Շոտլանդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Շոտլանդիայի խորհրդարանի կայքի (http://www.scottish.parliament.uk) փոխանցմամբ՝ Շոտլանդիայի խորհրդարանն ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Բանաձևի նախագիծը ներկայացրել է պատգամավոր Մարկո Բիագիանին, բանաձևի օգտին քվեարկել է 65 պատգամավոր: Բանաձևը խորհրդարանին էր ներկայացվել այս տարվա ապրիլի 18-ին՝ ապրիլի 24-ին ընդառաջ:

Բանաձևում նշված է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության կառավարությունը ձերբակալել է հայ մտավորականությանը, ինչը սովորաբար համարվում է բռնի տեղահանման ու աքսորի սկիզբը, որոնք հանգեցրին հետագա 8 տարիներին համակարգված ցեղասպանության ու հարյուր հազարավոր հայերի մահվան:

Բանաձևում ասվում է, որ հայ ժողովրդի աղետը յուրաքանչյուր ազգի ստիպում է կանգ առնել, մտածել ու հիշել բոլորին, ով դարձավ ցեղասպանության կամ ցեղասպանության փորձի զոհ, և այդ ու մյուս բոլոր ցեղասպանությունները ճանաչում է աղետ, որոնք երբեք չպետք է կրկնվեն աշխարհի ցանկացած կետում:

Տեսանյութեր

Լրահոս