Բաժիններ՝

Երբ բովանդակությունն ու իրականությունը բախվում են իրար. Ավագ դպրոցների հիմնախնդիրները

Սկիզբը այստեղ.

Ավագ դպրոցի կայացման ճանապարհին լուրջ խնդիր է նաև կադրային հարցը: Այսպիսի մի տարածված արտահայտություն կա. «Կադրերը որոշում են ամեն ինչ»: Վերաձևակերպելով այս մոտեցումը` պետք է փաստենք, որ կադրերը եթե ոչ` ամեն ինչ, ապա որոշում են շատ բան: Դպրոցն այն վայրը չէ, որտեղ կարելի է գալ, ժամանակ անցկացնել ու գնալ: Դպրոցը, հատկապես ավագ դպրոցն այն լակմուսի թուղթն է, որ հստակորեն երևան է հանում ամեն ինչ: Այստեղ արագորեն տարորոշվում են լավ ու ոչ այնքան գիտակ մասնագետները, հոգեբան ու պարզապես ժամավճարով աշխատող ուսուցիչները, որոնց համար էականն իրենց դասաժամը տրամաբանական ավարտին հասցնելն է միայն, նյարդերից թույլ և ուժեղ, իրենց արած գործը բավականությամբ և որպես պարզապես պարտականություն կատարող մանկավարժները, և այլք:

Ընդ որում, աշակերտից լավ ու դիպուկ թվարկածս շերտերին ոչ ոք չի կարող զանազանել: Եվ որպես ժամանակի զարկերակը լավագույնս զգացող միավոր` այսօրվա աշակերտը շատ լավ գիտի` ինչպես օգտվել ուսուցչի «աքիլեսյան գարշապարից», ինչպես թելադրել իր կամքը, ինչ հնարքներ, շանտաժի ու տարատեսակ այլ միջոցներ գործադրելով` ինչպես հասնել իր ուզածին: Տեխնիկայի նորագույն միջոցներն այդ հարցում նրանց լավագույն օգնականներն են: Այս պարագայում միմիայն արհեստավարժ, առարկային գերազանց տիրապետող, աշակերտի հոգեբանության բոլոր շերտերը պեղած, սկզբունքային ու հիրավի շիտակ մանկավարժն է, որ կարող է դառնալ և պիտի դառնա այն հիմնաքարը, որն իրավամբ լավ դպրոց կառուցելու գլխավոր գրավականներից է:

Այսօր ավագ դպրոցներում հաճախ ենք հանդիպում նորավարտ ուսուցիչների: Գովելի է երիտասարդ սերնդի համարձակությունը, որը չի վախենում միանգամից ուսանողական նստարանից ընկնել «ավագ դպրոց» կոչված հորձանուտը, որն իսկապես սարսափելի փորձաքար է, բայց արդյո՞ք նույնիսկ լավագույն շրջանավարտները կարող են այնքան բանիմաց լինել, որ կարողանան սպառիչ պատասխաններ տալ այսօրվա աշակերտի հարցերին, այն աշակերտի, որը, սկսած տարրական դպրոցից, հաճախում է առարկայական լրացուցիչ պարապմունքների: Էլ չեմ խոսում այն մասին, որ երիտասարդ, նորավարտ ուսուցիչն անպայման ինքնահաստատվելու խնդիր ունի, իսկ այդ ճանապարհին կոնֆլիկտներն անխուսափելի են, որոնք երբեմն շատ սուր բնույթ են կրում:

Կարդացեք նաև

Ես հասկանում եմ, որ պետք է սերնդափոխություն լինի, որ երիտասարդներին պետք է ճանապարհ տալ, որ միայն աշխատելով ու փորձ կուտակելով` նրանք կարող են կայանալ, սակայն մի՞թե դա պետք է արվի միանգամից ավագ դպրոց մուտք գործելով: Այսօր բոլոր կայացած, վաստակաշատ ու համբավավոր ուսուցիչներն էլ մի օր առաջին անգամ են դպրոց մտել ու հարթել իրենց ճանապարհը, սակայն հավատացե՛ք, որ նրանցից և ոչ ոք այդ ուղին չի սկսել միանգամից ավագ դպրոցից: Բոլորն էլ սկզբում դասավանդել են միջին օղակում, հետո աստիճանաբար աճելով` նոր իրավունք ստացել դասավանդել ավագ դպրոցում: Իսկ նորավարտ ուսուցիչը չի կարող գիտելիքի ու փորձի, որ միայն տարիներն են կուտակում, այնպիսի պաշար ունենալ, որ խոցելի չլինի: Իհարկե, ժամանակակից երիտասարդը հոգեբանորեն ավելի պատրաստ է, և աշակերտի դեմքի` քմծիծաղ հարուցող արտահայտությունը դժվար թե վիրավորի նրանցից շատերին, սակայն դրանից, անշուշտ, տուժում է ուսումնական պրոցեսը:

Իսկ 3 տարին այնքան էլ շատ ժամանակ չէ, որ սպասենք ուսուցչի կայանալուն: Ես չեմ ասում, թե չկան, օրինակ, բազմամյա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչներ, որոնց անգամ մեծ ցանկության դեպքում ուսուցիչ անվանելը շռայլություն է, սակայն նրանց թիվն այդքան էլ մեծ չէ: Ճիշտ է, ուսուցիչների՝ աշխատանքի ընդունման կարգ կա, և ուսուցիչն աշխատանքի է ընդունվում բանավոր և գրավոր քննություններ հանձնելով, բայց եթե անգամ նորավարտ ուսուցիչը դրանք գերազանց էլ հանձնի, կրկին բավարար չէ ավագ դպրոցում աշխատելու հմտություններին տիրապետելու համար:

Մանավանդ որ, մասնավորապես մանկավարժ պատրաստող բուհերի մեծ մասի շրջանավարտներն այնքան էլ կոմպետենտ չեն, եթե զգույշ լինեմ արտահայտություններիս մեջ և իրերը չկոչեմ իրենց անուններով, այնինչ՝ դպրոցը բուհական դասախոսական անձնակազմի համար քննադատության լավագույն թիրախն է և արհամարհանքի ամենահարմար օբյեկտը: Սրա ամենախոսուն օրինակն այն է, երբ 12-րդ դասարանում սովորող աշակերտն ասում է, որ դպրոց գալ չի կարող, որովհետև իր կրկնուսույց-դասախոսը դասն առավոտյան 9-ին կամ 10-ին է նշանակել, երբ շատ լավ գիտի, որ աշակերտն այդ ժամին դպրոցում դասի նստած պետք է լինի:

Ասածս, անշուշտ, բոլորին չի վերաբերում: Կարծում եմ՝ առաջխաղացման փուլային տարբերակն ավելի արդյունավետ կլինի ավագ դպրոցի պարագայում: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց ավագ դպրոցում փորձառու ուսուցիչների ներկայությունը պարզապես անհրաժեշտություն է: Մեկ այլ խնդիր է ուսուցիչ-աշակերտ ոչ կանոնադրական հարաբերությունները, որոնք երբեմն ծայրահեղացվում են 2 բևեռներում: Ժամանակակից աշակերտն այլևս խորհրդային դարաշրջանի աշակերտը չէ, ում համար ուսուցիչն անառարկելի հեղինակություն էր:

Այսօր ժամանակներն ու բարքերը փոխվել են. խիստ ենք եվրոպականացել` հոգու խորքում մնալով, սակայն, նույն ասիացին, մանավանդ, երբ հարաբերություններում սկսում են գերակշռել անիմաստ անձնական ամբիցիաները: Մի կողմից՝ քիչ չեն դեպքերը, երբ ուսուցիչը դրսևորում է չոր, բռնապետական մոտեցում` առանց թափանցելու աշակերտի հոգեբանության, դրսևորած վարքի պատճառների մեջ, և արդյունքում` խորանում է միջանձնային կոնֆլիկտը, ու «ո՞վ է ավելի ուժեղ» սկզբունքը դառնում է մոլուցք: Մյուս կողմից էլ՝ կան ուսուցիչներ, որոնք անհարկի մտերմական, ընտանեկան հարաբերություններ են ձևավորում աշակերտների հետ՝ տառացիորեն իրագործելով «ուսուցիչն աշակերտի 2-րդ մայրն է» թեզը:

Արդյունքում՝ վատն է այն ուսուցիչը, որն ավելի պահանջկոտ է, չի հանդուրժում ոչ պատշաճ վերաբերմունքն ու վարվելակերպը: Ասածս այն է, որ ավագ դպրոցում աշխատող ուսուցիչը հատուկ պատրաստվածություն պետք է ունենա. նախ՝ պետք է տիրապետի շփման նրբություններին, քանի որ գործ ունենք հիմնականում անչափահաս, չձևավորված հոգեբանությամբ, «վտանգավոր» տարիքում գտնվող տարբեր անհատների հետ, ովքեր երբեմն շատ ցավոտ են տանում ամենաանմեղ նկատողություններն անգամ: Էլ չենք խոսում մասնագիտական պատրաստվածության մասին, որն ուսուցչի գլխավոր զենքն է: Քիչ հավանական է, որ նույնիսկ ամենավատ աշակերտը կարող է խանգարել հետաքրքիր դասը կամ տարատեսակ կողմնակի բաներով զբաղվել, եթե նա ունի զբաղմունք` դասապրոցեսին մասնակցելու տեսքով:

Իսկ կան ուսուցիչներ, որոնք անտեսում են թույլ կամ վատ վարքով աչքի ընկնող աշակերտներին` դրանով իսկ պարարտ հող ստեղծելով` վերջիններիս դասաժամին ամեն ինչով, բացի դասից, զբաղվելու համար: Ես չեմ մեղադրում ուսուցչին. միայն դպրոցում գոնե 1 ամիս աշխատած մարդը կարող է հասկանալ՝ ինչ ասել է` լինել ուսուցիչ, ու թե ինչ մտավոր, ֆիզիկական ու հոգեբանական գերբնական ուժեր են պահանջվում ուսուցչից, և իսկապես ամեն մեկը չէ, որ կարող է կոչվել ուսուցիչ, բայց եթե արդեն ընտրել ես այդ մասնագիտությունը, պետք է հասկանաս, որ քեզ վստահված է սերունդ կրթելու պատասխանատու գործը: Եվ եթե մեր դպրոցներում աշխատեն իսկապես արժանավոր, այլ ոչ թե տարբեր կապեր գործի դրած ու ամեն գնով ավագ դպրոցի ուսուցիչ կոչվելու մղվող մասնագետներ, եղած խնդիրները մեկով պակաս կլինեն:
Շարունակելի

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս