Բաժիններ՝

Արքայազնը և աղքատը

Արքայական կապույտ արյուն, շոտլանդական ազգային տարազ` կիլտ` համապատասխան կանաչ գուլպաներով և էլեգանտ ձեռնափայտով, հրաշալի վարվեցողություն, նախանձելի կրթություն Քեմբրիջում, իր երկրի զինված ուժերում ծառայություն, ռազմական ինքնաթիռի օդաչուի որակավորում, ծառայություն սեփական երկրի ռազմածովային նավատորմում:

Այսօր նա արդեն թագավորության զինված ուժերի մարշալի կոչում ունի: Նկարում է ջրաներկով, զբաղվում այգեգործությամբ: Ճարտարապետության, նկարչության և այգեգործության մասին գրքերի հեղինակ է: Կարճ ասած` մեր առաջ իսկական արքայազն է` Միացյալ Թագավորության Ուելսի արքայազն Չարլզը: Քաղաքական մեր վերնախավի խանդավառությունը` արքայազնի հետ հայտնվել նույն կադրում, կարելի է հասկանալ:
Մեր երկրում արքայազններ չկան: Սակայն ակտուալ են ժամանակակից «թագավորները»:

Դրանք տղամարդիկ են, ովքեր կրթություն ստանալու անհարմարությունները չեն զգացել, զինված ուժերում ռազմական ինքնաթիռներ չեն վարել, ծովային նավատորմում էլ, հասկանալի է, չեն ծառայել: Նրանք ևս, ինչպես արքայազնները, սիրում են որսը, սակայն ոչ արքայական կանոններով` որսի հետ հավասար պայմաններում: Նրանք նախընտրում են անվտանգ տարածությունը` երկրի մակերևույթից ուղղաթիռի բարձրության վրա. որսում են վարազներ, եղջերուներ, արջեր: Եվ, այդուհանդերձ, իսկական արքայազնի հետ նրանց կապող թել, այդուհանդերձ, կա. մեր «թագավորները» ևս սիրում են զբաղվել բարեգործությամբ:

Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազնի ներկայությունը Հայաստանում ընկալվում է` որպես մեծ իրադարձություն: Նա մեկն է համաշխարհային էլիտայի անդամներից, ում ներկայությունն ինքնաբերաբար բարձրացնում է աշխարհագրական այն վայրի վարկանիշը, ուր ոտք է դնում նա կամ մեկը` արքայական ընտանիքից:

Եվ շփոթված նրա՝ իր այցով մեր երկիրը պատվելու փաստից, մեզ մոտ իրար են անցել` ի՞նչ նվիրել նրան առավել մեծ, քան Մատենադարանում նվիրած արծաթյա կազմով Նարեկացու «Մատյանը»:

Ավելի մեծ ի՞նչ կարելի է մտածել: Տանկ, փիղ, ինքնաթիռգ Ո՛չ: Դիլիջանի միջազգային դպրոցի ծառուղին: Այն այսուհետ կկրի արքայազն Չարլզի անունը: Նրա պատվին կտնկվի 65 չինարի: Արքայազնին արդե՛ն հանձնվել է այդ լուրը հաստատող հավաստագիրը:
Քանի դեռ արքայազնը Հայաստանում է լինելու ևս մեկ օր, չենք կարող բացառել, որ այդ մեկ օրը մենք, այդուհանդերձ, չենք դիմի սադիստական մեր ֆիրմային քայլին` ողջ մարդու ներկայությամբ նրա կիսանդրին չենք բացի:

Այդպես ժամանակին վարվեցինք Շառլ Ազնավուրի դեպքում: Հանրապետության տարբեր վայրերում Ազնավուրին նվիրվեցին կիսանդրիներ, ու նրա անունով կոչվեցին փողոցներ ու հրապարակներ: Իր ինտելեկտի հետ հաշտ ապրող ցանկացած մեկի համար, որպիսին, անկասկած, մեծ շանսոնյեն է, նման արարողությունները պիտի որ ծանր փորձություն լիներ:

Ասեք ինքներդ` ողջ մարդկանց արձանները տեղադրելը և նրանց անունով հրապարակներ ու պուրակներ անվանակոչելը բժշկական ախտորոշում են ենթադրում:
Հիմա` այս արքայազնը, որը հրաշալի կրթություն ունի, նորմալ մարդ է`առանց արքայական բարդույթների, զբաղվում է բանջարաբոստանային աշխատանքներով, ծաղիկներ է աճեցնում, խնդիր չի տեսնում` օրերից մի օր հեռուստատեսությամբ ներկայացնել իր երկրի եղանակի տեսությունը, ձեռքն են տալիս հավաստագիր, թե` Դիլիջանում, որտեղ ջուրը երկրորդն է աշխարհում, քո անունով ծառուղի ենք բացելու: Իսկ արքայազնի որդիների անունով արահետներ նախատեսված չե՞ն:

* * *
Այդպես ժամանակին մայրաքաղաքի ամենագողտրիկ հրապարակներից մեկը անվանակոչվեց Անդրեյ Սախարովի անունով: Եվ այսօր էլ հրապարակի կենտրոնում նրա կիսանդրին է: Ունենք դպրոց` Գալինա Ստորովոյտովայի անունով: Գյումրիում արդեն մի քանի կիսանդրի ունի Նիկոլայ Ռիժկովը: Համեմատելու համար` նշեմ միայն, որ Բուլաթ Օկուջավայի արձանը Մոսկվայում բացվել է միայն անցյալ տարի:

Առհասարակ մարդուն հարգելու լավագույն ձևերից մեկը նրա հիշատակը հանգիստ թողնելն է: Այսինքն` մահվանից հետո ոչ մի ավելորդ ատրիբուտով, անհարկի մեծարումներով, անվանակոչություններով չնսեմացնել վերջինիս, հատկապես, եթե նրա իրական կերպարն ու հետմահու ճռճռան հուշարձաններն ու մեծարման երեկոները ոչ մի ընդհանրություն չունեն նրա հետ, ում ճանաչելու բարեբախտությունն ենք ունեցել:
Եկեք հիշենք, թե քանի փողոց, հաստատություն, արձան կա հանրապետությունում` նվիրված «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին, մասնավորապես` հարգարժան Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին:

Արքայազնի անվան պուրակի դեպքում անգամ չենք էլ քննարկում, թե հայ ժողովրդի պատմության մեջ ինչ և ինչպիսի բաժին ունի Մեծ Բրիտանիան կամ, առհասարակ, ինչով է հայ ժողովրդին այդքան հարազատ արքայազն Չարլզը` իր անվամբ պուրակ ունենալու համար: Նման անվանակոչությունները պարզապես վատ տոն են: Եվ դա ձեզ կասի ցանկացած իսկական արքայազն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս