Երբ բովանդակությունն ու իրականությունը բախվում են իրար. Ավագ դպրոցների հիմնախնդիրները
Սկիզբը` այստեղ.
Նախորդ մեր հրապարակումներով մենք փորձեցինք մատնանշել այն խոչընդոտները, որոնք կանգնած են ավագ դպրոցի կայացման ճանապարհին: Սակայն, կարծում եմ, որ վերոնշյալից առաջ և առավել այս գործում նշանակալից է պետության վերաբերմունքի դերակատարությունը:
Թվում է, թե դպրոցը, աշակերտը և ուսուցիչը պետք է լինեն պետության ամենօրյա հոգածության առարկան, սակայն այդպե՞ս է արդյոք: Նշածս 3 բաղադրիչներից ամենապաշտպանվածն ու բոլոր իրավունքներով օժտվածն աշակերտն է. բացատրեմ` ինչո՞ւ: Աշակերտին իրավունք է վերապահված անել ամեն ինչ և անել անպատիժ: Աշակերտը կարող է դաս խանգարել, ուսուցչին վիրավորել, հունից հանել, տեսաձայնագրել, ստացված արդյունքը գցել սոցցանցեր, իրավունքներ բանեցնել, բողոքել ուսուցչի «անմարդկային» վերաբերմունքից, ուսուցչին սովորեցնել ճիշտն ու սխալը, նրան ցույց տալ դասը վարելու ու իրեն գնահատելու ձևը, իսկ ուսուցիչը ձայնազուրկի պես` գլուխը կախ պիտի լսի և կուլ տա այս և նմանատիպ այլ լուտանքներ: Ուսուցչին վերապահված է միայն նյարդերից զուրկ ինչ-որ անհասկանալի երևույթի դեր, որն, անկախ աշակերտի դրսևորած վարքից` անպայմանորեն պետք է «վեր կանգնած լինի» ամեն ինչից ու չնյարդայնանա. չի կարելի: Նա ուսուցիչ է:
Իսկ ուսուցիչը վեհ կոչում է: Միայն թե այդ վեհությունը հաճախ են ի չարս գործադրում ու շահագործում: Հաճախ ենք տարատեսակ լրատվական կայքերում (իսկ նրանք հաճույքով են բազմացնում նմանատիպ լուրերը ) կարդում կամ դիտում, թե ինչպես այսինչ դպրոցի այնինչ ուսուցիչը վիրավորեց աշակերտին, խոցեց նրա արժանապատվությունը, ծեծեց անգամ. բերվում են ապացույցներ, ծեծի կադրեր են ցուցադրվում, ու սկսվում է «խրախճանքը»: Տվյալ դպրոցն ու ուսուցիչը դատափետվում են հնարավոր բոլոր եղանակներով, անմիջապես, առանց մանրամասների մեջ խորանալու` ուսուցիչն ազատվում է աշխատանքից, տնօրենը` ստանում խիստ նկատողություն, և գոհ են բոլորը` աշակերտն ու ծնողը, որովհետև «չարը» պատժվեց, ուսուցիչը` որովհետև լավ պրծավ. չդատվեց, տնօրենը` քանզի միայն նկատողություն ստանալն այս պարագայում լուրջ հաջողություն է, իսկ ամենաշատը` ոլորտի պատասխանատուները, որովհետև հերթական անգամ ի ցույց դրվեց նրանց մարդասիրությունը և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելը:
Դե, իսկ շատ լրատվամիջոցների համար այսպիսի լուրերը երաշխավորված վարկանշային լուրեր են: Ես ամենևին չեմ արդարացնում այն ուսուցչին, ով անզուսպ վարքագիծ է դրսևորում, ու նա պետք է պատասխանատվություն կրի իր արածի համար, բայց որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչո՞ւ պատիժը պետք է միակողմանի լինի: Թե՞ կարծում եք` ուսուցիչը գիժ է, որ առանց պատճառի կարող է «հարձակվել» աշակերտի վրա:
Իսկ գուցե հավատո՞ւմ եք ձեր տեսած կադրերի անաղարտությանը ու չեք էլ պատկերացնո՞ւմ, որ այսօրվա հնարամիտ աշակերտը տեսանկարահանում է միջադեպի`միայն իր համար շահեկան հատվածը: Ինչո՞ւ է ճիշտ միայն աշակերտի ու ծնողի ճիշտը: Համաձայն եմ, ինչ էլ լինի` որևէ մեկն իրավունք չունի վիրավորել մյուսին, սակայն ինչո՞ւ է դա տարածվում միայն ուսուցչի վրա:
Այս ամբողջ աղմուկից տուժողը, հավատացե՛ք, միայն ուսուցիչը չէ. տուժում է նաև այն աշակերտը, որն ունի օբյեկտիվ վերաբերմունք երևույթի նկատմամբ, տուժում է նաև հենց այս ամենի հեղինակ աշակերտը, որ, թվում է, հաղթող է, սակայն իրականում և հաճախ կարող է արժանանալ համադասարանցիների` ոչ իր համար ցանկալի վերաբերմունքին ու մեկնաբանությանը: Արդյո՞ք այս դեպքում բոլորով չենք խեղում աշակերտի հոգեբանությունը:
Էլ չեմ խոսում այն մասին, թե վարկաբեկված ու նվաստացած ուսուցիչն ինչ էնտուզիազմով պետք է դասավանդի այլևս: Հարցի խորքային վերլուծությանը հետամուտ լինելը մեր հասարակության յուրաքանչյուր սրտացավ անդամի խնդիրը պետք է լինի, որովհետև կրթությունն այն ռազմավարական ոլորտն է, որի կայացման մեջ շահագրգիռ պետք է լինեն բոլորը:
Հաջորդը, ինչի մասին ուզում եմ խոսել, դպրոցի` այսպես կոչված, «կոռումպացված» լինելու հարցն է: Խնդիրն այսօր ամենաարդիականն ու չարչրկվածն է, քանզի առավոտից երեկո մենք լսում ենք այդ մասին: Ու այն տպավորությունն է ստեղծվում, թե դպրոցից ավելի կոռումպացված ոլորտ Հայաստանում չկա:
Ընդունում եմ, որ լինում են դեպքեր, և դրանք գուցե քիչ չեն, երբ դպրոցն ու ուսուցիչն իրենց բարձրության վրա չեն գտնվում, մտնում են մանր առևտրական, ուսուցչին անհարիր հարաբերությունների մեջ ծնողի հետ, սակայն մի՞թե այդ դեպքերն այնքան ահռելի քանակ են կազմում, որ երկրիս բոլոր հեռուստաընկերություններն ու տպագիր և էլեկտրոնային մամուլը գիշեր-ցերեկ խոսի այդ մասին` դրանով իսկ անտանելի վիրավորելով նվիրյալ ու այդ ամենից իսկապես բարձր կանգնած ուսուցիչների այն ստվար բանակին, որն ամենևին կապ չունի դրա հետ: Արդյո՞ք տեղին ու հաճելի է, ենթադրենք, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նախարարի` կին ուսուցիչներին նվիրված շնորհավորական բացիկը, երբ շնորհավորանքի վերջում անպայման կոչ է արվում դպրոցներում տոնի առթիվ դրամահավաքություն չանել:
Հավատացնում եմ` չկա ավելի տհաճ բան, երբ քեզ բացեիբաց մեղադրում են մուրացկանության մեջ, երբ արածդ առանց այդ էլ ողջ անշնորհակալ աշխատանքը զրոյացվում է ևս մեկ անգամ, երբ լրագրողը, նախավերջինզանգյան թոհուբուհի մեջ աշակերտի հետ ևս մեկ անգամ մանկացած ու նրանց չափ հուզված ու ոգևորված ուսուցչին, տոնի նախապատրաստական աշխատանքների մասին հարցի փոխարեն` հարցնում է ամենակարևորի` դրամահավաքության մասին: Իսկ հարցնում է, որովհետև այսօր դա է պահանջված, որովհետև «դրամահավաքություն» բառի հնչեցումն անգամ մեծ լսարան կարող է ապահովել: Եվ ո՞ւմ է ձեռնտու սա` դժվարանում եմ պատասխանել: Իսկ թե ինչո՞ւ տաժանակիր աշխատանք կատարող և իր ուսերին պատասխանատվության հսկայական բեռ կրող ուսուցչի աչքը պետք է նայի ուրիշի ձեռքին, ոչ մեկին չի հետաքրքրում:
Եվ այս պարագայում անիմաստ է աշակերտից ու ծնողից հարգանք պահանջել ուսուցչի նկատմամբ, որովհետև այս ամենի մեջ ակնհայտ պատճառահետևանքային կապ կա: Ինչպես պետությունն է վերաբերվում ուսուցչին, այնպես էլ` աշակերտն ու ծնողը (թող ներեն ինձ բոլոր բարեխիղճ, սրտացավ ու գնահատող աշակերտներն ու նրանց ծնողները, որոնց թիվը, բարեբախտաբար, քիչ չէ): Մի քիչ հոգածությո՛ւն ցուցաբերեք դպրոցի և ուսուցչի նկատմամբ, անհարկի վիրավորելով` մի՛ ծանրացրեք նրա` առանց այդ էլ բարդ գործը. տե՛ր եղեք ուսուցչին: Ի վերջո, ամեն ջանք կարող է ի չիք դառնալ, եթե չկա սրտացավ, բանիմաց ու գիտակ ուսուցիչ. այդ նրանք են կերտում մեր ապագայի ապագան: Իսկ յուրաքանչյուր պրկված լար պոկվելու վտանգ է պարունակում: