Բաժիններ՝

Խաչիկյանը: Միայն Խաչիկյանը և ոչ ոք Խաչիկյանից բացի

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատավարությունը լուսաբանվում է նախանձելի հետևողականությամբ: Հենց Վազգեն Խաչիկյանի շնորհիվ (և ոչ թե պատճառով) պետության առաջին դեմքերը հիանալի հնարավորություն ունեն առանց երկար մտածելու պատասխանել «Ինչպե՞ս է պետությունը պայքարում կոռուպցիայի դեմ» հարցին: Նրանք ցուցամատը պարզում են Խաչիկյանի ուղղությամբ, և այս դեպքում բառերն էլ ավելորդ են: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Խաչիկյանը փորձել է ընդամենն արդարությունը վերականգնել. եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչո՞ւ չեն կարող թոշակ ստանալ: Ճշմարտությունն ընկալվեց` որպես սրամտություն: Ծիծաղեցին, անցավ:

Արտագաղթի թեմային զուգընթաց` կոռուպցիայի դեմ պայքարը ևս իշխանությունները ներառում են զանազան ծրագրերում, այն տեղ է գտնում թիրախային խնդիրների լավագույն հորիզոնականներում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, եթե կուզեք, այս պահին Հայաստանի համար ամենևին էլ ակտուալ չէ: Ինչի՞ է պետք կոռուպցիայի դեմ պայքարի ֆարսը, երբ գործնականում գողանում են բոլորը: Ի՞նչ կարիք կա անվերջ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, եթե հայտնի է, որ այն գողերին, որոնց պաշտոնների է նշանակել է Սերժ Սարգսյանը կամ նրա մերձավորներից որևէ մեկը, ձերբակալել հնարավոր չէ և ոչ մի դեպքում: Հակառակը, պրոբլեմներ կարող է ունենալ նա, ով մատնանշի պետական չինովնիկի անազնվությունը:

Գործում է փակ շղթա. մի կողմից` ընդունված է կարծել, որ հասարակությունը պահանջում է կոռումպացված չինովնիկների արյունը, հետևաբար` իշխանությունները որոշում են` նրանց դեմ պետք է պայքարել: Մյուս կողմից` երկրի ղեկավարի կամ նրա մերձավորների համար կոռուպցիայի դեմ պայքարել` նշանակում է` պայքարել սեփական շրջապատի, հարազատների դեմ: Իսկ դա, հասկանալի է, հավանական է նույնքան, որքան հավանական է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ռուսերեն սովորի: Այսինքն` գրեթե անհավանական է:

Կոռուպցիան երկիրը տանում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ճգնաժամի: Հետևաբար, կոռուպցիոներներին չեն սիրում բոլորը, բայց բանավոր խոսքում: Մարդիկ պարզապես չեն սիրում տարեցտարի հարստացող և բոլորիս աչքի առաջ առավել հանդուգն դարձող չինովնիկներին: Չեն սիրում չինովնիկներին սպասարկող մեքենաների կորտեժները, նոր ավտոմեքենաներն ու շքեղ առանձնատները:

Երևանի քաղաքապետ դարձած Տարոն Մարգարյանն, օրինակ, իր հարստությունը չթաքցնելու անզգուշություն էր ունեցել` արժանանալով բոլոր հնարավոր լուտանքներին: Սակայն, անկեղծ լինենք, «Որտեղի՞ց այդքան հարստություն» հարցը ամենևին չազդեց շատերի ընտրության վրա: Ընտրողներն իրենք էլ դեմ չէին լինի ունենալ այն ամենն, ինչ ունի Տարոն Մարգարյանը:

Ընդ որում` ճիշտ նույն, այսինքն` անհայտ ճանապարհով: Սակայն կաշառք ստանալու քաղցրությունն իշխանական էլիտան հնարավորություն է տալիս զգալ նաև լյումպենին, ընտրությունների ժամանակ: Քեզ համար նստած ես, ու ինչ-որ մեկը պարզում է թող որ ընդամենը 10.000 դրամ: Ընդ որում, աննշան մի ծառայության` գրիչով V նկարելու համար…

Կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը դատապարտված են: Մայրաքաղաքի փողոցներում ճանապարհային ոստիկանները վախեցնելու չափ շատ են: Սակայն նրանց նույն քանակությունն էլ տեղակայված է հանրապետական նշանակության մայրուղիներում: Աշտարակ-Գյումրի ճանապարհով, թերևս, շատերն են երթևեկում: Լայն, ազատ ճանապարհ է, վարում ես մեքենան 80 կմ ժամ արագությամբ: Աշտարակի կամուրջի վրա դրված է 50 կմ ժամ արագության նշանը: Մի փոքր հեռու ճանապարհը քանդված է, ընդ որում` արդեն երկար ժամանակ է: Այդտեղ կա նշան, որն ազդարարում է` սահմանված է 30 կմ ժամ արագություն: Այդտեղ ոչ մի ոստիկան չկա: Նրանք 40 կամ 35 կմ ժամ արագությամբ վարող տարաբախտ վարորդներին սպասում են ճանապարհի վերջին:

«Ավարն» այնքան շատ է, այսինքն` այնքան շատ մեքենաներ են միանգամից կանգնած սպասում տուգանվելուն, որ ոստիկանները պարզապես չեն հասցնում կանգնեցնել բոլոր կարգազանցներին: Այսինքն` անխտիր բոլոր վարորդներին: Ճանապարհային ոստիկանի հետ երկխոսությունը ծանոթ է բոլոր վարորդներին, չերկարացնեմ: Ինչ-որ մեկը կարող է պնդել, որ սա կոռուպցիա չէ՞:
«Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ահռելի ունեցվածքի ծագումը քննելու հայտով դիմել էր բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով: Հասկանալի է` հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրել էր հայցն ու եզրակացրել, որ ՊԵԿ ղեկավարի և հայցադիմումում նշված բազմաթիվ ընկերությունների շահերը չեն բախվում:

Հայ ազգային կոնգրեսը` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, Գլխավոր դատախազություն էր դիմել` քննելու Տ. Մարգարյանի ահռելի ունեցվածքի պարադոքսը: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողին ուղղակի ասել էր. «Ոչի՞նչ, որ ինքն Անդրանիկ Մարգարյանի տղան է: Ինչի՞ եք ուզում ամեն բան բարդեք այդ երիտասարդ մարդու գլխին: Ինչի՞ համար: Ես դա անարդար եմ համարում»:

Կոռուպցիան մեր երկրում ունի իր առավելությունները. այն բավականին հեշտացնում է մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքը: Պատկերացնո՞ւմ եք, գործ ունենալ մարազմատիկ համակարգի` պետական ապարատի հետ, որը` դրան գումարած` նաև անկաշառ է: Այնպես որ, ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ կոռուպցիայի հետ մեր հայրենակիցները հաշտվել են, և կոռուպցիայի դեմ լավ է չպայքարել, քան պայքարել այնպես, ինչպես հիմա. երբ մեղադրյալի աթոռին Խաչիկյանն է: Միայն Խաչիկյանը: Եվ ոչ ոք` Խաչիկյանից բացի:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս