ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնելը մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար. ԱԳ նախարար
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակվում է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում առաջին անգամ նախագահությունը ստանձնելու առումով, ապա ավելացրեց, որ դա մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար: «Հայաստանն ուղակիորեն ներգրաված կլինի Եվրոպայի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին: Մարտահրավեր է այն առումով, որ բոլորիս առջև բազմակի խնդիրներ են ծառացած մայրցամաքում, որոնք կարող են դժվարություններ առաջացնել մեր հիմնարար արժեքները համախմբելու գործում: Պատասխանատվություն է, քանի որ մեր միասնական ջանքերի հաջողությունը կախված է ոչ միայն յուրաքանչյուր անդամ-պետության մասնակցությունից ու դերակատարումից, այլ նաև համատեղ գործունեությունն առաջ տանելու առաջնորդական ձիրքից»,- ասաց Է. Նալբանդյանը:
Նա նշեց, որ առանձնակի ուշադրություն են դարձվել այն խնդիրներին, որոնք էական ու նշանակալի է համարում Հայաստանը: Նախարարի խոսքով՝ Հայաստանն օգնելու է այս մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերի օժանդակության հարցում: «Մենք շարունակելու ենք օժանդակել Եվրոպայի Խորհրդում ընթացող բարեփոխումների գործընթացին, որոնք ձեռնարկել է գլխավոր քարտուղարը, որովհետև մենք կարծում ենք, որ այդպես կարելի է աշխատանքն արդյունավետ իրականացնել»,- նշեց ՀՀ արտգործ նախարարը:
Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանը, որպես նախագահող պետություն, հետամուտ կլինի ռասիզմի, օտարատյացության դեմ պայքարի նպատակներին, առաջ կմղի եվրոպական արժեքները միջմշակութային երխսությամբ ամրապնդման, մարդու իրավունքների գերակայության, ժողովրդավարության հասարակության ամրապնդման և մի շարք այլ հարցերում: Նա հատուկ ուշադրություն դարձրեց անհանդուրժողականության, ատելության դեմ գործադրվող ջանքերին, որոնք, աղտոտում են մարդկանց հոգին: Նախարարը հայտնեց նաև, որ 2013թ. Հայաստանը Միջմշակութային երկխոսության կրոնական բաղադրիչի շուրջ քննարկումներն է հյուրնկալելու, իսկ Սահմանադրական դատարանն էլ կազմակերպելու է խորհրդաժողով՝ «Երևանում իրավունքի գերակայություն» թեմայով: Նախարարի խոսքով՝ հատկապես ազգային մակարդակով պետք է բարելավվի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրագործումը, Հայաստանը շարունակելու է աշխատանքները տեղական ժողովրդավարության զարգացման, բարձագույն կրության ոլորտում համագործացության հարցերում, կազմակերպելու է երիտասարական սիմպոզիում, համագործակցելու է նախորդ ու հաջորդ նախագահող երկրների հետ: