Բաժիններ՝

5000 դոլարով՝ ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում

Բրենդի պատմություն

Այսօր «Հիլթոն» բառը նույնականացվում է փողերն աջ ու ձախ վատնող մի աղջկա հետ, սակայն իրականում Հիլթոնը հյուրանոցային լեգենդ է, որը ժամանակին ցնցել է ողջ աշխարհը: Թեև այսօր այդ հյուրանոցային ցանցի գործերն այդքան էլ հաջող չեն ընթանում, սակայն մեկ դար առաջ դրա հիմնադիր Քոնրադ Հիլթոնը կարողացավ նոր խոսք ասել աշխարհին:

Նա առաջինն էր, ով աստղերով գնահատելու համակարգը մտցրեց հյուրանոցային ոլորտում: Ամենավատ հյուրանոցներն ունեն մեկ աստղ, լավագույնները՝ 5-ը: Բացի այդ, Քոնրադը համատեղեց հյուրանոցները ռեստորանների և խաղատների հետ: Իսկ այդ ամենը սկսվեց հյուրանոցային բիզնեսի լեգենդի նման:

Քոնրադ Հիլթոնը ծնվել է 1887թ. դեկտեմբերի 25-ին: Ընտանիքում նա 8-րդ երեխան էր: Հայրը՝ Ավգուստ Հիլթոնը, փոքր բիզնեսով էր զբաղվում. նպարեղենի խանութ ուներ: Վերջինս Հիլթոններին մեծ եկամուտ չէր ապահովում, բայց բավարարում էր, որպեսզի ընտանիքը սոված չմնար, և Քոնրադը հեշտությամբ բարձրագույն կրթություն ստանար: Նա մասնագիտությամբ ճարտարագետ էր, բայց դեռ վաղուց երազում էր բանկային կառավարչի պաշտոնի մասին:

Conrad-N.-Hilton-007

1917թ. Քոնրադը կամավոր մեկնում է պատերազմ: Մեկուկես տարի անց վերադառնալով՝ իմանում է, որ հայրը մահացել է ավտովթարից, և ինքը ստիպված է ինքնուրույն գումար վաստակել: Սկսում է զբաղվել իր երազած աշխատանքով՝ բանկային գործով: Սակայն այս ասպարեզում անհաջողությունները հետապնդում են երիտասարդին: 31 տարեկան հասակում նա իր դրամապանակում ուներ ընդամենը 5000 դոլար, իսկ բանկային հաջողություններն այդպես էլ երազանք մնացին:

1919թ. հետաքրքիր և ճակատագրական իրադարձություն է տեղի ունենում Հիլթոնի կյանքում: Մեկնելով Սիսկո (Տեխաս նահանգ)՝ նա հանգրվանում է փոքրիկ Mobley հյուրանոցում: Քոնրադն անմիջապես նկատում է հյուրանոցային սենյակի համար «կռիվ տվող» մարդկանց հերթը: Սակայն ազատ տեղեր չկային, իսկ հյուրանոցի տերն այնքան էր հոգնել իր աշխատանքից, որ չէր էլ մտածում բիզնեսն ընդլայնելու մասին: Իսկ մարդիկ ստիպված այլ հյուրանոցներ էին փնտրում: Հենց այստեղ էլ Քոնրադը հայտնվում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:

mobley

Նա գնում է Mobley հյուրանոցը և սկսում է բարելավել այն: Սկզբում ավելացնում է հյուրանոցային համարները, որպեսզի հերթեր չգոյանան: Այնուհետև որոշում է հաճախորդների հաշվին լրացուցիչ գումարներ վաստակել՝ նրանց առաջարկելով այլ ծառայություններ ու ապրանքներ: Օրինակ, հյուրանոցի սրահում փոքր ցուցափեղկեր է տեղադրում՝ վաճառելով տարաբնույթ ապրանքներ՝ թերթեր, ամսագրեր, հիգիենայի պարագաներ և այլն: Արդյունքում, յուրաքանչյուր ցուցափեղկը Քոնրադին ամսական 8000 դոլարի եկամուտ է ապահովում:

Երիտասարդի հաջողություններով զարմացած էր նույնիսկ սեփական ընտանիքը: Մեկ տարի անց Քոնրադը գնում է իր երկրորդ հյուրանոցը Ֆորտ-Նորտում, իսկ հետո՝ ևս մի քանիսը: 5 տարվա ընթացքում՝  մինչև 1924թ., նա իր բոլոր հյուրանոցներում արդեն 350 համար ուներ: Նա հասել էր այնպիսի կետի, որ ֆինանսները հնարավորություն էին տալիս կառուցել սեփական հյուրանոցը:

1925թ. օգոստոսի 2-ին տեղի է ունենում այդ տարիների համար ցնցող Dallas Hilton շքեղ հյուրանոցի բացման արարողությունը: Դրանից մեկ տարի անց 38-ամյա Քոնրադ Հիլթոնն ամուսնանում է Մարիա Բերոնի հետ (իհարկե, դրանից հետո ամուսնալուծվում է և ամուսնանում է ևս երկու անգամ): Հիլթոնների համար ծաղկուն ժամանակահատված էր դա: Սակայն մի քանի տարի անց սկսվեց տնտեսական մեծ ճգնաժամը, որն ուղղակիորեն հարվածեց հյուրանոցային բիզնեսին. մարդիկ սկսեցին քիչ ճանապարհորդել:

1930-ականների սկզբին ամերիկյան հյուրանոցային ընկերությունների 80%-ը սնանկացավ: Քոնրադ Հիլթոնը ստիպված էր վաճառել իր հյուրանոցները, սակայն Մեծ ճգնաժամի ավարտից հետո Hilton Hotels հյուրանոցների նոր սեփականատերերը Քոնրադին հրավիրեցին կառավարելու իրենց բիզնեսը. նույնիսկ պատրաստ էին կրկին վերադարձնել դրանք Հիլթոնին: Այդպիսով, Քոնրադը հետզհետե ետ գնեց իր հյուրանոցները: 1949թ. նա ձեռք բերեց Նյու Յորքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը՝ Waldorf-Astoria-ն, իսկ Պուերտո Ռիկոյում բացեց առաջին Hilton հյուրանոցը ԱՄՆ սահմաններից դուրս:

1954թ. Քոնրադը ցնցեց ողջ ֆինանսական աշխարհը՝ իրականացնելով ԱՄՆ պատմութան խոշորագույն գործարքը. 111 մլն դոլարով նա գնեց Statler Hotels ընկերությունը՝ Hilton-ի ամենախոշոր մրցակցին: Այդպիսի ձեռքբերումը հնարավոր եղավ այն բանի շնորհիվ, որ  Հիլթոնի ընկերությունը մեծ ճանաչում ուներ, և Քոնրադը լրացուցիչ ֆինանսավորում էր ստանում այլ ներդրողներից: Այդ պահին Քոնրադը երկու ընկերության սեփականատեր էր.  Hilton Hotels-ը զբաղվում էր ԱՄՆ հյուրանոցներով, իսկ Hilton International-ը՝ միջազգային բիզնեսով: Հիլթոնն իր հաջողությունները հեշտությամբ էր բացատրում. թե՛ մեծահարուստները և թե՛ միջին խավը Hilton հյուրանոցներն ընտրում էին հարմարավետության համար: Նախ՝ հենց Hilton հյուրանոցների սրահներում առաջին անգամ հայտնվեցին կրպակները, համարներում տեղադրվեցին օդորակիչներ, մուտքի դռները դարձան ավտոմատ կառավարմամբ: Բացի այդ, ընկերությունը հյուրանոցներ էր կառուցում օդանավակայաններին և նավահանգիստներին հնարավորինս մոտ՝ այդպիսով հաճախորդներին առաջարկելով հատուկ տուրիստական փաթեթներ: Եվ վերջապես, հենց Hilton հյուրանոցներում առաջին անգամ ներդրվեց հաճախորդների պարգևատրման հատուկ համակարգը:

Hilton-Hotel

1966թ. Քոնրադ Հիլթոնը հեռացավ բիզնեսից՝ դրա կառավարումը թողնելով իր որդի Բարոնին, իսկ ինքը սկսեց գրել իր ինքնակենսագրական գիրքը՝ «Եղիր իմ հյուրը»: Միաժամանակ նա ստեղծեց Hilton Foundation բարեգործական հիմնադրամը, որին էլ կտակեց իր ունեցվածքը: Քոնրադ Հիլթոնը մահացել է 1979թ. Դալլասում:

barron_hilton

Բարոն Հիլթոնին հաջողվեց դատական կարգով իրավունք ձեռք բերել հոր ժառանգության նկատմամբ: Իհարկե, դրա համար նրանից պահանջվեց 9 տարի (Քոնրադը 8 զավակ և մոտ 100 թոռ ուներ): Բարոնը հաջությամբ էր կառավարում հյուրանոցային բիզնեսը, որում մի քանի առանցքային փոփոխություններ իրականացրեց: Օրինակ, ընկերությունն անցավ ֆրանչայզինգի մոդելին:

Բացի այս ամենից, հարկ է նշել ևս մի կարևոր փաստ Hilton հյուրանոցների պատմության մեջ՝ հյուրանոցների և կազինոների միաձուլումը: Առաջին հյուրանոց-կազինոները հայտնվեցին 1960-ականներին Լաս Վեգասում: Դա բավական համարձակ քայլ էր համարվում Քոնրադ Հիլթոնի կողմից:

Այժմ Hilton հյուրանոցների գործերը, մեղմ ասած, լավ չեն ընթանում: Եկամուտները պարբերաբար նվազում են, իսկ ինտերնետով Hilton բառը որոնելիս ավելի շատ ինֆորմացիա ես ստանում ոչ թե լեգենդար հյուրանոցների, այլ շոու-բիզնեսի աղմկահարույց աստղ Փերիս Հիլթոնի մասին, ով այսօր «օդից» այնքան փող է վաստակում, որ իր պապերը կարող էին միայն երազել: Այնուամենայնիվ, Քոնրադ Հիլթոնի «Եղիր իմ հյուրը» գիրքն այսօր էլ շարունակում է մնալ հյուրանոցային բիզնեսով զբաղվողների ամենասիրած և կարևոր աշխատությունը:

Paris+Hilton+takes+grandfather+William+Barron+lWslIPpT_-Wl00

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս