ԲՀԿ-ն պառակտվում է, կամ` Ծառուկյանի կոմպլեմենտարիզմի ավարտը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող կոմպլեմենտար քաղաքականությունը կարծես թե ձախողվում է և ապացուցում իր անարդյունավետությունը:

Թե ինչում է կայանում կոմպլեմենտարիզմը՝ պարզ է բոլորին. Ծառուկյանը հրապարակավ հայտարարում է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, բայց դրանից մի քանի օր հետո որոշում է, որ իր ղեկավարած կուսակցության խմբակցությունը պետք է դեմ քվեարկի կառավարության ծրագրին, իսկ դրանից մի քանի օր հետո էլ նույն կառավարության անդամների հետ կանգնում է նույն շարքում և տոնում Հանրապետության տոնը: Սա կոչվում է կոմպլեմենտարիզմ կամ փոխլրացում, երբ դու մի կողմից` անում ես քայլեր, որոնք բնորոշ են ընդդիմությանը, իսկ մյուս կողմից` քայլեր, որոնք կարող էր անել միայն իշխանական կուսակցության ղեկավարը:

Ծառուկյանը ստիպված է կոմպլեմենտար լինել, քանի որ իր ղեկավարած կուսակցությունը միատարր չէ և կազմված է իրար հետ հակամարտող, տարբեր քաղաքական և ներխմբային շահեր հետապնդող միավորներից: Այդ խմբավորումների խաղաղ գոյակցությունը նույնիսկ տեսականորեն է անհնար, և հենց այդ պատճառով, որքան էլ Ծառուկյանը փորձի հաշտեցնողի և միավորողի դեր կատարել, միևնույն է, դա ժամանակավոր է: Որովհետև կոմպլեմենտարիզմն ուղղված է ոչ թե հակամարտության արմատական լուծմանը, այլ դրա ձգձգմանը` անորոշ հեռանկարով: Բայց ամեն ինչ իր ավարտն ունի:

Մեր ունեցած տեղեկություններով` իրադարձությունների զարգացման որոշակի ընթացքի դեպքում ԱԺ ԲՀԿ խմբակցությունից առաջինը դուրս կգան Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը և Դավիթ Քոչարյանը: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք արդեն դիմում են գրել կուսակցությունից դուրս գալու մասին, բայց ԲՀԿ-ում ուզում են, որ նրանք ոչ թե ինքնակամ դուրս գան, այլ նրանց հեռացնեն: Համենայն դեպս, ԲՀԿ-ում նրանց հայտարարել են «քաղաքական թափառաշրջիկներ», և կուսակցության քաղաքական թևը կոչ է անում Գագիկ Ծառուկյանին այս պատգամավորներին հեռացնել կուսակցությունից` կուսակցական կարգապահությանը չենթարկվելու և կուսակցական որոշումները չկատարելու համար: Այս մարդիկ կուսակցության, այսպես կոչված, ընդդիմադիր թևի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, և նրանց հեռացումով կուսակցությունում կսկսվի անցանկալի տարրերից ազատման գործընթացը, որի ավարտը կարող է լինել բոլոր այն մարդկանց հեռացումը, ովքեր, այսպես ասած, «գծի մեջ» չեն:

Դա կարող է հասնել ընդհուպ մինչև Ծառուկյանը, քանի որ արմատական ԲՀԿ-ականների համար նրա պահվածքը ևս անընդունելի է, ուղղակի դրա մասին նրանք գերադասում են արտահայտվել ոչ այնքան բացահայտ:

Կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության նիստում, որը նախագահում էր Գագիկ Ծառուկյանը, որոշում կայացվեց, որ ԲՀԿ-ն պետք է դեմ քվեարկի կառավարության ծրագրին: Բայց երբ եկավ քվեարկության պահը, վերոնշյալ պատգամավորները նախընտրեցին ոչ թե մասնակցել քվեարկությանը, այլ դուրս գալ

Նիստերի դահլիճից` բոյկոտելով քվեարկությունը: Նրանք երևի համարում են, որ դեմ չքվեարկելով կառավարության ծրագրին, իրենք հետագայում կարող են արդարանալ, որ ցույց են տվել իրենց անհամաձայնությունը կուսակցության դիրքորոշմանը և իրենք բոյկոտել են ոչ թե ծրագրի քվեարկությունը, այլ ԲՀԿ խմբակցության դեմ քվեարկելու որոշումը: Ճիշտ է, դա բավարար չէ, որ նրանք վայելեն իշխանության համակրանքը. ի վերջո, կառավարության համար այնքան էլ էական չէ` դե՞մ ես քվեարկել, թե՞ բոյկոտել ես, որովհետև փաստն այն է, որ նրանք կողմ չեն քվեարկել ծրագրին:

Իսկ կարո՞ղ էին Հարություն Ղարագյոզյանը, կամ Գրիգորի Մարգարյանն այլ կերպ քվեարկել, կարո՞ղ էին նրանք կողմ քվեարկել կառավարության ծրագրին: Իհա՛րկե կարող էին, եթե կարողանային իրենց քաղաքական գիծն անցկացնել կուսակցությունում, խմբակցության նիստում հայտարարեին, որ իրենց համար անընդունելի է իշխանության հետ հակամարտության մեջ մտնելը, որ իրենք առաջարկում են, որ առաջիկա 4 տարիների համար ԲՀԿ-ն լինի ոչ թե այլընտրանք, այլ մտնի կոալիցիա և համատեղ ուժերով իրականացնի կառավարության ծրագիրը: Բայց այդ դեպքում կուսակցությունից կարող է դուրս գալ կուսակցության քաղաքական թևը, որն ուզում է ոչ թե այլընտրանք լինել, այլ արմատական ընդդիմություն: Հենց այդ պատճառով է, որ Ծառուկյանը ստիպված է առաջնորդվել երկու կողմերի համար անընդունելի, բայց փոխզիջումային այլընտրանքային տարբերակով:

Բայց, ինչպես նշեցինք, եկել է ԲՀԿ-ական կոմպլեմենտարիզմի վերջը. ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչներն այլևս չեն կարողանում կամ չեն ցանկանում հանդուրժել կուսակցությունում տիրող երկիմաստությունը, նրանք չեն ցանկանում փախուստի դիմել քվեարկությունների ժամանակ, կամ ընդդիմադիր կեցվածք ընդունել, անհասկանալի է՝ թե ինչի համար: Իսկ քաղաքական թևը` համարելով, որ գործարարները կատարել են իրենց գլխավոր խնդիրը`ապահովել են ընտրություններում ԲՀԿ որոշակի հաջողությունը, այլևս չեն ցանկանում հանդուրժել նրանց գոյությունը, քանի որ հակված են մտածել, որ նրանք կարող են հասնել նրան, որ կուսակցության քաղաքական գծում տեղի ունենա փոփոխություն դեպի իշխանության հետ համագործակցություն: Դրա համար պահանջում են, որ կուսակցության ղեկավարը հնարավորինս շուտ ԲՀԿ-ն ազատի նրանցից:

Հնարավո՞ր է, որ այս պատգամավորներն իսկապես դուրս գան ԲՀԿ-ից: Երեկ մենք զրուցեցինք Հարություն Ղարագյոզյանի և Գրիգորի Մարգարյանի հետ: Հարություն Ղարագյոզյանը, լսելով իրեն կուսակցությունից հեռացնելու հնարավորության մասին հարցը, շատ հստակորեն հայտարարեց. «Ես ոչ մի կարգապահական խախտում չեմ արել և կուսակցությունից դուրս գալու որևէ ցանկություն կամ մտադրություն չունեմ»: Մենք նրան հարցրեցինք, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում կուսակցության որոշ շրջանակների կողմից իրեն հեռացնելու պահանջին: «Ես նման պահանջի մասին ոչինչ չգիտեմ, դրա մասին առաջին անգամ եմ լսում և նորից ասեմ, որ ոչ մի կարգապահական խախտում չեմ կատարել»:

Իսկ Գրիգորի Մարգարյանը լսելով իրեն կուսակցությունից հեռացնելու պահանջի մասին հարցը` ասաց. «Այդ բոլորը հերյուրանքներ են: Ոչ մի պահանջ էլ չկա»: Իսկ հնարավո՞ր է, որ Գրիգորի Մարգարյանն ինքը դիմում գրի և դուրս գա ԲՀԿ-ից: «Եթե նման ցանկություն ունենամ, անպայման հայտարարություն կանեմ, որևէ մեկից չեմ ամաչում»,- ասում է պատգամավորը:

Գագիկ Ծառուկյանը դժվար թե համաձայնի կատարել կուսակցության ընդդիմադիր հատվածի պահանջը, քանի որ նա իր տեսակով ավելի մոտ է հենց Գրիգորի Մարգարյանին և Հարություն Ղարագյոզյանին և ոչ թե Վարդան Օսկանյանին կամ Ստեփան Մարգարյանին: Նա հասկանում է, որ նրանց հեռացնելով կամ նրանց հեռացումը թույլ տալով, մի օր ինքն է ստիպված լինելու հեռանալ կամ հեռացվել: Բայց, ինչպես նշեցինք, Ծառուկյանի կոմպլեմենտարիզմը սպառել է իրեն, և եթե Ծառուկյանն ընտրություն չի կատարում, ստիպված ընտրություն են կատարում նրա կուսակիցները:

Տեսանյութեր

Լրահոս