Բաժիններ՝

Տիգրան Սարգսյան. Ուրախալի է, որ տնտեսական աճի համար շարունակում է առաջնորդող լինել տնտեսության արտահանելի հատվածը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ:

Հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ,

Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր դրույթների վրա, որոնք բնութագրում են 2012 թվականի պետական բյուջեի կատարողականը:

Առաջին հերթին ես կանդրադառնամ մակրոտնտեսական միջավայրին և տարեվերջյան ցուցանիշներին: Կարևոր է ընկալելու, թե պետական բյուջեի իրականացումն ինչպիսի միջավայրում է եղել ու նաև այդ միջավայրն ինչպես է նպաստել տնտեսական աճին:

Կարդացեք նաև

2012 թ. փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության վերականգնման նախորդ տարիների միտումը տարվա ընթացքում շարունակվել է՝ հանգեցնելով մակրոտնտեսական իրավիճակի զգալի բարելավմանը: 2012 թ. արտաքին միջավայրում, այնուամենայնիվ, եթե համեմատենք 2011 թ. հետ, ապա որոշակի վատթարացում էր ապրել, քանի որ գործընկեր երկրներում գրանցվեց ավելի ցածր տնտեսական աճ, իսկ մետաղի գները միջազգային շուկաներում նվազման միտում ունեցան: Կարելի է փաստել, որ 2012 թ. տնտեսական աճի բարձր տեմպը գերազանցապես պայմանավորված է եղել ներքին տնտեսությանը բնորոշ գործոններով և կառավարության նպատակաուղղված արդյունաբերական քաղաքականությամբ: Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2012թ. գրանցվել է 7,2 տոկոս տնտեսական աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը:

Ուրախալի է, որ տնտեսական աճի համար շարունակում է առաջնորդող լինել տնտեսության արտահանելի հատվածը, թիրախ, որ կառավարությունը նպատակադրել էր 2009 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Այստեղ տեղին է հիշատակել դեռևս 2011 թ. դեկտեմբերին կառավարության կողմից հաստատված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ հաստատված գործողությունների մեկնարկը: Մենք տեսնում ենք, որ 2012 թ. այդ գործողությունների ծրագիրը տվել է դրական արդյունքներ: Մասնավորապես, տնտեսական աճին շարունակում է դրական նպաստում ունենալ 7 տոկոսային իրական աճ արձանագրած արդյունաբերության ճյուղը՝ 2012 թ. 7,2 տոկոսի մեջ ապահովելով 1,2 տոկոսը: Իր հերթին, արդյունաբերության աճին դրական նպաստում է ունեցել մշակող արդյունաբերությունը, որին բաժին է ընկել արյունաբերության բարձր աճի 1,9 տոկոսային կետը:

Հանքագործական արդյունաբերությունը ևս շարունակել է աճի բարձր տեմպերը և այդ տեմպերը կազմել են 16,7 տոկոս: Թեև մետաղների գներն այդքան էլ նպաստավոր չեն եղել ճյուղի համար, հանքագործական արդյունաբերությունն ընդհանուր արդյունաբերության աճին նպաստել է 2,7 տոկոսով: 2012 թ. արդյունքներով՝ արդյունաբերությունն էական նպաստում է ունեցել արդյունաբերության ներսում էլեկետրականության և ջրամատակարարման ավելացված արժեքի բարձր մակարդակների ապահովման գործում, և նրանք նախորդ տարվա համեմատ աճել են 9,4 և 21,7 տոկոսներով: Արդյունքում՝ 2012 թ. տարեվերջին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում կազմել է 17,2 տոկոս՝ մինչճգնաժամային 2008 թ. 13,3 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա՝ հօգուտ ավելի արտադրողական ճյուղերի: Երկրորդ ոլորտը գյուղատնտեսությունն էր, որտեղ երկրորդ տարին անընդմեջ մենք արձանագրում ենք աճի բարձր տեմպեր:

2012 թ. այն կազմել է 9,5 տոկոս և 1,9 տոկոսով նպաստել է ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշին: Ճյուղը կրել է ինչպես կառավարության կողմից նախաձեռնված գյուղատնտեսության և հատկապես բուսաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի, այնպես էլ բարենպաստ բնակլիմայական պայմանների ազդեցությունը: Մասնավորապես, կառավարությունը 2011 թ. ձեռնարկեց մի շարք ծրագրեր, վարկերի տոկոսադրույքների լայնածավալ սուբսիդավորման ծրագիրը, որի արդյունքնում 2012 թ. տրամադրվել է 14 մլրդ 760 մլն դրամի վարկային միջոց: Շնորհիվ պետական բյուջեից հատկացված 568 մլն դրամ սուբսիդիայի՝ վարկերը տրամադրվել են շուկայականից էապես ցածր՝ 8-10 տոկոս տոկոսադրույքով: Երկրորդ, պետք է նշել գյուղացիական տնտեսություններին արտոնյալ գներով պարարտանյութերի և վառելիքի մատակարարման ծրագրերը:

Պարարտանյութերի համար 2012 թ. տրամադրվել է 1 մլրդ 433 մլն դրամ սուբսիդիա, որի արդյունքում գյուղացիներին մեկ պարկը 6 հազար դրամ մատչելի գնով հատկացվել է 30 հազար տոննա ազոտական պարարտանյութ: Վառելիքի սուբսիդավորման համար տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ, ինչի արդյունքում մեկ լիտրը 350 դրամով գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 21 մլն 648 հազար լիտր դիզելային վառելիք: Ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի միջոցով 7 հազար 400 շահառուի հատկացվել է շուրջ 3 հազար 400 տոննա սերմացու: Ծրագրի իրականացման արդյունքում 2012 թ. ցորենի ցանքերի քանակն ավելացել է շուրջ 17 հազար հեկտարով: Աշնանացան ցորենի համախառն բերքը 2011 թ. կազմել է 211 հազար տոննա, իսկ 2012 թ. 234 հազար տոննա:

Հաջորդը՝ տոհմային երինջների ներկրման ծրագիրն է. 466 մլն դրամով Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 485 գլուխ տոհմային բարձր արտադրողականության երինջ և բաշխվել 24 տնտեսվարող սուբյեկտների: Վերոհիշյալ ծրագրերի իրականացման արդյունքում բուսաբուծության համախառն թողարկման իրական աճը կազմել է 14 տոկոս՝ ապահովելով գյուղատնտեսության տարեկան աճի հիմնական մասը: Այստեղ ևս պետք է փաստել, որ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային 2008 թ. 16,3 տոկոսից աճել է՝ 2012 թ. կազմելով 19 տոկոս: Ծառայությունների ոլորտում նախորդ տարվա համեմատ այս տարի ունեցել ենք աճի տեմպերի արագացում և այն կազմել է 6,5 տոկոս՝ 2011 թ. 4,7 տոկոսանոց աճի փոխարեն: Կարելի է նշել, որ վերջինս շարունակել է հանդիսանալ տնտեսության աշխուժացման շարժիչ ուժերից մեկը և 7,2 տոկոսանոց աճի մեջ նրա մասնաբաժինը կազմել է 2,5 տոկոսային կետ, ընդ որում, եթե նայենք ծառայությունների ոլորտի կառուցվածքին, ապա ամենամեծ նպաստումը ծառայությունների ոլորտի իրական աճին ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 2,4 տոկոսային կետով, իսկ վերջինս սպասարկում է նաև տնտեսության արտահանելի հատվածին:

Արդյունքում՝ ծառայությունների մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային տարվա՝ 2008 թ. 33 տոկոսի փոխարեն 2012 թ. կազմել է շուրջ 40 տոկոս: Տնտեսությունում հաշվետու տարվա ընթացքում դրական կարելի է համարել նաև այն, որ նկատվում է շինարարության ճյուղի կայունացում: Առաջին անգամ 2012 թ. մենք արձանագրեցինք, որ այն բարձր անկման տեմպերը, որ կային շինարարության ոլորտում, ոչ միայն դադարեցին, այլև մենք 2012 թ. գրանցեցինք 3,3 տոկոս աճի ցուցանիշ:

Աճին մեծապես նպաստել են բնակչության կողմից ֆինանսավորվող շինարարական ծավալները՝ արձանագրելով 26,7 տոկոս աճ: ՀՆԱ-ում շինարարության մասնաբաժինն ի տարբերություն գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտի, էապես նվազել է՝ 2-ից ավելի անգամ, 25,3 տոկոս ՀՆԱ-ի ցուցանիշից իջնելով 12,2 տոկոս ցուցանիշի: Թեև փոքր-ինչ դանդաղ, տնտեսության արտաքին հատվածում ևս դրական ձեռքբերումներ են արձանագրվել: Ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է 0,3 տոկոսային կետով, ընդ որում, 2012 թ. խթանելով արտահանելի հատվածի աճը՝ արձանագրել ենք արդյունաբերության և գյուղատնտեսական ապրանքների արտահանման ցուցանիշների բարելավում:

Արտահանման աճին նպաստել է նաև ընթացիկ հաշվի բարելավումը: Տարվա արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում աճել է՝ կազմելով 25 տոկոս, մինչճգնաժամային ցուցանիշը կազմում էր 15 տոկոս: Սա վերջին 4 տարիների ընթացքում մեր գրանցած ամենակարևորագույն արդյունքներից մեկն է: 2012 թ. հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններն իրականացվել են կոորդինացված ձևով, արդյունքում՝ մենք արձանագրել ենք 3,2 տոկոս գնաճ, որն ամբողջությամբ գտնվում է մեր կողմից թիրախավորված ցուցանիշի միջակայքում:

Ձևավորված գնաճային ցածր միջավայրին նպաստել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բարձր աճը: Հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումը եղել է բազմակողմ և միաժամանակ հավասարակշռված: Ընդ որում, մի կողմից նպատակ է դրվել չհակազդել տնտեսական վերականգնմանը, մյուս կողմից մակրոտնտեսական կայունության նպատակադրմամբ պայմանավորված ապահովել արդյունավետ պարտքի կառավարում և պակասուրդի աստիճանական կրճատում, ինչպես նաև հավաքագրել հարկային եկամուտներ՝ հիմնականում ստվերային տնտեսությունը կրճատելու ճանապարհով: Հատկանշական է, որ արձանագրվել է հարկերի հավաքագրման աննախադեպ բարձր մակարդակ՝ շուրջ 22 տոկոս, բարելավելով նախորդ տարվա մակարդակը 1,4 տոկոսային կետով:

Զուգահեռաբար գրանցվել է արտաքին պետական պարտքի մակարդակի կայունացում, իսկ պետական պարտքի կայունության խաթարման ռիսկերը միջնաժամկետ կտրվածքով այս պահի դրությամբ հավասարակշռված են: Կարևոր է նաև պետական բյուջեի ժամանակին և ամբողջական կատարումը: Այսպես, Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեով ծրագրավորված 4,2 տոկոս տնտեսական աճի պայմաններում ծրագրավորվել էր ստանալ 911 մլրդ դրամի եկամուտներ, որից 895 մլրդ դրամը սեփական եկամուտների, իսկ 16 մլրդ դրամն արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով:

Հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված ճշգրտումները՝ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո՝ 33 մլրդ դրամով, այսինքն՝ 3,6 տոկոսով մենք ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը և այն կազմել է 944 մլրդ դրամ, որից 922 մլրդ դրամը սեփական եկամուտների հաշվին, իսկ 22 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհների գծով: Հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների տարեկան ծրագիրը կատարվել է հարյուր տոկոսով: 2012թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է 93,4 տոկոս կամ 1 տրիլիոն 6 մլրդ դրամ:

Շեղումը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսած միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ, ինչպես նաև այն մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով: 2012թ. սոցիալական պաշտպանության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները շարունակվեցին և խորացան: 2011թ. նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը բարձրացվել էր նախկին 10500 դրամի փոխարեն` կազմելով 13000 դրամ: 2012թ. առաջին անգամ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման նպատակով մենք ծախսել ենք 12 մլրդ դրամ: Շուրջ 4 մլրդ դրամ է հատկացվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով: 2012թ. պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 2 տոկոսը` 19 մլրդ դրամ, այս աճի պայմաններում, սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորումն արձանագրել է զգալի աճ`13,9 տոկոս կամ 35 մլրդ դրամ, որը հիմնականում պայմանավորված է պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթի հատկացմամբ, կենսաթոշակների, նպաստների, միանվագ դրամական օգնությունների ծավալների աճով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության տրամադրված վարկային միջոցների հաշվին, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով միջոցների հատկացմամբ:

Արդյունքում` սոցիալական պաշտպանության ծախսերի բաժինը համախառն ներքին արդյունքում 2012թ. 1,1 տոկոսային կետով գերազանցել է կառավարության ծրագրով ամրագրված թիրախը, և այն այսօր համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է 7,3 տոկոս: Կրթության և առողջապահության ոլորտում 2012թ. ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացում է տեղի ունեցել. այսինքն`ֆինանսավորման պահպանման կամ որոշակի նվազեցման շրջանակներում հիմնականում շեշտադրում է եղել ծառայությունների որակի և մատչելիության արդյունքների բարձրացման ուղղությամբ: Պետբյուջեի միջոցներից պետպատվերի շրջանակներում միայն 2012թ. առողջապահական օգնություն է ստացել 293 հազար քաղաքացի:

Մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության շրջանակներում 52 հազար երեխա ստացել է առողջապահական խնամք: 2012թ. ենթակառուցվածքներում կատարված ներդրումների տեսանկյունից առանձնահատուկ են ճանապարհային տնտեսությանը հատկացված միջոցները: Այս ոլորտին պետբյուջեից տրամադրվել է 29 մլրդ դրամ, որը 19 տոկոսով ավելի է 2011թ. ցուցանիշից: 2012թ. ընթացքում վերանորոգվել և կառուցվելէ 182 կմ ճանապարհ: 2012թ. սեպտեմբերին մեկնարկել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացումը, և արդեն իսկ 2012թ. ծախսվել է 7 մլրդ դրամ:

Կառավարության կողմից իրականացվել է շուրջ 15 մլրդ դրամի խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ոլորտի կապիտալ շինարարություն:

Արդյունքում նորոգվել և կառուցվել է 178 կմ խմելու և կոյուղու ջրագիծ, 60 խմելու ջրի պոմպակայան, 10 խմելու ջրի ջրամբար, 75 կմ ոռոգման ջրագիծ և ջրատար, 30 ոռոգման ջրի պոմպակայան, 5 ոռոգման ջրի ջրամբար, 44 կմ դրենաժ, 31 կմ մայր ջրանցք: Հաջորդ կետը դա գործարար միջավայրի բարեփոխումների խնդիրն էր: 2012թ. ցուցանիշը, որը մենք արձանագրել ենք, դա Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» 2013 թ. զեկույցն է, որով Հայաստանի վարկանիշը բարելավվել է 18 կետով, և այսօր մենք զբաղեցնում ենք 185 երկրների շարքում 32-րդ տեղը: Բարեփոխումները ներառել են հետևյալ ոլորտները` բիզնես սկսելու գործընթացի պարզեցում և բարելավում, հարկային և մաքսային վարչարարության մեջ էլեկտրոնային հաշվետվության ներդրում, ինչպես նաև հաշվետվությունների և վճարումների հաճախականության կրճատում, շինարարական թույլտվությունների ստացման պարզեցում, էլեկտրականության միացման գործընթացների և ժամկետների կրճատում և պարզեցում, սեփականության գրանցման պարզեցում, վարկերի ստացման գործընթացի պարզեցում, ներդրողների պաշտպանվածություն, կազմակերպությունների լուծարման և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու գործընթացի պարզեցում:

2012թ. շարունակվել են պետական կառավարման մարմիններում ներքին աուդիտի ներդրման աշխատանքները և այս պահի դրությամբ արդեն 52 պետական կառավարման մարմիններում և Երևան քաղաքում ներդրվել է ներքին հսկողության համակարգ: 2012թ. սկսվել է կառավարությանն անընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլեկտրոնային կառավարման «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրումը:

Այսօր կադաստրի համակարգում գործարքը գրանցվում է առավելագույնը 3 օրում`նախկինում նվազագույնը 7 օրվա փոխարեն: 2012թ. գործարկել ենք նաև պետական բոլոր վճարների էլեկտրոնային եղանակով վճարումների իրականացման համակարգը:

Այսպես, արդեն 2012թ. 2500 քաղաքացի իր պետական տուրքը կամ վճարումն իրականացրել է ոչ թե որևիցե բանկի, այլ հեռախոսի կամ համացանցի միջոցով: Սա շատ հեռանկարային համակարգ է, և 2013թ. ակնկալում ենք, որ ծավալները կտրուկ կաճեն: 2012թ. գործարկվել է նաև կառավարությանն առընթեր Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Համակարգի ներդրման արդյունքում այսօր ավտոմեքենայի գրանցումը միջինում փաստացի տևում է 24 րոպե, իսկ քաղաքացիները հնարավորություն են ստացել վարորդական իրավունքի վկայականներ ստանալիս չներկայացնել բազմաթիվ տեղեկանքներ: 2012թ.-ից սկսվել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի տրամադրումը:

Արդեն իսկ տրամադրվել է 60 հազար նույնականացման քարտ: Վերջիններս հետագայում կփոխարինեն ինչպես վարորդական վկայականներին, այնպես էլ առողջապական ապահովագրական քարտերին: Կառավարությունը հետագայում նույնպես հետևողականորեն ընդլայնելու է էլեկտրոնային կառավարման գործիքակազմը և արդեն իսկ քննարկվել են մի շարք կարևորագույն ծրագրեր, ինչպիսիք են` քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային հյուպատոսության համակարգ, էլեկտրոնային առողջապահության համակարգ, վիճակագրական հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ և այլն: Այս աշխատանքները մեկնարկել են 2012թ.-ին: 2012 թ. պետական բյուջեն կատարվել է 59 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 132 մլրդ դրամի 45 տոկոսը:

Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը 2012թ. կազմել է 1,5 տոկոս` ծրագրավորված 3,1 տոկոսի փոխարեն: Իսկ 2011թ., հիշեցնեմ, որ այն կազմում էր 2,8 տոկոս: 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 508 մլրդ դրամ կամ 3 մլրդ 738 մլն դոլար, դա կազմում է ՀՆԱ-ի 37,7 տոկոսը` 2011թ. 1 տրիլիոն 376 մլրդ դրամի կամ 3 մլրդ 568 մլն դոլարի փոխարեն: Այս պարտքի 594 մլն դոլարը Կենտրոնական բանկի վարկային պարտավորություններն են, և 254 մլն դրամը դա ներքին պետական պարտքի անվանական արժեքն է:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով ելույթս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովին, քանի որ ծրագրի իրականացմանն էապես նպաստել են այն օրենքները, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից և այն համատեղ աշխատանքը, որ մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք: Իմ գործընկերներն ավելի մանրամասն, ըստ ճյուղերի, կներկայացնեն ծրագրերը, որոնք մենք իրականացրել ենք 2012թ. և կպատասխանեն ձեր հարցերին:

Շնորհակալություն:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս