի «Սիմոն Թագավոր»՝ 120.000 դրամ) տրված հնարավորությունը՝ 2008-ին բեմադրելու իրենց դիպլոմային աշխատանքները:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, սակայն, ով ղեկավարել է նշված 2 դիպլոմային աշխատանքները, իր ասելով՝ տեղյակ չէր, որ դրանք եղել են պետպատվերով: Հարցին՝ թույլատրելի՞ է, որ դիպլոմային ներկայացումը պետպատվերի ցանկի մեջ ընդգրկվի, պատասխանել է. «Պետպատվերը յուրաքանչյուր թատրոն ինքն է ներկայացնում, կապ չունի այստեղ՝ դիպլոմայի՞ն է, թե՞ դիպլոմային չէ: Կարող է այս կամ այն թատրոնը ներկայացնել որպես պետպատվեր այդ պիեսը, բայց կարող է և մերժվել: Անկեղծորեն եմ ասում՝ ես տեղյակ չեմ, որ «Սիմոն թագավորը» պետպատվեր է ունեցել: Դա կարող եք ճշտել տնօրինության հետ»: Ի դեպ, նրան հայտնի չէ որևէ դիպլոմային աշխատանք, որ թատրոնի ներկայացումների շարքում ձևակերպված լինի՝ որպես պետպատվեր:

Հարցին՝ թատրոնն իր սեփական բեմադրություննե՞րը չպետք է ներկայացնի նախարարությանը՝ պետպատվերի շրջանակում, պատասխանել է, որ դիպլոմայինն էլ է նախապատրաստվում թատրոնի ներսում, թատրոնի ստեղծագործական կազմի մասնակցությամբ, և, քանի որ ուսանողի աշխատանք է, անպայման ունենում է նաև ղեկավար: «Իսկ դա թատրոնի ներկայացումը չի, ինչ է՝ «Սիմոն թագավորը»: Կարգն այսպիսին է. բոլոր դիպլոմային բեմադրություններն ունենում են իրենց ղեկավարը, և ղեկավար են դառնում այն թատրոնի ղեկավարներն, ովքեր ղեկավարում են այդ թատրոնը, և որտեղ բեմադրվում է այդ պիեսը: Ես եղել եմ այդ ներկայացման գեղարվեստական ղեկավարը՝ որպես և այս թատրոնի ղեկավար, և, ի վերջո, Արմեն Ներսիսյանի դիպլոմի ղեկավար, կուրսի ղեկավար: Բայց այդ բեմադրությունը թատրոնին է պատկանում, ոչ թե Արմեն Ներսիսյանին: Հիմա ռեպերտուարում այդ ներկայացումը դրվում է (ի դեպ, խաղացանկում ներկայացումը կա, բայց չի խաղացվում.- Ա.Թ.): Դա հո չի՞ նշանակում, որ Արմեն Ներսիսյանին պետք է հարցնենք՝ կարելի՞ է, թե՞ ոչ: Նա կապ չունի, նա երբեք չի եղել այդ ներկայացման սեփականատերը: Եվ ընդհանրապես թատրոնում որևէ մի բեմադրություն որևէ մեկի սեփականությունը չէ, եթե դա պետական թատրոն է»:

Հարցին՝ եթե նախապես է բեմադրությունը ներկայացվում ֆինանսավորման, նախապե՞ս պետք է նշվի, որ դա դիպլոմային է, պատասխանել է. «Այո, ինչպես բոլոր մյուս ներկայացումները: Չէ, բայց հիմա մինիստրությունը թատրոններին չի ֆիանսավորում բեմադրությունների համար: Եթե դա պետպատվեր է, միայն այդ դեպքում: Իսկ «Մետաստազն»  ու «Սիմոն թագավորը» պետպատվեր չեն եղել: Թատրոնն իր ֆինանսներով է արել այդ ներկայացումը»: Որերորդ անգամ տրված հարցին՝ նշված 2 բեմադրությունները պետպատվեր չե՞ն ձևակերպվել, հաստատել է. «Իր միջոցներով, թատրոնը՝ իր միջոցներով: Չէր կարող պետպատվեր ձևակերպվել՝ իմ կարծիքով»:

Առնվազն զարմանալի է, որ Վահե Շահվերդյանը տեղյակ չէ կազմված պետպատվերով ներկայացումների ցանկից և պետության կողմից հատկացված գումարներից, քանի որ, ինչպես դերասաններն են պատմում, չնայած տնօրենի պաշտոնավարմանը, թատրոնն իրականում ղեկավարվում է Վահե Շահվերդյանի կողմից: Կանոնադրությամբ էլ՝ թատրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում են տնօրենը և գեղարվեստական ղեկավարը, որոնք հավասարապես նշված են՝ որպես կառավարման գործադիր մարմին: Նույն կանոնադրությամբ՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի գործառույթները փոխկապակցված են, ըստ որի՝ տնօրենը տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, ստորագրում է ֆինանսական փաստաթղթեր, իրականացնում է ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող այլ խնդիրներ: Հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը և ֆինանսական-արտադրական գործունեության ծրագիրը՝ գեղարվեստական ղեկավարի համաձայնությամբ: Որոշում է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վարձակալության հանձնելու հարցերը՝ գեղարվեստական ղեկավարի համաձայնությամբ: Որոշում է ընդունում կազմակերպության ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ գեղարվեստական ղեկավարի համաձայնությամբ, և այլն:

14 մլն 288 հազարից 10 մլն 500 հազարը Վահե Շահվերդյանի ներկայացումներին է հատկացվել

2007-12 թթ. Վահե Շահվերդյանի 3 բեմադրություններին պետբյուջեից հատկացվել է 10 մլն 500 հազար դրամ՝ «Իմ ծաղկած դեղձենուն»՝ 2 մլն, «Արքա Լիր»-ին՝ 4 մլն, «Աբգար Դպիր»-ին՝ 4 մլն 500 հազար: Պարզվում է՝ 3 մլն 405 հազար դրամ էլ նախատեսված է եղել նրա մեկ այլ՝ Շիլլերի «Սեր և խարդավանք» պիեսի բեմադրության համար, որը նրա առողջական խնդիրների պատճառով չի կայացել, և նշված գումարից 1 մլն-ը վերահատկացվել է 2 այլ ներկայացման՝ «Առլեզ» և «Բյուրեղապակյա մաշիկը», մնացած մասը վերադարձվել է պետբյուջե: Թատրոնում բեմադրությունների իրականացման համար մրցույթ չի հայտարարվում, չկա նման պրակտիկա: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է կազմում առաջիկա տարվա ստեղծագործական ծրագիրը, որը քննարկվում է գեղարվեստական խորհրդի նիստերում, հաստատվում տնօրենի կողմից, որի հիման վրա էլ ձևավորվում են ընթացիկ և հաջորդ տարվա ստեղծագործական միջոցառումները, այդ թվում՝ բեմադրությունները:

Պետական աջակցությամբ ու ֆինանսավորմամբ իրականացված բեմադրական ծրագրերի բացի՝ թատրոնը գեղարվեստական ղեկավարի առաջարկությամբ և գեղխորհրդի որոշմամբ ու տնօրենի հաստատմամբ իր արտաբյուջետային միջոցների հաշվին կարող է իրականացնել այլ բեմադրություններ ևս, որոնց վերաբերյալ ներկայացվում են հաշվետվություններ պետական լիազոր մարմնին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, 2007-12թթ. պետական աջակցությամբ բեմադրված ներկայացումների համար հատկացված 14 մլն 288 հազարից բացի, այլ ֆինանսավորում պետբյուջեից չի կատարվել: Ուստի՝ անտրամաբանական է նաև Վահե Շահվերդյանի երկրորդ հայտարարությունը, թե նշված 2 դիպլոմային ներկայացումները թատրոնն իր միջոցներով է իրականացրել, որովհետև այդ դեպքում առաջարկությունը պետք է արվեր հենց իր կողմից:

Հ.Գ. Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Վանաձորի թատրոնում պետպատվերով ներկայացումներին հատկացված գումարների հնարավոր յուրացման փաստով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս